Շինարարական մեքենաներ, շինարարական աշխատանքների կատարման համար նախատեսված մեքենաներ։ Ըստ նշանակման տարբերում են նախապատրաստական, հողային, ճանապարհային, հորատման, ցից խփող, ամրանային, բետոնային, տանիքածածկման, հարդարման և այլ աշխատանքների շինարարական մեքենաներ։ Նախապատրաստական աշխատանքները (գրունտի փխրեցում, թփերից, ծառերից, քարերից տարածքի մաքրում) կատարում են փխրիչներով, թփահատներով, արմատահան մեքենաներով։ Հողային աշխատանքներում, կախված մշակվող գրունտի բնույթից և աշխատանքի տեսակից, օգտագործում են միա և բազմաշերեփ էքսկավատորներ, առվափորիչներ, միաշերեփ բեռնիչներ, հիդրոմեքենայացման միջոցներ։ Հողաթմբերի գրունտների և ճանապարհների հիմնատակերի ամրացման համար կիրառում են թրթռագլդոններ և ճանապարհային գլդոններ, տոփանող մեքենաներ։ Ճանապարհաշինական աշխատանքներում կիրառում են նախապատրաստական աշխատանքների մեքենաներ, հողափոր մեքենաներ, իսկ ճանապարհների և օդանավակայանների ծածկերի ու հիմնատակերի պատրաստման համար՝ մասնագիտացված ճանապարհային մեքենաներ, երկաթուղու շինարարությունում՝ ռելսակոճային վանդակների տեղադրման, բալաստի լցման և այլ աշխատանքների համար՝ ճանապարհաշինական մեքենաներ։ Հորատման աշխատանքները (ամուր գրունտների մշակում, ոչ հանքային շինանյութերի հանույթ, ցցերի տեղադրման համար հորանցքերի փորում, պայթուցիկ նյութերի լցում և այլն) կատարվում են հորատող մեքենաներով։ Ցցախփման աշխատանքները, հիմնատակերի սարքավորման և հիմքերի լցման ժամանակ, կատարվում են ցցախփիչ սարքավորումներով, այդ թվում՝ դիզել-մուրճերով, շոգեօդային մուրճերով, թրթռաընկղմիչներով։ Ցցի բարձրացումը և ցցախփիչ սարքավորման ուղղորդումը աշխատանքի ժամանակ իրականացվում է շինարարական ցցահարներով։ Բետոնային աշխատանքները կատարվում են հատուկ մեքենաների և ագրեգատների օգնությամբ։ Բետոնային խառնուրդների պատրաստման համար օգտագործում են դոզատորներ, բետոնախառնիչներ, իսկ խտացման համար՝ թրթռիչներ։ Տանիքածածկման աշխատանքներն իրականացվում են փաթթոցային նյութերը մաքրող, վերափաթաթող, դրանք գրտնակող և կպցնող տանիքածածկման մեքենաներով։ Դրվագման (հարդարման) աշխատանքներում կիրառում են սվաղման-հարթման, խճանկարապատման, մանրահատակահղկման մեքենաներ, մածիկի քսման սարքավորումներ, ներկատրորիչներ, ներկապուլտեր, ատրճանակ-ներկափողարարներ։ Շինարարական մեքենաներից բացի, շինարարության մեջ կիրառվում են մեքենայացման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ամբարձիչ կռունկները, վերամբարձ-տրանսպորտային մեքենաները (գլխավորապես մոնտաժային աշխատանքների համար), բեռնիչները, բեռնաթափիչները, կոնվեյերները, բեռնատար ավտոմոբիլները, տրակտորները, քարշակները և այլն, ինչպես նաև ձեռքի գործիքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 501