Շիմպանզեի ինտելեկտը կենդանիների բոլոր տեսակների ինտելեկտներից ամենաշատ ուսումնասիրվածն է։ Ըստ նորագույն հետազոտությունների՝ նրանց գենետիկ տվյալները համընկնում են մարդկային տվյալների հետ 98,7 %-ով։ Շիմպանզեները գենետիկորեն այնքան մոտ են մարդուն, որ մի ժամանակ նույնիսկ առաջարկվում էր շիմպանզեներին դասել մարդկանց կարգին'[1]։

Չնայած շիմպանզեները չեն կարողանում խոսել իրենց ձայնային ապարատի կառուցվածքի պատճառով, նրանք ընդունակ են հաղորդակցվել ձեռքերով՝ համր մարդկանց լեզվով (ժեստերի լեզվով)։ Նրանք ի վիճակի են բառեր օգտագործել փոխաբերական իմաստով, կարող են ստեղծել նոր հասկացություններ՝ համադրելով արդեն իրենց հայտնի բառեր. օրինակ՝ «կրակայրիչ»՝ «շիշ-լուցկի», նրանք ունեն հումորի զգացում։ Առաջին անգամ շիմպանզեին սովորեցրել են խոսել ժեստերի լեզվով 1967 թվականին, իսկ 1972 թվականին արդեն տասնյակ շիմպանզեներ սովորել էին ժեստերի լեզուն։ Մտածվել են նաև այլ լեզուներ շիմպանզեների հաղորդակցության համար, ինչպիսիք են սիմվոլների լեզուն և երկիշը։ Կանզի անունով էգ շիմպանզեի հաջողվել է հասկանալ և սովորել անգլերեն 3000 բառեր և ակտիվորեն օգտագործել դրանցից ավելի քան 500-ը լեքսիգրամային ստեղնաշարի օգնությամբ։ Նկարագրվում է դեպք, երբ բոնոբո տեսակի էգ շիմպանզե ինքն է սովորեցրել իր ձագին ժեստերի լեզուն։

Բնության մեջ շիմպանզեներն ի վիճակի են օգտագործել աշխատանքային գործիքներ։ Նրանք ձողեր են օգտագործում մրջյուններ և միջատներ բռնելու, մեղր հավաքելու համար, օգտագործում են քարեր ընկույզ կոտրելու, մրգեր, բանջարեղեն կտրելու համար։ Նրանք ի վիճակի են նաև ստեղծել աշխատանքային գործիքներ։ Շիմպանզեները կարող են օգտագործել աշխատանքային երկու գործիքներ միաժամանակ։ Բացի աշխատանքային գործիքներից, շիմպանզեները բներ են կառուցում, որտեղ կարող են ապրել խմբերով։

2014 թվականին գիտնականները հետազոտություն են անցկացրել, ինչի արդյունքում որոշել են, որ շիմպանզեների մտավոր կարողությունները կախված են գեներից։ 99 շիմպանզեների վրա կատարված ինտելեկտուալ թեստերի արդյունքում հաջողվել է պարզել, որ g ֆակտորը 52.2% դեպքերում կախված է գեներից։ Ամենից շատ ժառանգականությունը ազդում է տարածական և հաղորդակցման հմտությունների վրա, ինչը կապված է այն փաստի հետ, որ նշված կարողությունները կարևոր են ուտելիքի որոնման և խմբում խնդիրների լուծման համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել