«Պարգևողը» (անգլ.՝ The Giver) 1993 թվականին հրատարակված հակաուտոպիական վեպ է, որի հեղինակն է Լոիս Լոուրիին։ Այն արժանացել է 1994 թվականի "Նյուբերի" մեդալին և վաճառվել է ավելի քան 12 միլիոն օրինակով 1:

Գիրքը նախատեսված է 12-ից բարձր տարիքի դեռահասների համար։

Գիրքը պատմում է տասներկու տարեկան Ջոնասի մասին, որն ապրում է մի հասարակությունում, որտեղ չկան հուշեր, ցավ և տխրություն, որտեղ ամեն ինչ կանխորոշված է և իր համար արդեն ընտրված՝  ծնողներից սկսած մինչև ապագա աշխատանքը։ Երբ Ջոնասին ընտրում են որպես համայնքի «Հիշողություն ստացող», նա սկսում է ծանոթանալ վաղեմի անցյալի հետ և հասկանում, որ ցավալի հուշերի հետ մեկտեղ նրան զրկել են նաև գեղեցիկ հիշողություններից, հույզերից և սիրուց։ Այդ պահից Ջոնասն առաջին անգամ կյանքում սկսում է ինքնուրույն մտածել, հարցեր տալ և, ի վերջո, փորձում է ելք գտնել։

«Պարգևողը» վեպի հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը, թարգմանիչ՝ Մարիա Սադոյան։

Բովանդակություն խմբագրել

Ջոնասը երիտասարդ տղա է, ով ապրում է ապագայի՝ իդեալական և մաքսիմալ կերպով զարգացած, քաղաքակիրթ հասարակության մեջ։ Նրա աշխարհում չկան մարդկային աչքին սովոր գույներ, կենդանիներ և նույնիսկ հիշողություններ։ Այստեղ ամեն մարդու համար հաստատված է կարգ ու կանոն, ըստ որի նա պետք է ապրի՝ առանց ընտրության որևէ հնարավորության։ Չնայած այս ամենին, մարդիկ այստեղ ապրում են խաղաղության և համաձայնության մեջ, որովհետև չգիտեն էլ, որ ամեն ինչ կարող է նաև այլ կերպ լինել։ Ջոնասը, Աշերը և Ֆիոնան մոտիկ ընկերներ են և անհամբեր սպասում են, թե երբ է Գերագույն խորհուրդը հայտարարելու նրանց մասնագիտությունները (նրանց մասնագիտությունները նույնպես որոշվում է նախօրոք)։ Վերջապես գալիս է այն օրը, երբ պետք է հայտարարվեին մասնագիտությունները։ Հայտարարվում են բոլորի անունները՝ բացի Ջոնասի անունից։ Գերագույն խորհուրդը որոշել է Ջոնասին նշանակել Հիշողությունների պահող և որոշում են ուղարկել Հիշողությունների նախկին պահողի մոտ, որպեսզի նա ծանոթացնի տղային այդ գործի նրբությունների հետ և փոխանցի մարդկության պատմության բոլոր հիշողությունները։

Հիշողությունները փոխանցելու սկզբնական շրջանում Ջոնասը քիչ-քիչ սկսում է տեսնել գույները, ստանում է տեղեկություններ կենդանիների, թռչունների, բնության եղանակների մասին։ Ջոնասն ուզում է պատմել ընկերներին իր տպավորությունների մասին, սակայն Հիշողություններ պահողը իրավունք չունի պատմելու հիշողությունների մասին սովորական մարդկանց։ Աստիճանաբար տղան ստանում է տեղեկություններ նաև այն վատ և արատավոր արարքների մասին, որոնք գործել էր մարդ արարածը. պատերազմներ, սպանություններ, ցեղասպանություն։ Տղան ապշած է, թե ինչպես կարող էր մարդ արարածը այդքան դաժան լինել։ Ջոնասի հարցին, թե ինչու են իրենցից թաքցնում այդ ամենը, ուսուցիչը պատասխանում է, որ տղան կարող է փոխել ամեն ինչ և բացել մարդկանց աչքերը։ Տղան կանգնում է բարդ ընտրության առաջ՝ բացահայտել ճշմարտությունը, թե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։

Գրախոսություն խմբագրել

«Պարգևողը» տասնամյակներ շարունակ դասվում է դեռահասների համար գրված լավագույն գրքերի շարքին, այդ պատճառով ընդգրկված է ԱՄՆ դպրոցների ուսումնական ծրագրերում։ Այն հաճախ դառնում է գրքասերների ակումբներում քննարկումների առարկա։

Արտաքին հղումներ խմբագրել