Բացել գլխավոր ցանկը

Նորածինների ծննդաբերական վնասվածքներ

Նորածինների ծննդաբերական վնասվածքներ, պտղի օրգանների և հյուսվածքների վնասումները՝ ծննդաբերության ընթացքում։ Պայմանավորված է ծննդաբերական արտամղող ուժերի (կծկումներ, ճիգեր) և պտղի հյուսվածքների առաձգականության միջև եղած անհամապատասխանությամբ։ Նախատրամադրող պատճառներն են՝ հղիության թունավորումները, մոր կրած հիվանդությունները (սիրտ-անոթային համակարգի, վարակիչ և այլն), նյութափոխանակության խանգարումները, վաղաժամ և ուշացած ծննդաբերությունները և այլն։ Հիմնական դեր է կատարում պտղի ներարգանդային ասֆիքսիան։ Առավել հաճախ հանդիպում են ներգանգային արյունազեղումներ, անրակի և ուսագոտու ոսկրերի կոտրվածքներ, հոդախախտումներ, բազկահյուսակի ծննդաբերական (նորածնային) կաթված կամ լուծանք և դիմային նյարդի կիսալուծանք։ Կլինիկական նշանակություն ունեն ներգանգային ծննդաբերական վնասվածքները, որոնք ուղեկցվում են կենտրոնական նյարդային համակարգի վնասումներով (գլխուղեղի այտուց, ներգանգային արյունազեղումներ և այլն)։ Նորածինների ծննդաբերական վնասվածքները լինում են թեթև, միջին ծանրության և ծանր։ Վերջինը կարող է հանգեցնել նորածնի մահվան (ծնվելու առաջին ժամերին) կամ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի կայուն օրգանների փոփոխությունների (թուլամտություն, լուծանքներ, կիսալուծանքներ և այլն)։ Ներգանգային վնասվածքների սուր շրջանում նկատվում են կենտրոնական նյարդային համակարգի գրգռման ախտանշաններ․ երեխան լինում է անհանգիստ, շնչառությունը հաճախացած, առաջանում են ջղաձգումներ, անքնություն և այլն, որոնք ուղեկցվում են ծծելու և կլլման ռեֆլեքսների ընկճմամբ։ Այնուհետև նկատվում է ընդհանուր թուլություն, մաշկածածկույթների գունատություն և այլն։ Բնորոշ են երկրորդային ասֆիքսիայի հաճախակի նոպաները։

ԲուժումըԽմբագրել

Նորածնի առավելագույն հանգիստ, գլխին սառույց, թթվածնաբուժություն, վիտամիններ, գլյուկոզ, սրտային և անոթային դեղամիջոցներ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող պատրաստուկներ, հակա- արյունազեղումային միջոցներ։

ԿանխարգելումըԽմբագրել

Հղիների հիվանդությունների և հղիության բարդությունների ժամանակին հայտնաբերում և բուժում, ծննդաբերական ակտի արդյունավետ վարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 375