Ներկարարական աշխատանքներ

Ներկարարական աշխատանքներ, շենքերի, կառույցների, կոնստրուկցիաների մակերևույթների ներկապատում՝ դրանց ծառայության ժամկետը երկարացնելու, հողմահարումից ու քայքայումից պաշտպանելու, շինություններում սանիտարահիգիենիկ նպաստավոր պայմաններ ստեղծելու և գեղեցիկ տեսք տալու համար։ Ներկարարական աշխատանքները կատարվում են տարբեր ներկատեսակներով, որոնք, սովորաբար, բաղկացած են գունանյութից և կապակցող հեղուկ բաղադրիչից։ Գունանյութերը լինում են բնական և արհեստական, կապակցող բաղադրիչը կազմված է ջրային և ոչ ջրային լուծույթներից և կապակցանյութից։ Ջրային լուծույթներում իբրև կապակցանյութ օգտագործվում են կենդանական, բուսական և հանքային ծագում ունեցող սոսինձներ, իսկ ոչ ջրայիններում՝ բուսական ներկաձեթեր կամ հանքային յուղեր ու լաքեր։ Կապակցանյութի տեսակը որոշում է ներկապատման անվանումը (սոսնձային, յուղային, սինթետիկ) և նրա օգտագործման բնագավառը։

Ըստ կատարման տեխնոլոգիայի տարբերում են երեք դասի ներկարարական աշխատանքները՝ պարզ, բարելավված և բարձր որակի։ Ներկարարական աշխատանքի դասը որոշվում է նախագծում։ Շենքերի ներսում պարզ ջրաներկման աշխատանքները կատարվում են հետնյալ հերթականությամբ, ներկվող մակերևույթի մաքրում, կոկում, ներկաստառում և ներկում։ Պարզ յուղաներկման դեպքում կատարում են հետևյալ պրոցեսները, մակերևույթի մաքրում, ճեղքերի լցում, ներկաձեթում, անհարթությունների մասնակի քսում, քսված մակերևույթների հղկում, առաջին ներկում, երկրորդ ներկում։ Բարելավված և բարձր որակի ներկապատման պրոցեսներն ավելի բազմատեսակ են և ընդգրկում են տասից ավելի աշխատատեսակ, այդ թվում բազմակի խծուծում, ներկաստառում, հղկում և այլն։ Շինարարական տեխնիկայի զարգացմանը զուգընթաց կատարվում է նաև ներկարարական աշխատանքի հիմնական պրոցեսների մեքենայացում, արտադրվում են բազմատեսակ հատուկ սարքեր և ապարատներ, որոնց միջոցով այդ աշխատանքները զգալիորեն ինդուստրացվում են։ Ներկարարական աշխատանքները բավական աշխատատար են․ քաղաքացիական և բնակարանային շինարարությունում դրանց կատարման համար ծախսվում է ամբողջ աշխատանքի 10-12%, այն դեպքում, երբ դրանք կազմում են շինարարության արժեքի ընդամենը 3-3,5%։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 248