Նեմրութ Բաղդասարյան

հայ լուսանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նեմրութ Հովհաննեսի Բաղդասարյան (փետրվարի 24, 1907(1907-02-24), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 7, 1988(1988-04-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1959

Նեմրութ Բաղդասարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1907(1907-02-24)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 7, 1988(1988-04-07) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԱմուսինՎերջալույս Քաջբերունի
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն
ԵրեխաներՀերբերտ, Ռոբերտ, Գագիկ, Մելիք, Հերմինե Բաղդասարյաններ
Թոռներ՝ Արման, Արա, Մհեր, Վերջալույս, Ալիս, Մարիամ, Նարինե, Տիգրան, Ծովինար, Հայկ, Վահրամ և Լիլիթ Բաղդասարյաններ

Կենսագրություն

խմբագրել

Նեմրութը ծնվել է 1907 թվականի փետրվարի 24 -ին Վան քաղաքում մանկավարժ – արվեստագետ Հովհաննես Բաղդասարյանի ընտանիքում[1]։

Նեմրութի անունն ի սկզբանե եղել է Սամվել։ Նկարիչ հայրը՝ Հովհաննեսը, իր տղաներին անվանել է Վասպուրական աշխարհի տեղանուններով. Սամվելին՝ Նեմրութ, Մելիքին՝ Սիփան, Վահանին՝ Ծիլվան։ 1915 թվականի գաղթից հետո Նեմրութի մականունը դառնում է քաղաքացիական անուն, նույնը եղբայրների դեպքում։

Հինգ տարեկանից Նեմրութը հաճախել է ծննդավայրի՝ Այգեստան թաղամասի ծխական դպրոց։ Նա անձամբ է տեսել ու ապրել հայոց ցեղասպանության ողբերգությունը և ընտանիքի հետ 1915 թվականին տեղափոխվել է և ապաստան գտել Երևանում։

Դպրոցում սովորելու տարիներին զբաղվել է նկարչությամբ և շատ է ցանկացել հոր նման դառնալ գեղանկարիչ։ 15-ամյա Նեմրութը, ծննդյան առթիվ հորից նվեր ստանալով լուսանկարչական սարք, ամբողջությամբ նվիրվել է իր համար անծանոթ, բայց հոգեհարազատ լուսանկարչությանը։ Նույն 1920 թվականին Նեմրութն արել է իր առաջին լուսանկարները։ 1925-1929 թվականներին որպես լուսանկարիչ աշխատել է Հայաստանի Արհմիությունների տանը, նույն ժամանակահատվածում պիոներների պալատում ղեկավարել է լուսանկարչական խմբակ և լուսանկարչական ալբոմներ պատրաստել՝ նվիրված Երևանին, դառնալով հին Երևանի դիմանկարիչը՝ ստեղծելով մայրաքաղաքի անկրկնելի, հիմա արդեն հուշ դարձած պատկերներ[2][3]։

1929-1940 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթում։ 1940-1958 թվականներին աշխատակցել է «Կոմունիստ» և «Սովետական Հայաստան» թերթերին և ռեպորտաժային լուսանկարներ տրամադրել այլ թերթերի և ամսագրերի։ 1959 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Հայաստանի հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկայում, որտեղ պաշտոնական բոլոր միջոցառումների, պետության ղեկավարների հանդիպումների լուսանկարումը վստահվում էր իրեն։ Նա մոտ 30 տարի թղթակցել է նաև Միութենական “ՏԱՍՍ” գործակալությանը։

Նեմրութ Բաղդասարյանը մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային մի շարք ցուցահանդեսների և մրցույթների. նրա «Հողը» ֆոտոմոնտաժը և «Արարում» ֆոտոշարքը մի շարք մրցույթներում արժանացել է պարգևների և բարձր գնահատականի։

Նեմրութի յուրաքանչյուր լուսանկար եզակի ու տպավորիչ մի պատմություն է հայ ժողովրդի կյանքից։ Նրա կյանքը ևս եզակի է հայաստանյան համապատկերում, ով ստեղծագործական կյանքի մոտ չորս տասնամյակը նվիրել է Արմենպրեսին։ Նրան խիստ սազական է «Ծառերը կանգնած են մահանում» թևավոր արտահայտությունը, ութ տասնամյակ բոլորած վարպետը շարունակում էր ստեղծագործել և իր վարպետության գաղտնիքները փոխանցել երիտասարդ գործընկերներին։

Աշխատանքին զուգահեռ Նեմրութը լուսանկարչության դասեր է տվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և իր փորձը փոխանցոել մամուլում աշխատող երիտասարդ լուսանկարիչներին։

Պարգևներ

խմբագրել

1975 թվականին արժանացել է «Աշխատանքային կամիր դրոշ» շքանշանին, եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի բարձր կոչմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՆԵՄՐՈՒԹ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  2. Քոչար, Վահան (2007). Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն. էջ 255.
  3. «ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՆԵՄՐՈՒԹ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.