Նահանգային վարչության տուն (Վիբորգ)
Նահանգային վարչության տուն (ռուս.՝ Дом губернского правления), բնակելի և վարչական շենք Վիբորգում, որը կառուցվել է 18-րդ դարի վերջին և վերակառուցվել 19-րդ դարում` ճարտարապետներ Ի. Խ. Ստրոլմանի և Իվան Յոհանսոնի նախագծով։ Վիբորգի կենտրոնում՝ Կրեպոստնայա և Կրասնոարմեյսկայա փողոցների անկյունում տեղակայված, ռուսական կլասիցիզմի ոճով երկհարկանի տունը ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վիբորգ |
Ճարտարապետական ոճ | ռուսական կլասիցիզմ |
Մասն է | Կրեպոստնայա փողոց |
Հիմնադրված է | 1793 |
Ճարտարապետ | Իվան Յոհանսոն և Johan Henrik Hansson Stråhlman? |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Պատմություն
խմբագրելԱնկյունային քարե տունը կառուցվել է 1793 թվականին Վիբորգի գլխավոր Եկատերինինսկայա փողոցում, ավերիչ հրդեհից հետո, որը ոչնչացրել էր քաղաքի շենքերի զգալի մասը։ Շենքը, որն ի սկզբանե մեկ հարկանի էր, հետագայում ընդլայնվեց, և բնակելի տարածքները սկսեցին վարձով տալ։ 1797 թվականին տունը վարձակալվեց գեներալ ֆելդմարշալ Միխայիլ Կամենսկու համար, որը կարճ ժամանակով նշանակվեց Ֆինլանդական դիվիզիայի հրամանատար (Վիբորգի փոխարքայության վերացումից հետո պաշտոնը կոչվեց «Ֆիննական տեսչության հետևազորի տեսուչ», իսկ ավելի ուշ՝ Վիբորգի նահանգի ռազմական նահանգապետ)։ 1797-1799 թվականներին և 1801-1802 թվականներին պաշտոնը զբաղեցնում էր Միխայիլ Կուտուզովը[2], 1799-1800 թվականներին Կառլ Վրանգելը, իսկ 1800 թվականին՝ Ալեքսեյ Գորչակովը։
1804 թվականին տունը գնվեց Վիբորգի նահանգային վարչության համար, որը տեղակայված էր շենքում մինչև 1817 թվականի հրդեհը։ Վիբորգի վաճառականներ Պյոտր Չուսովի և Տիմոֆեյ Տիխանովի պատվերով 1821 թվականին քաղաքի ճարտարապետ Իոհան Ստրոլմանը մշակեց հրդեհված տան վերակառուցման նախագիծը։ Վերակառուցված երկհարկանի տունը դարձավ «հարմարավետ գավառական կլասիցիզմի» օրինակ, որը Վիբորգում կոչվում էր «Եկատերինա II-ի ոճ»։ Այդ ժամանակաշրջանի շենքերի բնութագրական գիծը համարվում էր գլխավոր ճակատի երեք մասից բաղկացած դասական սխեման` իոնական սյունազարդ նախասրահով և եռանկյուն վերնաճակատի տակ գտնվող պատշգամբով, ինչպես նաև երկրորդ հարկում կլորացված անկյունով վանդակաճաղով զարդարված պատշգամբով։ Միջնադարյան նեղ փողոցներով այս խաչմերուկում երկրորդ հարկում կային երկաթյա ճաղավանդակներով չորս պատշգամբ, որի շնորհիվ այն հայտնի էր որպես քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը։
Այն բանից հետո, երբ Վիբորգի նահանգային վարչության տունը հանձնվեց արքունի դատարանին, 1841 թվականից մինչև 1862 թվականները վարչության տունը կրկին կատարում էր իր նախկին գործառույթները։ Վիբորգի նահանգապետի բնակելի սենյակները գտնվում էին երկրորդ հարկում, իսկ առաջին հարկը զբաղեցնում էին տարբեր նահանգային հաստատությունները։ Այստեղ ապրել և աշխատել են նահանգապետեր Ֆեոդոր Սթիվենը, Կազիմիր Կոտենը, Ալեքսանդր Տեսլևը և Բերնհարդ Ինդրենիուսը։ Շենքը, որը 1862 թվականից դարձավ Տեսլևների ընտանիքի սեփականությունը, 1863 թվականին վերակառուցվեց ճարտարապետ Յոհանսոնի նախագծով։ Հետագայում այնտեղ տեղակայվեցին առևտրային ձեռնարկություններ, որոնցից ամենահայտնին երկրորդ (Գոթֆրիդից դեղատնից հետո) քաղաքային դեղատունն էր, որը գործում էր առաջին հարկում 1891 թվականից և երկրորդ հարկում տեղակայված վաթսուն տեղանոց «Ֆունկիս» ռեստորանը։
Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) ընթացքում այդ ձեռնարկությունները փակվեցին։ Հետպատերազմյան շրջանում կատարված վերանորոգման ընթացքում շենքը հարմարեցվել է բնակության համար, որը 21-րդ դարի սկզբին դարձել է վթարային և վերաբնակեցվել է։ 2014 թվականին ապամոնտաժվել է անկյունային պատշգամբը, որի վանդակաճաղը տեղափոխվել է Վ. Լենինի տուն-թանգարան։ Նախատեսվում է շենքը վերածել արհեստավորների բակի[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987
- ↑ Кутузов в Выборге
- ↑ На Доме губернского правления в Выборге меняют защитную сетку
Գրականություն
խմբագրել- Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
- Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.
- Новосёлова З.А. А.В. Суворов и М.И. Кутузов в русской Финляндии (Выборгской губернии). — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2012. — 104 с. — ISBN 978-5-91882-011-7.