Նախարարական իրավունք, իրավական նորմերի ամբողջություն, որով կարգավորվել են հասարակական–քաղաքական հարաբերությունները Հայաստանում՝ վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Նախարարական իրավունքը ձևավորվել է ֆեոդալական արտադրաեղանակի ծագման ու խոշոր հողային սեփականության առաջացման շրջանում (III–IV դդ․) և գոյատևել մինչև VIII դ․։ Նախարարական իրավունքը ֆեոդալական սովորութային իրավունքի ազգային ձև էր, միաժամանակ տեղական (պարտիկուլյար), նախարարություններից յուրաքանչյուրին հատուկ իրավունք՝ կրելով Հայաստանի մասնատվածության կնիքը։ Նախարարական իրավունքի ընդհանուր առմամբ «բռունցքի» իրավունք էր, որը հատկապես դրսևորվել է շինականների նկատմամբ կիրառվող արտատնտեսական ճնշմամբ և նրանց անձի ու գույքի վրա ունեցած իշխանությամբ։ Նախարարական իրավունքն ամփոփում էր թագավորական (սենիորական) իշխանության և առանձին նախարարական (վասալական) իշխանությունների ֆեոդալական շերտավորման համակարգը։ Թագավորը և նրա վասալները ունեին իրավագիր ֆունկցիաներ, իրենց դասակարգային տիրապետությունն ապահովելու նպատակով սահմանում կամ վավերացնում էին պարտադիր ուժ ունեցող իրավանորմեր։ Այդ նորմերը հիմնականում եղել են չգրված օրենքներ, ավանդաբար կիրառվել են որպես սովորույթ, գրի են առնվել և արտացոլվել մասամբ Գահնամակներում և կանոնական որոշումներում։ Ըստ Նախարարական իրավունքի, յուրաքանչյուր նախարարություն, ներքին կառուցվածքով ինքնուրույն տնտեսական ու քաղաքական տոհմական կազմակերպություն էր։ Նախարարության տերիտորիան նախարարական տոհմի ժառանգական սեփականությունն էր և, ըստ ավագության իրավունքի, չէր կարող տրոհվել։ Այն կարող էր տնօրինել միայն տանուտերը կամ նահապետը, որի ձեռքում կենտրոնացված էր նաև նախարարության ողջ իշխանությունը։ Սակայն տանուտիրոջ տնօրինման իրավունքը սահմանափակ էր, որպես տոհմական սեփականություն, հողը կտակելու կամ իր հայեցողությամբ ուրիշին հանձնելու իրավունք չուներ։ Այն արենակցությամբ անցնում էր նախարարին՝ տոհմին ամենամոտ կանգնած արական սեռի ավագագույն ներկայացուցչին։ Նախարարական տոհմի արական սեռի մյուս անդամները՝ սեպուհները, սկզբնական շրջանում տոհմական կալվածքներն օգտագործում էին առանց սեփականության իրավունքի։ Սեպուհներից մեկնումեկը, սովորաբար ավագագույնը, նշանակվում էր «ավագ սեպուհ», որը նախարարի (տանուտիրոջ) մահից հետո դառնում էր նրա իրավահաջորդը և տոհմի նահապետը։ Կտակի ինստիտուտը նախարարական իրավունքին խորթ էր։ Ամեն մի նախարարություն ուներ իր գահանիստ կենտրոնը («գահը», «գահույքը», «ոստանը»), վարչական, դատական և զինվորական մարմինները, եպիսկոպոսական թեմը, զինանշանը ևն։ Նախարարներն ունեին համազգեստ և այլ տարբերանշաններ։

Նախարարական իրավունքի համաձայն նախարարները թագավորի վասալներն էին, իրենց զորքով պարտավոր էին ծառայել նրան, մասնակցել թագավորական խորհրդին, կառավարական ապարատում պաշտոններ վարել, ամեն տարի թագավորին «կամավոր» մատուցել «բաժ պսակի» (տուրք գահին)։ Նախարարը, տանուտիրությունն ստանձնելիս, պարտավոր էր թագավորին հավատարմության երդում տալ («ուխտ դնել») աղով։ Թագավորն, իր հերթին, իր վասալ–նախարարին, հիերարխիայում նրա գրաված տեղին ու դիրքին համապատասխան, շնորհում էր տոհմական մատանի (կնիք), դրոշ և պատիվ (մարգարտահյուս գլխակապ)։ Կենտրոնական ապարատում ժառանգաբար հազարապետի, սպարապետի, մարդպետի, մաղխազի պաշտոնն զբաղեցնելու իրավունքը որոշ նախարարների տոհմական մենաշնորհն էր։ Կենտրոնում և տեղերում զինվորական և վարչական պետական ծառայությունը աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների ոչ միայն արտոնությունն էր, այլև պարտականությունը։ Նախարարական իրավունքը սկսել է թուլանալ Հայաստանի բաժանումից և հայ ֆեոդալական միապետության վերացումից (387–428) հետո։ Այդ շրջանից սկսած նախարարական իրավունքը որոշ չափով ենթարկվել է հայ եկեղեցական հիերարխիային՝ ճանաչելով նրա դատական գործունեությունն ու օրենսդրական իրավասությունը։ Քաղաքական թուլացմանը զուգորդել է նախարարությունների տնտեսական քայքայումը։ Օգտագործման իրավունքով սեպուհներին հատկացված կալվածքներն աստիճանաբար դարձել են ժառանգական տիրույթ, ապա՝ սեպուհական հող։ Արտադրության ֆեոդալական եղանակը թեև Հայաստանում մնաց, բայց նախարարական համակարգը կազմալուծվեց՝ իր հետ վերացնելով նախարարական իրավունքը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սամուելյան Խ․, Հին հայ իրավունքի պատմություն, հ․ 1, Ե․, 1939։
  • Հարությունյան Բ․ Հ․, «Գահնամակի» թվագրման հարցի շուրջը, ՊԲՀ, 1976, №2։
  • Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908;
  • Периханян А․ Г․, Древнеармянские востайики, «ВДИ», 1956, М. №2;
  • Сукиасян А․ Г․, Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма (III–IX вв․ н․э․), Е․, 1963․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 158