Յակոպիչի տաղավար (սլովեն.՝ Jakopičev paviljon), պատկերասրահ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, որը ցուցահանդեսների համար հատուկ կառուցված առաջին շինությունն այդ երկրում։ Կառուցվել է 1908 թվականին, ճարտարապետ Մաքս Ֆաբիանի նախագծով և սլովենացի առաջատար իմպրեսիոնիստ նկարիչ, արվեստի տեսաբան, մեկենաս Ռիհարդ Յակոպիչի միջոցներով ու ջանքերով[2]։ Գտնվել է Տիվոլի զբոսայգում՝ Լատերմանի պողոտայի սկզբնամասում[2]։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը եղել է նկարիչների, քանդակագործների, լուսանկարիչների աշխատանքների ցուցադրության գլխավոր վայրը Սլովենիայում[3][4]։

Յակոպիչի տաղավար
Տեսակպատկերասրահ
Երկիր Սլովենիա[1]
ՏեղագրությունԼյուբլյանա[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Սլովենացի սիրող լուսանկարիչների ցուցահանդեսը Յակոպիչի տաղավարում. 2011

Յակոպիչը ձեռնարկել է տաղավարի կառուցումը, քանզի համոզված էր, որ նկարիչը հասարակության հետ մշտական կապի կարիք ունի[3]։ Ֆաբիանին շենքի նախագիծը անվճար է պատրաստել, Լյուբլյանայի քաղաքային իշխանություններն էլ հողատարածքը հատկացրել են զուտ խորհրդանշական գնով[2]։ Տաղավարը կառուցվել է Վիեննական սեցեսիոնի ոճով։ Ունեցել է ընդարձակ ճեմասրահ, ձախ կողմում՝ մշտական ցուցադրությունների դահլիճ, աջում՝ մի ոչ մեծ արվեստանոց ու նկարչական դպրոցի դասասենյակներ[2]։

Նորակառույցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1909 թվականի հունիսի 12-ին՝ զուգակցվելով սլովենյան կերպարվեստի 3-րդ ցուցահանդեսի բացման հետ, որտեղ ներկայացված էին 22 արվեստագետների 172 նկար ու 20 քանդակ[5]։ Հաջորդ տարում Յակոպիչը տաղավարում կազմակերպել է հետահայաց ընդգրկուն ցուցահանդես՝ «Սլովենյան երկրում տեսողական արվեստների 80 տարին» խորագրով[4]։

1923 թվականին Լյուբլյանայի քաղաքային խորհուրդը տաղավարն օգտագործման է հանձնել Սլովենիայի ազգային պատկերասրահին։ 1954 թվականին այն վերակառուցվել, նորացվել է[6]։

1961 թվականի դեկտեմբեր-1962-ի հունվար ամիսներին տաղավարը, չնայած բողոքի բուռն ցույցերին[3], մասամբ քանդվել է՝ Լյուբլյանա-Սեժանա երկաթուղու կառուցման պատճառով[2]։ 1962 թվականին այն վերանվանվել է Լյուբլյանայի քաղաքային գեղարվեստական թանգարան, և քանդվածի փոխարեն մի նոր շենքի շինարարությունն է սկսվել քաղաքային հրապարակի մերձակայքում[7]։ Իսկ ի հիշատակ տաղավարի ու դրա կառուցման նախաձեռնողի՝ կանգնեցվել է Ռիհարդ Յակոպիչի արձանը (քանդակագործ՝ Յոհան Կունավեր)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bogo Zupančič: Usode ljubljanskih stavb in ljudi 73-93 (Ljubljana, 2008), 36.
  3. 3,0 3,1 3,2 RTVSLO.si - Rihard Jakopič (1869–1943)
  4. 4,0 4,1 «Siol.net - Jakopičev paviljon in impresionizem». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  5. «NG-slo.si - Slovenski impresionisti in njihov čas 1890-1920». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  6. Bogo Zupančič. Usode ljubljanskih stavb in ljudi 73-93 (Ljubljana, 2008), 77.
  7. MGML.si - O Mestni galeriji Ljubljana
  8. Bogo Zupančič. Usode ljubljanskih stavb in ljudi 73-93 (Ljubljana, 2008), 39.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպիչի տաղավար» հոդվածին։