Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մուկուզան)

եկեղեցի

Մուկուզան գյուղի եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Գուրջաանի շրջանի Մուկուզան գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ, Մուկուզան և Գուրջաանի շրջան
Դավանանքքրիստոնեություն
Շինանյութփայտե
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հայկական եկեղեցու գոյությունն արձանագրված է 1839 թվականը։ Հավանաբար եկեղեցին կառուցվել է դրանից ավելի շուտ։ 1843 թվականի ապրիլի 9-ին եկեղեցին այրվել է։ Հրդեհի մասին հոգևոր իշխանություններին հունիսի 5-ին հայտնել է ծխական քահանա Սարգիս Մկրտումյանը։ Մինչև 1874 թվականը եկեղեցին վավերագրերում հիշատակվում է որպես փայտաշեն կառույց՝ Սբ. Աստվածածին անվամբ։ 1874-1875 թվականներին եկեղեցին նորոգվել է կամ հիմնովին վերականգնվել, ապա օծվել, որի արդյունքն էլ եղել է անվանափոխություն՝ 1875 թվականից եկեղեցին հիշատակվել է Սբ. Համբարձման անվամբ, կրկին փայտաշեն։

1902 թվականին Մուկուզան գյուղի հայ հասարակությունը մի համախոսականով հայտնել էր քանդված փայտաշեն եկեղեցին հիմնովին վերակառուցելու մտադրության մասին՝ կառուցել հին եկեղեցու տեսքով նոր եկեղեցի։ Այն պետք է ունենար 10,5 արշին երկարություն, 9 արշին լայնություն (7,45 x 6,40 մ) և 5,5 արշին (3,90 մ) բարձրություն։ Ըստ նախահաշվի պահանջվող գումարը կազմում էր մոտ 220 ռուբլի։ 1907 թվականի դրությամբ Սբ. Համբարձման եկեղեցին դեռևս եղել է քայքայված վիճակում։ Նոր եկեղեցու կառուցման աշխատանքների ողջ ծախսն իր վրա է վերցրել մուկուզանցի Գևորգ Հովսեփյան Սկիրավյանցը, որին աջակցել են գյուղացիները։ Գործի հետ կապված վավերագրերից մեկում նշված է՝ «...քաջ յայտնի է մի հայ համայնքի աննախանձելի ու վերին աստիճանի անմխիթար վիճակը. մի բուռն ժողովուրդ մօտաւորապէս 42 տուն, մոռացած մայրենի լեզուն ու ազգային սովորութիւնները սպառնում էր ընդմիշտ անջատուել մեր առաքելական ս. եկեղեցուց ու հաւատից, թէև շատ ցաւալի է, բայց և այնպէս դառն ճշմարտութիւն։ Սոյն մեր տխուր վիճակը, թէև բացատրվում է մեր աննպաստ միջավայրով ու բացառիկ դրութեամբ, սակայն պէտք է ի նկատի ունենալ և այն հանգամանքը, որ մենք, գտնվելով նիւթապէս անապահով կացութեան մէջ, զուրկ էինք իրագործելու մեր շատերիս համար փայփայած ու ցանկալի դիտաւորութիւնը՝ ունենալ գիւղամիջում մի սեպհական կարգին եկեղեցի, ուր հնարաւոր լինէր ստանալ հոգևոր մխիթարութիւն ու սփոփանք։ Այն՝ ինչ-որ ամբողջ հասարակութեան ուժից վեր էր և անիրագործելի, յանձն առաւ ու իրականացրեց մեր համագիւղացի Գէորգ Յովսէփեան Մկիրավեանցը, որ, լինելով ճշմարիտ բարեպաշտ ու ջերմեռանդ քրիստոնեայ, իւր չափաւոր կարողութիւնից չխնայեց վերջին կոպէկն անգամ, որի շնորհիւ այսօր ի պարծանս նրա ունինք մի գեղեցիկ ու կոկիկ եկեղեցի։ Ուստի և, ի նկատի ունենալով Գէորգ Մկիրավեանցի մեր հասարակութանը մատուցած սոյն անգնահատելի ծառայութիւնը, խոնարհաբար խնդրում ենք արժանապատիւ տէր գործակալ միջնորդել ու աջակցել ուր հարկն է, որպէսզի Եղիսաբէթ ու Գէորգ Մկիրավեանց ամուսինները ի տրիտուր նրանց բարեգործութեանց իրաւունք ունենան իւրեանց մահից յետոյ թաղուիլ հէնց եկեղեցում, որով լիովին կատարած կլինենք մեր հայ հասարակութեան ցանկութիւնն ու իղձը, որի համար և ստորագրում ենք. 1910 թ. յուլիսի 1-ին, ի գ. Մուկուզան»[1]։

Հին ավերակ եկեղեցու հիմքի վրա կառուցվել է նոր եկեղեցի, որն օծվել է 1910 թվականի մայիսի 18-ին։ Նորաշեն եկեղեցու բացման արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հայեր՝ նաև հարևան գյուղերից։ Կառույցի վրա ծախսվել էր ավելի քան 4000 ռուբլի[2]։ Եկեղեցու կառուցման փաստին տեղյակ է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս[3]։ Մկիրավյանցները եկեղեցու գավթում թաղվելու իրավունք են ստացել էին 1911 թվականին։

1914 թվականի փետրվարի 11-ին եկեղեցու բակում թաղվել է Թովմա Զաքարյան Թուշմալյանցը։ Եկեղեցին փակվել է 1923 թվականից, նույն թվականի նոյեմբերից օգտագործվել որպես ընթերցասրահ[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Սբ. Համբարձման եկեղեցին կանգուն է, այն միանավ, թաղածածկ հորինվածքով շենք է։ Երկթեք տանիքի տակ առնված թաղը ներքուստ պահում են ութ բոլորաձև հաստահեղույս որմնասյուների վրա հենված թաղակիր կամարներ։ Արևելյան մասում գտնվում է կիսաշրջանաձև եզրագծով խորանը, որի կենտրոնում պահպանվում է սեղանի վեմ քարը։ Եկեղեցին չունի ավանդատներ։ Նրա երեք մուտքերը բացված են արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներից։ Ունի 6 դեպի ներս լայնացող լուսամուտներ՝ 2-ական հարավային և հյուսիսային, մեկական՝ արևմտյան ու արևելյան ճակատներից։ Լուսամուտները չեն ապահովում բավարար լուսավորություն։ Եկեղեցին կառուցված է հիմնականում աղյուսով ու անմշակ քարով, կրաշաղախով։ Նրաարտաքին չափերն են՝ 22,80 x 8,70 մ։ Եկեղեցու ներսում կա երկլեզու արձանագիր մարմարե սալիկ։ Այն միևնույն բովանդակությամբ փորագրված է եղել սկզբում հայերեն (պահպանվել է չնչին մասը), ապա՝ վրացերեն։

  [ეს] ეკლესია ავაშენეთ (უ)ძეოებმა ცოლქმარმა
- გიორგი ოსეფიხ, ლიზამ
 

(Թարգմանաբար՝ «Այս եկեղեցին կառուցեցինք անժառանգ ամուսիններ Գիորգի Օսեփիչս և Լիզա Մկերավիշվիլին, 1 նոյեմբերի 1909»)։

Քահանա խմբագրել

1843 թվականին եկեղեցում ծխատեր քահանան է եղել Սարգիս Մկրտումյանը[5], 1913 թվականին Մուկուզան և Ախաշեն գյուղերի համար առաջադրվել էր քահանա ձեռնադրել թելավցի Հովսեփ Վախթանգյանին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, 35, ց. 1, գ. 556, թ. 90
  2. «Հորիզոն», 1910, 139, էջ 2:
  3. «Արարատ», 1911, էջ 617
  4. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 75
  5. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1365, թ. 1:
  6. «Արարատ», 1913, էջ 695։ Տե՛ս նաև՝ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 861, թ. 1

Արտաքին աղբյուրներ խմբագրել