Միջուկային մոմենտներ, ատոմային միջուկների ներքին առանձնահատկությունները բնութագրող մեծություններ։ Տարբերում են շարժման քանակի մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների, որպես նուկլոններից բաղկացած բարդ օբյեկտների, մեխանիկական հատկությունները և էլեկտրամագնիսական մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների էլեկտրամագնիսական հատկությունները։ Շարժման քանակի մոմենտը կամ միջուկի սպինը կարող է ընդունել ամբողջ և կիսամբողջ թվային արժեքներ։ Զույգ թվով պրոտոններից և զույգ թվով նեյտրոններից կազմված միջուկի սպինը հիմնական վիճակում հավասար է զրոյի։ Կենտ միջուկների սպինն ընդունում է կիսամբողջ արժեքներ և որոշվում վերջին չզույգված՝ կենտ նուկլոնի սեփական շարժման քանակի մոմենտով և ուղեծրային շարժմամբ, իսկ կենտ թվով պրոտոններից և կենտ թվով նեյտրոններից կազմված միջուկի սպինն ունենում է ամբողջական՝ զրոյից տարբեր արժեք, և որոշվում է չզույգված պրոտոնով ու նեյտրոնով։ Զրոյից տարբեր սպինով միջուկի մագնիսական մոմենտը, որը ծագում է էլեկտրական լիցքերի շարժման հետևանքով, նույնպես տարբեր է զրոյից։ Միջուկի էլեկտրական դիպոլային մոմենտը հավասար է զրոյի. այդ մասին է վկայում հիմնական վիճակում միզուկներում սիմետրիայի կենտրոնի առկայությունը։ Միջուկի սիմետրիայի հատկություններից հետեում է ավելի ընդհանուր կանոն՝ բոլոր կենտ էլեկտրական մուլտիպոլները (դիպոլային էլեկտրական մոմենտ, օկտուպոլային էլեկտրական մոմենտ) և զույգ մագնիսական մուլտիպոլները (մագնիսական քվադրուպոլային մոմենտ, մագնիսական հեկսա-դեկապոլային մոմենտ) հավասար են զրոյի։ Զրոյից տարբեր էլեկտրական քվադրուպոլային մոմենտը բնութագրում է միջուկում լիցքի բաշխման շեղումը ոլորտային սիմետրիայից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 601