Միջուկային մոդելներ, ատոմային միջուկների նկարագրության մոտավոր մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս միջուկը նույնացնել ֆիզիկական այնպիսի համակարգի հետ, որի հատկությունները լավ ուսումնասիրված են կամ ենթարկվում են համեմատաբար պարզ տեսական վերլուծության։

Տարբերում են ուժեղ փոխազդեցությամբ բնորոշվող միջուկային մոդելներ, որտեղ նուկլոններն ամուր կապված են միմյանց, անկախ մարմինների մոդելներ, որոնցում նուկլոնները շարժվում են գրեթե իրարից անկախ, և համակցված մոդելներ, որտեղ հաշվի են առնվում միջուկներում նուկլոնների վարքի երկու կողմերը։

Առաջին դասին են պատկանում հեղուկ կաթիլի մոդելը, հիդրոդինամիկ մոդելը, բաղադրիչ միջուկի մոդելը, ալֆա-մասնիկային մոդելը։

Միջուկային մոդելների երկրորդ դասն ընդգրկում է ֆերմի-գազի մոդելը, թաղանթների մոդելը և միամասնիկ ու բազմամասնիկ թաղանթային մոդելների բազմապիսի ձևափոխությունները, դեֆորմացված միջուկների թաղանթների մոդելը, պոտենցիալ հորի մոդելը, օպտիկական մոդելը և այլն։ Համակցված մոդելներին են պատկանում ընդհանրացված մոդելը և դրա ձևափոխությունները (կոլեկտիվ մոդել, պտտական մոդել, սֆերոիդալ հենքի մոդել, ոչ առանցքային մոդել և այլն)։ Միջուկային մոդելների օգնությամբ նկարագրվում են միջուկի ընդհանուր հատկությունները, գրգռված վիճակների սպեկտրը, ցածր էներգիայի դեպքում միջուկային ռեակցիաների առանձնահատկությունները, միջուկներից էլեկտրոնների և ֆոտոնների ցրումը, կուլոնյան գրգռումը և այլն։ Միջուկային մոդելները մեծ քանակությամբ փորձառական փաստեր համակարգելու անհրաժեշտ գործիք են։ Միջուկի միկրոսկոպիկ տեսության զարգացումը, որը միջուկը դիտում է իբրև միմյանց հետ փոխազդող բազմաթիվ պրոտոնների և նեյտրոնների մի ամբողջություն, թույլ է տալիս ինչ-որ չափով հիմնավորել բազմաթիվ ֆենոմենոլոգիական միջուկային մոդելներ, հասկանալ դրանց հիմքում ընկած տարբեր, խոր հակասական դրույթների ներքին միասնությունը։ Միևնույն ժամանակ երևան են եկել զույգ կոռելյացիաներով նոր մոդելներ, որոնցում հաշվի են առնվում նուկլոնների մնացորդային փոխազդեցությունները, որոնք չեն մտել թաղանթների մոդելի միջին պոտենցիալ։ Այդ նոր դասին է պատկանում գերհոսուն մոդելը, որտեղ հաշվի են առնվում նուկլոնների զույգված մնացորդային փոխազդեցությունները, որոնք հանգեցնում են զրո սպինով նուկլոնային զույգի առաջացման։ Գոյություն ունի նաև անվերջ միջուկային մատերիայի մոդել, որը չնայած անվերջ սահմանային պայմանների պատճառով խիստ տարբերվում է իրական միջուկից, սակայն կարող է պարզաբանել միջուկային որոշ առանձնահատկություններ, ինչպես նուկլոնի կապի էներգիան, միջուկի հավասարակշռված խտությունը։ Համակարգի անվերջության շնորհիվ առաջ են գալիս սիմետրիայով պայմանավորված մի շարք առանձնահատկություններ, որոնք հեշտացնում են խնդիրը վերջավոր համակարգի համեմատությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 601