Միշաալ բինտ Ֆահդ ալ Սաուդ

Միշաալ բին Ֆահդ բինտ Մուհամմեդ ալ Սաուդ (արաբ․՝ الأميرة مشاعل بنت فهد بن محمد بن عبدالعزيز آل سعود‎‎, 1958 - հուլիսի 15, 1977(1977-07-15), Ջիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա), իշխանուհի սաուդացիների տոհմից, որը մահապատժի է ենթարկվել ամուսնական անհավատարմության մեղադրանքով[1]։ Միշալան Մուհամմեդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի թոռնուհին էր, որն էլ իր հերթին Խալիդ թագավորի ավագ եղբայրն էր։

Միշաալ բինտ Ֆահդ ալ Սաուդ
Ծնվել է1958
Մահացել էհուլիսի 15, 1977(1977-07-15)
Մահվան վայրՋիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա

Կենսագրություն խմբագրել

Միշաալը սովորել է Լիբանանում։ Ուսումնառության ընթացքում սիրահարվել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանի որդի` Խալիդ ալ-Շահիր ալ-Մուհալհալային (արաբերեն ՝ خالد الشاعر المهلهل)։ Երբ Միշաալը վերադարձավ Սաուդյան Արաբիա, հայտնի դարձավ, որ նա մի քանի անգամ հանդիպել է Խալիդին առանց վկաների։ Դրանից ելնելով էլ նրանց առաջադրվեց ամուսնական անհավատարմության մեղադրանք։ Միշաալը ինքնասպանության անհաջող փորձ կատարեց[2], այնուհետև փորձեց լքել Սաուդյան Արաբիայի տարածքը։ Սակայն նրան ճանաչեց Ջիդդա օդանավակայանի աշխատակիցը, որտեղից նա փորձում էր թռչել՝ ներկայանալով որպես տղամարդ[3]։ Բռնվելուց հետո նրան վերադարձրին ընտանիքին[4]։

Սաուդյան Արաբիայի օրենսդրությունը հիմնված է շարիաթի օրենքների վրա, որը պատժում է արտամուսնական սեռական կապերը, բայց դրա համար պահանջվում է չորս անձի վկայություն կամ դատապարտյալի ինքնախոստովանությունը։ Արտաամուսնական անհավատարմությանը ականատես վկաներ չկային։ Միշաալը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց։

Մահապատիժ խմբագրել

1977 թվականի հուլիսի 15-ին տեղի կայացավ Միշաալ բինտ Ֆահդի և նրա սիրեկանի հանրային մահապատիժը։ Միշաալի աչքերը կապել էին, նրան ստիպել էին ծնկի գալ, որից հետո կրակել էին գլխին։ Մահապատժի արարողությանը ներկա էր նրա պապը, ով ուղղորդում էր Միշաալին մահապատժի ենթարկող դահիճի գործողությունները[5][6]։ Նրան մահապատժի են ենթարկել, քանի որ, սաուդցիների կարծիքով, նա անարգել է իր ընտանիքի պատիվը և խախտել է այն կանոնը, որ պետք է ամուսնանար իր ընտանիքի ընտրած տղամարդու հետ[5][7]։ Խալիդը ստիպված էր հետևել Միշաալի մահապատժին, նրան մահապատժի էին ենթարկելու սրով գլխատման միջոցով։ Խալիդի դահիճի դերում հավանաբար հանդես էր եկել Միշաալի հարազատներից մեկը։ Խալիդին գլխատելու համար դահիճը ստիպված էր սրով 5 հարված հասցնել, ինչը ցույց է տալիս, որ մահապատիժը կատարվել է անփորձ անձի կողմից[3][8]։

Մահապատժից հետո Սաուդյան Արաբիայում կանանց վիճակը վատթարացավ[9]։ Կրոնական ոստիկանությունը սկսեց պարեկություն իրականացնել շուկաներում, խանութներում և այլ վայրերում, որտեղ կարող էին հանդիպել տղամարդիկ և կանայք[8]։ Ավելի ուշ Միշաալի պապին՝ արքայազն Մուհամմադին հարցրեցին, թե արդյոք անհրաժեշտ էր Միշալայի և Խալիդի մահապատիժը, ինչին նա պատասխանել էր. «Ինձ համար բավական էր, որ նրանք միասին նույն սենյակում էին եղել»[8]։

«Արքայադստեր մահը» խմբագրել

Միշաալի մահապատժից որոշ ժամանակ անց բրիտանացի սցենարիստ Էնթոնի Թոմասը սկսեց հետաքրքրվել նրա պատմությամբ։ Նա հարցազրույց անցկացրեց միջադեպի մասնակիցների և վկաների հետ։ Թոմասի հավաքած նյութերի հիման վրա BBC-ն ստեղծեց «Արքայադստեր մահը» («Death of a Princess») վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նախատեսված էր ցուցադրվել «ITV» հեռուստաալիքով 1980 թվականի ապրիլի 9-ին, իսկ դրանից մեկ ամիս անց` «PBS» հեռուստաալիքով։ Ֆիլմի առաջիկա ցուցադրության մասին լուրերը բողոքների տեղիք տվեցին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի կողմից Մեծ Բրիտանիայի վրա ուժեղ դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ճնշումներ գործադրվեցին։ Մեծ Բրիտանիայում ֆիլմի ցուցադրվելուց հետո թագավոր Խալիդը, որը այդ ժամանակ ղեկավարում էր Սաուդյան Արաբիան, Բրիտանիայի դեսպանին երկրից վտարեց[10]։

Ֆիլմի հեռարձակումը ԱՄՆ-ում նույնպես բողոքների տեղիք տվեց։ Ցուցադրությանը դեմ էր արտահայտվել «PBS» հեռուստաալիքի հովանավորներից մեկը` «Mobil Oil Corporation»-ը։ Չնայած դրան, 1980 թվականի մայիսի 12-ին ֆիլմը հեռարձակվեց, բայց ոչ բոլոր նահանգներում։ 2005 թվականին ֆիլմը կրկին ցուցադրվեց[11]։

Խալիդ արքան «PBS»-ին առաջարկել էր 11 միլիոն դոլար՝ ֆիլմը չցուցադրելու համար[5]։

Ֆիլմի հեղինակի` Էնթոնի Թոմասի կարծիքով, Միշաալի դատավարությունն ընդհանրապես չի կայացել, իսկ նրա մահապատիժն իրականացվել է ոչ պաշտոնական արարողակարգով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել