Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատ

Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատ, կազմվել է 1943 թվականի սեպտեմբերին, Ուկրաինական ՍՍՀ ժիտոմիրի մարզում, հայ ռազմագերիներից։ Սեպտեմբերի 16-ին, ֆաշիստական Գերմանիայի հավաքագրած, այսպես կոչված, հայկ․ լեգիոնի 248 մարտիկներ, փախչելով ժիտոմիրի մարզի Պոտիևկա ավանից, միացել են Ուկրաինական հեծյալ պարտիզանական միավորմանը։ Սեպտեմբերի 17-ի գիշերը հայ պարտիզանները հարձակվել և ջախջախել են Պոտիևկայի գերմ․ կայազորը։ Ջոկատի հրամանատարն էր լեյտենանտ Ա․ Մ․ Հովսեփյանը։ Հրատարակել է «Մարտական թերթ» ձեռագիր օրգանը։ Ուկրաինական հեծյալ պարտիզանական միավորման կազմում մասնակցել է Կիևի ազատագրմանը, ռազմերթ կատարել ժիտոմիրի և Կիևի մարզերում։ 1943 թվականի դեկտեմբեր - 1944 թվականի հունվարին ջոկատը անցել է ռազմաճակատի գիծը, Օվրուչ քաղաքից զենք և զինամթերք փոխադրել միավորման համար։ Աչքի է ընկել Վորոտնևի և Մագերովի ազատագրման, Չիշկի, Ռուստավեշկո, Լիպնո գյուղերի, Սամբոր քաղաքի մատույցներում, Արևմտյան Բուգի, Լվով-Ռավա- Ռուսսկայա, Լվով—Պերեմիշլ երկաթուղագծերի ու խճուղիների հաղթահարման, Սան գետի (Լեհաստան) մոտ մղված մարտերում։ Լեհաստանից վերադառնալով Լվովի մարզ՝ մասնակցել է Բրոդի քաղաքի ազատագրմանը։ 1944 թվականի մարտին ջոկատը դուրս է եկել սովետական զորքերի թիկունքը և ավարտել պարտիզանական պայքարը։ Այնուհետև ջոկատի մարտիկները կռվել են կարմիր բանակի շարքերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 543