Մետաղափորձական վերլուծություն
Մետաղափորձական վերլուծություն, մետաղհարգորոշման արվեստ, ոսկերչական իրերում, գալվանական ծածկույթներում, համաձուլվածքներում, հանքանյութերում, թափոններում և այլ նյութերում մետաղների (առավելապես ազնիվ) քանակական պարունակությունը որոշելու եղանակ։ Հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսում (մ․թ․ա․ 2000 թվական), ավելի ուշ՝ Բաբելոնում, Հունաստանում, Հռոմում և օգտագործվում էր ոսկու պարունակությունը հանքաքարերում որոշելու նպատակով։ Ռուսաստանում լայնորեն կիրառվել է Պետրոս Մեծի օրոք։ Մետաղափորձական վերլուծության եղանակները ճշգրիտ են և օգտագործվում են արբիտրաժային նպատակներով, ինչպես նաև այլ մեթոդներով ստացված տվյալները ստուգելու համար։ Մետաղափորձական վերլուծության տվյալներն ունեն իրավական ուժ։ Կարելի է որոշել, օրինակ, ոսկու պարունակությունը հանքաքարերում, եթե այն 0,05-0,1 գ/տ-ից փոքր չէ։ Մետաղափորձական վերլուծություն իրականացնում են հրամետալուրգիական և քիմիական եղանակներով։ Հրամետալուրգիական եղանակներ են՝ տիգելային (հալքանոթային) և շերբերային հալումը, ինչպես նաև կուպելացումը՝ բաժանող հնոցներում։ Մետաղափորձական վերլուծությունների մեթոդները կիրառվում են, եթե ազնիվ մետաղի պարունակությունը 10−1-10−2 գ/տ է։ Մյուս դեպքերում օգտագործվում են քիմիական եղանակները։ Ոսկերչական իրերի հարգը որոշելու համար օգտագործվում է հարգորոշման արագընթաց, իրի ամբողջականությունը չխախտող եղանակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 477)։ |