Մենզուրային նոտագրություն

Մենզուրային նոտագրություն (լատ.՝ mensura – չափ, համաչափ նոտագրություն), նոտագրության համակարգ 13-14-րդ դարերի միջնադարյան Եվրոպայում։ Ի տարբերություն ավելի վաղ հունական նևմային, հայկական խազային (նշվել է մեղեդու շարժումը) և խմբերգային (նշվել է միայն հնչյունի բարձրությունը) նոտագրության՝ մենզուրային նոտագրությունը հնարավորություն է ընձեռել արձանագրելու հնչյունների և՛ բարձրությունը, և՛ հարաբերական տևողությունը։ Նրա անհրաժեշտությունը պայմանավորվել է բազմաձայն երաժշտության զարգացմամբ, քանի որ մոտետներում հնարավոր չէր պահպանել տեքստի յուրաքանչյուր վանկի արտասանությունը միաժամանակ բոլոր ձայներում։

Մենզուրային նոտագրություն, 16-րդ դարի ձեռագիր

Մենզուրային նոտագրությունը մշակել և նկարագրել են Յ. դե Գառլանդիան, Ու. Օդինգտոնը (13-14-րդ դարեր), Ֆ. Քյոլնեցին, Ֆ. դե Վիտրին, Յ. դը Մուրիսը, Մ. Պադուացին (14-րդ դար), Յ. Տինքտորիսը (15-16-րդ դարեր), Ֆ. Գաֆֆուրիուսը (15-16-րդ դարեր) և ուրիշներ։

13-րդ դարի վերջին հնչյունների և պաուզաների տևողության նշագրման համար օգտագործել են մենզուրային նոտագրության հետևյալ նշանները (տրված է տևողությունների նվազման կարգով, բոլոր տերմինները լատիներեն են). մաքսիմա (կրկնակի լոնգա), լոնգա (երկար), բրևիս (կարճ), սեմիբրևիս, մինիմա, սեմիմինիմա, ֆուզա, սեմիֆուզա։

Մենզուրային նոտագրության զարգացումն պայմանականորեն բաժանել են 2 փուլի. առաջինում (1250–1450) առավել տարածված էին սևացված նոտային նշանները («սև» նոտագրություն)՝ մաքսիման (կրկնակի լոնգա), լոնգան, բրևիսը, սեմիբրևիսը։ Տևողության և պաուզայի յուրաքանչյուր ռիթմ. բաժանում (մենզուրա) ուներ իր անվանումն ու նշանը։ 13-րդ դարում տևողությունների չափման միավորը ընդունված էր լոնգան, 14-րդ դարից՝ ժամանակի արագացմանը համապատասխան՝ բրևիսը։ Երկրորդ փուլում (1450–1600) սևացված նոտային նշանները փոխարինվել են սևով ուրվագծված սպիտակ նշաններով («սպիտակ» նոտագրություն), բացառությամբ՝ ամենափոքր տևողության նշանների։ «Սպիտակ» նոտագրությունն ստեղծվել է առանձին նոտային նշաններից, լիգատուրից (2 կամ ավելի նոտաներ միավորող նշան), նաև պաուզաներից։

Նոտաների տևողությունները լիգատուրներում որոշվել են հատուկ կանոններով, ըստ որի՝ նոտային առանձին նշանների տևողությունների բաժանումը պայմանավորվել է բրևիսով, սեմիբրևիսով, նաև շրջակա այլ նոտաներով։ Այսպես՝ մենզուրա բրևիսն ունի tempus perfectum (տեմպուս պերֆեկտում, բաժանում 3 սեմիբրևիսի) և tempus imperfectum (տեմպուս իմպերֆեկտում, բաժանում 2 սեմիբրևիսի), իսկ սեմիբրևիսը՝ prolatio major (պռոլաթիո մաժոր, perfecta, բաժանում 3 մասի) և prolatio minor (պռոլաթիո մինոր, imperfecta, բաժանում 2 մասի) տեսակներ։ Որպես տարբերակիչ՝ օգտագործել են նաև tempus (կետի) նշանը, որով էր նշանակվում է ժամանակին կիրառվող տևողությունների բոլոր 4 հիմնական տեսակները.

  1. brevis և semibrevis՝ եռամաս, այսինքն՝ tempus perfectum, prolatio major (համապատասխանում է ժամանակակից 9/4, 11/8 չափերին),
  2. brevis՝ եռամաս, semibrevis՝ երկմաս, այսինքն՝ tempus perfectum, prolatio minor (համապատասխանում է ժամանակակից 3/4, 3/8 չափերին),
  3. brevis՝ երկմաս, semibrevis՝ եռամաս, այսինքն՝ tempus imperfectum, prolatio major (համապատասխանում է ժամանակակից 6/4, 6/8 չափերին),
  4. brevis՝ երկմաս, semibrevis՝ երկմաս, այսինքն՝ tempus imperfectum, prolatio minor (համապատասխանում է ժամանակակից 2/4, 4/4։

Գրականություն խմբագրել

  • Apel, Willi (1961). The Notation of Polyphonic Music, 900–1600 (5th ed.). Cambridge, MA: The Medieval Academy of America. OL 5824900M.
  • Apel, Willi (1962). Die Notation der polyphonen Musik, 900–1600. Leipzig: Breitkopf & Härtel. [=Apel 1961, in German.]
  • Bowers, Roger (2001). «Proportional notation». In Sadie, Stanley (ed.). The New Grove Dictionary of Music and Musicians (2nd ed.). London: Grove.
  • Busse Berger, Anna Maria (1993). Mensuration and Proportion Signs: Origins and Evolution. Oxford: Oxford University Press.
  • Eggebrecht, Hans Heinrich (1991). Musik im Abendland: Prozesse und Stationen vom Mittelalter bis zur Gegenwart. Munich: Piper.
  • Grier, James (1996). The Critical Editing of Music: History, Method and Practice. Cambridge: Cambridge University Press.
  • Hiley, David; Payne, Thomas B.; Bent, Margaret; Chew, Geoffrey; Rastall, Richard (2001). «Notation: III and IV». In Sadie, Stanley (ed.). The New Grove Dictionary of Music and Musicians (2nd ed.). London: Grove.
  • Сапонов М.А. Мензуральная ритмика и её апогей в творчестве Гильома де Машо // Проблемы музыкального ритма. Сборник статей. Сост. В.Н.Холопова. Москва, 1978, с.7–47․
  • Поспелова Р.Л. Западная нотация XI–XIV веков. Основные реформы (на материале трактатов). Москва, 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Thesaurus Musicarum Latinarum, Indiana University. (Collection of original medieval and renaissance writings on music theory, in Latin.)
  • Early Notation Typesetter, Versilian Studios LLC. (Browser-based application for re-typesetting 16th/17th century typeset mensural notation.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։