Բացել գլխավոր ցանկը
Ատոմ

Մեզոատոմ (մեզո (ն) և ատոմ), ատոմանման համակարգ, կազմավորվում է, երբ ատոմի միջուկի կուլոնյան դաշտը զավթում է թիրախի նյութի մեջ արգելակվող բացասական լիցքավորված մասնիկները (_, _, _ մեզոններ և այլն)։ Մեզոատոմի գոյությունը կանխագուշակել է ամերիկացի ֆիզիկոս Ջ․ Ուիլերը, 1949 թվականին, _ մեզոնի հայտնագործումից հետո։ Ատոմի ուղեծրում մեզոնի տեղ գրավելը ուղեկցվում է արտաքին էլեկտրոններից մեկի հեռացմամբ, ուստի Z ատոմական համարով տարրի Մեզոատոմը բաղկացած է Ze դրական էլեկտրական լիցքով միջուկից, բացասական մեզոնից և (Z—1) էլեկտրոնից։ Սովորաբար Մեզոատոմը կազմավորվում է գրգռված վիճակում։ Այնուհետև 10−13վրկ կարգի ժամանակամիջոցում տեղի է ունենում Մեզոատոմի ապագրգռում ոչ ճառագայթային անցումների հետևանքով, այսինքն՝ զավթված մեզոնը հաջորդաբար անցնում է նվազ գրգռված վիճակի, իսկ էներգիայի ավելցուկը ծախսվում է ատոմից էլեկտրոնի դուրս մղման համար (Օժե-պրոցեսներ)։ Հետո սկսվում են ճառագայթային անցումները (մեզոնային γ-ճառագայթում), որոնք տևում են այնքան, մինչև մեզոնը հասնում է հնարավոր նվազագույն էներգետիկ վիճակին։ Հիմնական վիճակին հասած մեզոնը Մեզոատոմում մնում է այնքան ժամանակ, քանի դեռ չի տրոհվել կամ զավթվել միջուկի կողմից։ Նշանակում է, Մեզոատոմի կյանքի տևողությունը մեզոնի կյանքի տևողության կարգի մեծություն է։ Մեզոատոմի շառավիղը հիմնական վիճակում 5*10 –9 * μ/Z μմ սմ կարգի է (մ-ը և -ն մեզոնի և էլեկտրոնի բերված զանգվածներն են)։ Քանի որ Մեզոատոմներում մեզոններն ավելի մոտ են գտնվում միջուկին, քան էլեկտրոնները, ուստի միջին և ծանր միջուկներում Մեզոատոմի հիմնական վիճակում գտնվող մեզոնները կյանքի տևողության մեծ մասն անցկացնում են միջուկի ներսում։ Տարբեր Մեզոատոմների հատկությունների ուսումնասիրությունը տեղեկություն է տալիս տարրական մասնիկների, դրանց փոխազդեցությունների, ինչպես նաև ատոմի միջուկի մասին։ Այսպես, _ մեզոատոմի միջոցով հնարավոր է տեղեկություն ստանալ միջուկի ձևի և չափերի, միջուկի ծավալում էլեկտրական լիցքերի բաշխման մասին։ Մեզոատոմի ռենտգենյան ճառագայթման սպեկտրները զգալիորեն հարուստ են սովորական ռենտգենյան սպեկտրից, իսկ դրանց կառուցվածքն էապես կախված է միացություն կազմող տարրերի քիմիական և ֆիզիկական վիճակից։ Այդ սպեկտրների օգնությամբ կարելի է ուսումնասիրել Մեզոատոմ պարունակող մոլեկուլների էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը։ Հետազոտությունների այս ուղղությունն ստացել է մեզոնային քիմիա անվանումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 377 CC-BY-SA-icon-80x15.png