Մգաթև մեղու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Մեգախիլիդներ
Տեսակ Մգաթև մեղու
Լատիներեն անվանում
Lithurge fuscipenne


Մգաթև մեղու (լատին․՝ Lithurge fuscipenne), մեգախիլիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Խոշոր մեղու է, որի էգն ունի 16-19 մմ երկարություն, իսկ արուն՝ 14-15 մմ երկարություն։ Գագաթին երկատամնավոր վերին ծնոտները նեղ են։ Սպիտակ, կարճ մազիկներով պատված գլխով էգն ունի եղջյուրանման մեծ ելուստով երես, կնճիռներով և կետերով պատված մեջք, հետանցքի սևաշագանակագույն ծոպերիզ, իսկ փորիկի 1-5-րդ տերգիտների ծայրերն ունեն սպիտակ և կարճ մազիկներ։ Արուի 3-6-րդ տերգիտների հիմքը մուգ մազիկներով է, իսկ 7-րդը՝ փշաձև և սրածայր[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևմտյան Պալեարկտիկայի միջին լայնություններում։ Հայտնի է Երևանից, Շիրակի (Գյումրի քաղաքի մոտակայք), Կոտայքի (գյուղ Արտավազ) և Վայոց ձորի (գյուղ Արենի) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են կիսաանապատային և տափաստանային լանդշաֆտներում, գետամերձ մարգագետիններում և այգիներում, բնակալում՝ չոր բնափայտում[1]։

Միայնակ մեղուներ են, որոնց թռիչքը նկատվում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Այցելում են գերազանցապես բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերի ծաղիկներին։

Պահպանություն խմբագրել

Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ոչ մեծ քանակի առանձնյակներով հանդիպում են հազվադեպ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից են հողերի յուրացումը, անասունների գերարածեցումը, ինչպես նաև տնտեսություններում լայն ազդեցությամբ միջատասպանների կիրառումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.