Մարտ (ռազմական ընդհարում)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտ (այլ կիրառումներ)

Մարտ, պատերազմող կողմերի ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների (ինքնաթիռների, նավերի) կազմակերպված ռազմական ընդհարումը։ Նպատակն է՝ հակառակորդի ոչնչացումը, ջախջախումը կամ գերեվարումը, ինչպես նաև կարևոր շրջանների (բնագծերի) գրավումը։ Մարտավարության ձևերն ու եղանակները փոփոխվել են՝ կապված մարտական տեխնիկայի և զորքի որակական կազմի փոփոխության հետ։ Մարտը լինում է համազորային, օդային և ծովային։

1. Ցամաքային զորքերի ժամանակակից մարտը համազորային է, որին մասնակցում են բոլոր զորատեսակներն ու հատուկ զորատեսակները, ռազմաօդային և ռազմածովային (ծովափնյա ուղղություններում) ուժերի համագործակցությամբ և զենքի տարբեր տեսակների գոբծադրմամբ։ Մարտերը լինում են հարձակողական և պաշտպանողական։

2. Օդային մարտը զինված հակամարտությունն է օդում, միայնակ ինքնաթիռների (ուղղաթիռների) կամ խմբերի (ստորաբաժանումների, օղակների) միջև՝ թշնամուն ոչնչացնելու կամ հարձակումը կասեցնելու համար։ Օդային մարտը կործանիչ ավիացիայի գործողությունների հիմնական տեսակն է օդում տիրապետություն ձեռք բերելու համար։

3. Ծովային մարտը պատերազմող կողմերի նավաաորմերի միավորումների (զորամասերի, նավերի) կազմակերպված ռազմական գործողություններն են հարվածի տարբեր միջոցների կիրառմամբ։ Մղվում է բաց ծովում (օվկիանոսում) կամ մերձափնյա շրջաններում՝ հակառակորդի նավատորմի ուժերը ոչընչացնելու կամ դրանց կործանիչ հարված հասցնելու նպատակով։ Բաղկացած է փոխադարձ գրոհներից, հակագրոհներից և դրանց կասեցումից։ Ծովային մարտի տարատեսակներից են ծովային դեսանտի ափհանման և ափամերձ շրջաններում հարձակվող ցամաքային զորքերին օգնելու նպատակով ձեռնարկված մարտերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 341