Մարտիրոս Խարասարցի
Մարտիրոս Խարասարցի (ծնվ․ և մահ․ թվականները անհայտ), XVI դարի հայ տաղերգու։ Բանաստեղծությունների հնագույն օրինակները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (№ 33 ձեռագիր)։ Գրել է սիրո տաղեր, որոնք կապվում են հայ միջնադարի քնարերգության ավանդույթների հետ։ Դրանք պարզ զեղումներ են և աչքի են ընկնում թախծոտ բովանդակությամբ։ Կենցաղային ծիսական տաղերում («Տաղ ուրախութեան», «Տաղ հարսանեաց եւ ուրախութեան. ընտիր եւ գեղեցիկ», «Տաղ կնքտուքի եւ տղարուքի. կնքահօր եւ սանի») պատկերել է ժողովրդական տոնախմբությունները՝ ծանրանալով երևույթի աշխարհիկ և արտաքին կողմերի վրա։ «Տաղ ի վերայ Կաֆա քաղաքին. ասացեալ վասն ուրախութեան» բանաստեղծության մեջ Կաֆան ներկայացված է որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոններից մեկը։ Գինու և խնջույքի երգերն աչքի են ընկնում կենսասիրությամբ։ Հայ քնարերգության մեջ Մարտիրոս Խարասարցին առաջինն էր, որ երգեց խնջույքը, ուրախությունն ու վայելքը՝ դառնալով այս մոտիվի սկզբնավորողը։
Մարտիրոս Խարասարցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ժանրեր | լիրիկա և պանեգիրիկ |
Գրականություն խմբագրել
- Կոստանյանց Կ., Նոր ժողովածու, պրակ 2, Թ., 1892, էջ 47-52, պրակ 4, 1903, էջ 17-26։
- Սահակյան Հ., Մարտիրոս Խարասարցու տաղերը, ԲՄ, համար 10, 1971։
- Սահակյան Հ., Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (16-17-րդ դարեր), Երևան, 1975։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 346—347.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 346)։ |