Մարաբա (գյուղացիների խավ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարաբա (այլ կիրառումներ)

Մարաբա (արաբ․ մյուրաբաա՝ քառորդ բառից), ֆեոդալական կախյալ գյուղացիների խավ Թուրքիայում։

Արևմտյան Հայաստանում հատկապես տարածվել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ Աբդուլ Համիդ II-ի հայահալած քաղաքականության հետևանքով բազմահազար հայ գյուղացիներ զրկվել էին հողից։ Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում մարաբաները կազմել են գյուղական բնակչության ավելի քան 70-80%։ Եղել են թե՛ բոլորովին ընչազուրկ մարաբաներ և թե՛ երկրագործական գործիքներ, բանող անասուններ ու աննշան հողակտոր ունեցողներ։ Մարաբաները գյուղերով կամ ընտանիքներով վարձակալել են (որոշակի ժամկետով) աղաների ու բեկերի հողերը (երբեմն նան բանող անասուն, երկրագործական գործիքներ) և դրա դիմաց վճարել ստացած բերքի մի մասը։ Կատարել են նաև աղաների, բեկերի տնային աշխատանքները։ Մարաբաների շահագործումը ծանր է եղել հատկապես Տարոնում ու Վասպուրականում (ուր երբեմն ճորտացվել են) և համեմատաբար թեթև՝ Բարձր Հայքում։ Այն մեղմացել է, երբ կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետևանքով մարաբաները վերածվել են բատրակների։ Սակայն մարաբաների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է ֆեոդալական շահագործման։ Հայ մարաբաները Մեծ Եղեռնի ժամանակ բնաջնջվեցին կամ գաղթեցին այլ երկրներ։ Ներկայումս գոյատևում են թուրք և քուրդ մարաբաներ։

Գրականություն խմբագրել

  • Ա-Դ ո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Համբարյան
  • Ա.Ս., Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856-1914), Ե., 1965։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 295