ԱԼԶԻ(ՅԱ) կամ ԱԼՇ/ՍԵ/Ի (KURURUAlzi(ya), KURURUAlše/i): Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան վաղ պետական կազմավորումներից մեկն է: Առաջին հիշատակությունները վերաբերում են Ք.Ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին և վկայակոչվում են` կապված խեթական և ասորեստանյան արքաների քաղաքական ձեռնարկումների հետ : Այն իրենից կարող էր ներկայացնել ամբողջ ցեղեր և ցեղային միություններ կամ լեռնային ռելիեֆով արտաքին աշխարհից մեկուսացած անկախ կամ կիսանկախ երկրամաս : Մասնագիտական գրականության մեջ վաղուց ընդունված է համարվում Հայկական լեռնաշխարհում վերջինիս տեղադրությունը` հիմնականում այն նույնացնելով հետագայի հայոց Աղձնիք նահանգի տարածքի հետ : Դատելով խեթական սեպագիր աղբյուրների հաղորդած տեղեկություններից` Ալզին տարածվում էր Արածանիի ստորին հոսանքներում գտնվող Իսուվա (հետագայի Ծոփք) երկրի և Արևմտյան Տիգրիսից հարավ գտնվող Միտտանի պետության միջև : Սակայն տվյալ դեպքում դժվար է հաստատապես ասել, թե որքանով էին այս երկուսի` Ալզիի և Աղձնիքի պատմական տարածքները և դրանց սահմանները որոշակիորեն համընկնում միմյանց հետ` հատկապես հաշվի առնելով այն փաստը, թե ժամանակային ինչ հսկայական հատված է բաժանում դրանց միմյանցից: Բացի այդ սեպագիր աղբյուրներն Ալզիի սահմանների կամ զբաղեցրած տարածքի չափերի մասին որոշակի տեղեկություններ չեն հաղորդում: Այդուհանդերձ, թեպետ Ալզիի տեղադրության հարցում մասնագետների շրջանում հիմնականում հակասություններ չկան, սակայն նրա սահմանների վերաբերյալ կարծիքները տարբեր են` երբեմն իրարամերժ: Ընդհանուր առմամբ համաձայնելով, որ Ալզին գտնվել է Մուրադսուի և Տիգրիսի վերին հոսանքների միջև` Է. Ֆորրերը, Է. Վայդները, Ա. Գյոթցեն, Ի. Դյակոնովը, Գ. Գիորգաձեն, Լ. Գոլովլյովան, Վ. Հաազը, Հ. Ռասելը և այլոք գտնում են, որ Ալզին համապատասխանում է ասորեստանյան աղբյուրների Էնզիտեին (Enzite) և դասական աղբյուրների Անզիտենեին (Anzitene), որը գտնվում է Եփրատի, Արածանիի և Տիգրիսի ակունքների միջև, նաև Խարբերդից արևելք և հարավ-արևմուտք ընկած շրջանները, մինչդեռ Է. Կավենյակը, Գ. Ղափանցյանը, Վ. Խաչատրյանը, Գ. Վիլհելմը և Մ. Աստուրը վերջինիս տեղադրությունը դիտում են Սասունից արևմուտք գտնվող անտիկ աղբյուրների Արզանենեն :
         Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում այս տեղանունը սեպագիր արձանագրություններում վկայվում է Ալզինի (KURURUAlzini) ձևով, որն իր հերթին ընդհանուր առմամբ նույնացվում է խեթական և ասորեստանյան Ալզիի հետ և հետևաբար տեղադրվում հետագայի Աղձնիքի տարածքում, սակայն ինչպես Ալզիի դեպքում, նույնպես և Ալզինիի պարագայում խնդիրն անհամեմատ բարդանում է, երբ հարցը վերաբերում է տվյալ վարչատարածքային միավորի սահմանները որոշելուն :
       Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջանները դեռևս հնագույն ժամանակներից մշտապես գործուն առևտրատնտեսական և քաղաքական հարաբերություններ են ունեցել Հին Արևելքի տարբեր երկրների հետ: Գտնվելով Փոքր Ասիայի և Միջագետքի հարևանությամբ` վերջիններս ոչ միայն հանդիսացել են որպես լեռնաշխարհի ներքին շրջանները արտաքին աշխարհի հետ կապող պատմաաշխարհագրական տարածքներ, այլև հաճախ ներկայացել են որպես անկախ կամ կիսանկախ քաղաքական միավորներ` սեփական տնտեսությամբ և վարչական սահմաններով: Խոսելով Ալզի-Ալզինիի տնտեսության և հնագույն զբաղմունքների մասին` թերևս նախևառաջ պետք է նշել այն, որ դեռևս ուրարտական արձանագրություններն են տեղեկություններ հաղորդում այս տարածքում գինու առկայության վերաբերյալ, ինչն ինքնին հավանաբար փաստում է այս երկրամասում գինեգործության, հետևաբար և խաղողագործության զբաղմունքի մասին : Վերջինս իր հերթին ենթադրում է, որ այս աշխարհագրական տիրույթը հնուց ի վեր հանդիսացել է Հայկական լեռնաշխարհի խաղողի «ոստաններից» մեկը: Թերևս դրա օգտին են խոսում նաև հույն պատմագիր Հերոդոտոսի հաղորդումներն այն մասին, որի համաձայն Արմենիայից կաշեպատ նավերով գինի է արտահանվել Բաբելոն : Քանի որ դա կատարվել է նավարկելի Եփրատ գետով, բնականաբար այստեղ խոսքն անշուշտ պետք է վերաբերի Հայկական լեռնաշխարհի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին` մասնավորապես Ծոփքին և Աղձնիքին: Թերևս սրա օգտին կարող է խոսել հույն պատմահոր հաղորդած նաև այն արժեքավոր տեղեկությունը, որ հայերը ապրում էին Հալիսի և Տիգրիսի ակունքների շրջակա լեռնոտ երկրում` սփռվելով դեպի Միջերկրական և հասնելով Կիլիկիա : Վերոնշյալ այս երկու գետերի միջև ընկած է լայնարձակ` բարձրադիր լեռներով կտրտված մի տարածություն, որը ներառում է մի շարք լեռնաբազուկներ և  գետերի ճյուղավորումներ: Ուստի միանգամայն հնարավոր է, որ այս տարածքը Արևմտյան Տիգրիսի ավազանում գտնվող Ամիդի դաշտավայրից կարող էր ձգվել մինչև Հայկական Տավրոս` ներառելով նաև առնվազն Աղձնիքի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածները :
Ա. Քոսյան, Մերձավորարևելյան ճգնաժամը և Հայկական լեռնաշխարհը, ՀՀ ԳԱԱ ԱԻ, Երևան-1999, էջ 84: 
Л. М. Головлева, Царство Алзи во второй половине II тыс. до н.э., Древний Восток, 1978, N 3, стр. 71.
Н. В. Арутюнян, Топонимика Урарту, АН АрмССР, Ереван, 1985, стр.18,19. И. М. Дьяконов, Ассиро-вавилонские источники по истории Урарту (=АВИИУ), ВДИ, 1951, NN 2-4 (1, прим. 18; 3 и прим. 6;4-7, 10 (I, 62 сл.; II, 89 сл.);11; 12; 21 и прим. 4; 23, прим. 61; 28 (35 сл.) и прим. 1; 40 (д, е); 50 (4); /B2/,  Г. А. Меликишвили, Урартские клинообразные надписи, Вестник древней истории, 1971, N3, стр. 235, Г. А. Меликишвили, Наири-Урарту, Тбилиси, 1954, стр. 89, 90, В. Н. Хачатрян, Восточные провинции Хеттской империи, Ереван, 1971, стр. 110, 114, 115, 119, 143, Гр. Капанцян, Хайаса-колыбель армян, АН АрмССР, Ереван, 1948, стр. 143, Гр. Капанцян, Хайаса-колыбель армян (в кн.: Историко-лингвистические работы, Ереван, 1957), стр. 144, Ա. Խաչատրյան, Միտանի-խարրի ժողովուրդը, Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտ, Ե., 1926, էջ 141, Հ. Մ .Ավետիսյան, Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մթա XVII-IX դդ., Երևան-2002, էջ 64, Г. М. Аветисян, Северная Месопотомия и юго-западные области Армянского нагорья, Ереван 1997, стр. 12, 13, Ռ. Ա. Նահապետյան, Աղձնիք, Հայագիտական հետազոտություններ, ԵՊՀ, Երևան-1974, էջ 162, Ռ.Ա.Նահապետյան, Աղձնիքը սեպագիր շրջանում, □Լրաբեր հասարակական գիտությունների□ ամսագիր, Երևան-1984, N1, էջ 55:
В. Н. Хачатрян, Восточные провинции Хеттской империи, Ереван, 1971, стр. 114-115.
Ա. Քոսյան, Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական աղբյուրների), ՀՀ ԳԱԱ ԱԻ, Երևան 2004, էջ 35:
Н. В. Арутюнян, Топонимика Урарту, АН АрмССР, Ереван, 1985, стр.18,19.
Н. В. Арутюнян, Земледелие и скотоводство Урарту, Ереван, 1964, стр. 116.
Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Ա, երևան, 1945, էջ 58:
Հ. Լինչ, Հայաստան: Ուղևորություններ և ուսումնասիրություններ, Կ.Պոլիս, 1913, էջ 87:
Տե՛ս Հայաստանի պատմության ատլաս, Ա մաս, Բ. Հ. Հարությունյան, Վ. Գ. Մխիթարյան, Երևան, 2007, էջ 6, 7: