ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ խմբագրել

Հին աշխարհի հզորագույն երկրներից մեկի՝ Վանի թագավորության վերջին փուլում հիմնված խոշորագույն կենտրոնը Թեյշեբա Աստծուն նվիրված Թեյշեբաինի քաղաքն է, որը Երեւանի ներկայիս տարածքում գտնվող հայտնի Կարմիր բլուրն է:

Ժամանակին միջնաբերդում հսկայական պեղումներ է կատարել ռուս հայտնի գիտնական Բորիս Պիոտրովսկիի՝ Էրմիտաժի նախկին տնօրենի արշավախումբը: Երկար պեղումների արդյունքում այդպես էլ չէր հայտնաբերվել դամբարանադաշտը:

«Հիանալի գիտեինք ամրոցի պատմությունը, նրա մշակույթը, ռազմական պաշտպանվածությունը, բայց չգիտեինք բնակիչների թաղման ծեսը, աշխարհընկալումները, հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները և, վերջապես, ովքեր են ապրել այստեղ, արդյո՞ք սա Վանի կենտրոնական շրջաններից եկած բնակչություն էր, թե՞ տեղաբնիկներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ներկայում Կարմիր բլուրում հնագիտական պեղումներ կատարող խմբի ղեկավար, Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Բոլոր այս հարցերին կարող էր պատասխանել դամբարանադաշտը: Պիատրովսկին այն այդպես էլ չգտավ։ Եվ գուցե դեռ երկար չգտնվեին այդքան կարեւոր դամբարանները, եթե չլիներ Երևանը շրջանցող արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կարող էր անցնել միայն Կարմիր բլուրի այդ հատվածով։

Մինչեւ ճանապարհի կառուցումը որոշվեց այդ հատվածում պեղումներ կատարել՝ արժեքավոր գտածոները չկորցնելու համար։ Աշխատանքներն սկսվեցին այս տարվա օգոստոսին։ Երեք ամիս տեւած պեղումների արդյուքնում հնագետները հայտնաբերեցին այն, ինչ այդքան փնտրում էր Պիատրովսկու արշավախումբը։

Գիտնականներն արդեն մոտ երկու տասնյակ գերխիտ դասավորված դամբարաններ են պեղել, յուրաքանչյուրի տրամագիծը՝ մոտավորապես 3-4 մ: Ենթադրվում է, որ միայն ճանապարհի տակ ընկած հատվածում շուրջ 500 դամբարան կա: Դրանց պեղումները, Հակոբ Սիմոնյանի խոսքով, վիթխարի ինֆորմացիա կբացահայտեն՝ առնվազն 5000 արտեֆակտ, որոնք հնարավորություն կտան շատ ավելի մեծ պատկերացում կազմել Հայաստանում ձևավորված հնագույն կայսրության մասին:

«Պատահական չէ, որ Վանի թագավորները հատուկ ուշադրություն էին դարձնում Արարատյան դաշտին որպես շտեմարան, որտեղ պատրաստել են ամենաընտիր գինիները, հացահատիկի հսկայական պաշարներ են այստեղ կուտակվել: Միայն Կարմիր բլուրում պահվել է մոտավորապես կես մլն լիտր գինի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Դամբարաններում կարևոր գտածոներից գիտնականն առանձնացնում է կուռքերը։ Դրանք տուֆի սալեր են՝ աչքերի փոսիկներով: Նման կուռքեր հայտնաբերվում են առաջին անգամ:

Մյուս հետաքրքիր արտեֆակտը զարդարված բրոնզե գոտին է, որով թաղված է եղել դամբարաններից մեկում գտնված երիտասարդը։ Վերականգվելուց հետո կերեւա ուսագոտու ամբողջական պատկերը։ Գոտու հետ հայտնաբերվել է նաեւ երկաթյա նիզակ:

Մեկ այլ դամբարանում թաղված է եղել խիստ բարձրահասակ, երկար մատներով կին՝ կիսաերկարաճիտ կոշիկներով, որոնք զարդարված են եղել բրոնզե ճարմանդով։ Այս գտածոները կարեւրագույն տեղեկություններ կարող են հաղորդել Վանի թագավորության ժամանակաշրջանի տարազի մասին:

Մյուս կարևոր հատկանիշը, Հակոբ Սիմոնյանի խոսքով, այն է, որ յուրաքանչյուր դամբարանում երկու կմախք է հայտնաբերվել, ընդ որում, մեկը՝ ամբողջական, մյուսը՝ դիամասնատված։ Ենթադրվում է, որ երկրորդը զոհաբերվել է ինքնակամ կամ բռնի։

«Հնարավոր է՝ զոհաբերվածը նրա ծառան կամ դայակն է եղել, մենք պետք է իմանանք թաղվածների միջեւ ազգակցական կապ կա թե ոչ։ Այսինքն՝ արդյոք դրանք նույն ընտանիքի անդամներն են, կամ գուցե պատկանել են լրիվ տարբեր էթնիկ խմբերի: Դրա համար արվում է ԴՆԹ հետազոտություն Կոպենհագենում: Մենք արդեն ուղարկել ենք երկու փորձանմուշ, որը կպարզի թաղվածների միջև եղած կապը և մեզ հնարավորություն կտա պարզելու տեղաբնիկների հետ ունեցած կապը, որովհետև այստեղ հայտնի են բավականին մեծ քանակի վաղ երկաթեդարյա թաղումներից հայտնաբերված մարդաբանական փորձանմուշներ։ Բացի այդ, վերջապես կարող ենք ենթադրել՝ կապ կա՞ այսօրվա եւ այն ժամանակվա բնակիչների միջեւ»:

Պեղումների ժամանակ Կարմիր բլուր արգելոց է այցելել Պիոտրովսկիի որդին՝ Միխայիլ Պիոտրովսկին, որը ցանկություն է հայտնել, որ «Էրմիտաժը» նույնպես մասնակցի պեղումների ընթացքին:

Պեղումներին որպես կամավորներ մասնակցում են 60-ից ավելի ուսանողներ։