Երկրի մակերևույթը վերափոխող արտածին ուժերի շարքում զգալի տեղ ունեն բեկորային նյութերով խիստ հագեցած, ընդհանուր ծավալի (մինչև 50-60, անգամ 70%) ահեղ, մեծ քայքայիչ ուժի, հանկարծահաս, կարճատև սելավները, որոնք մակերևութային ողողման և հողմնահարված նյութի տեղատարման գործում վիթխարի դեր են կատարում։ Սովորաբար, մեկ սելավի դեպքում, ընդամենը մի քանի ժամում, այնքան նյութ կարող է գետավազանից դուրս գալ, որքան նորմալ Էրոզիայի միջոցով տասնյակ տարիների ընթացքում։ Սելավները լայն տարածում ունեն երկրագնդի չոր և կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող լեռնային երկրներում։ ՀՀ տարածքի 45%-ը հայտնի է սելավային երևույթներով։ Սելավները հիմնականում տարածված են Մեղրի, Ողջի, Արփա, Արածո, Վեդի, Երախաջուր (Չաթմա), Մաստարա, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում, Արեգունի, Սևանի լեռնաշղթաների հարավահայաց լանջերին, ինչպես նաև Հրազդան, Քասախ, Ազատ, Որոտան, Ախուրյան գետերի ավազաններում։