Արծաթագործությունը հայկական ավանդական դեկորատիվ- կիրառական արվեստ է: Ժողովրդական ակունքներ ունեցող արվեստի այս ճյուղը ժամանակի ընթացքում եկել հասել է բարձր արվեստի մակարդակի: Իսկ այսօր մենք արդեն գործ ունենք ավանդույթներ ու նորօրյա զարգացումներ ունեցող արվեստի տեսակի հետ: Արծաթագործության ուղղություններից մեկը դրվագման եղանակով ստացվող գործերն են:

Այս ուղղությամբ լավագույն հետևորդներից է Գեղամ Բադալյանը, ով ապրում և ստեղծագործում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում: Ծնվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում: 1971-1973թթ. սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: 1978թվականին ավարտել է ԵՊՄՀ-ի գեղարվեստի ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժինը և աշխատել Վերին Արտաշատի դպրոցում' որպես կերպարվեստի, գծագրության, գեղագիտության ուսուցիչ: Միաժամանակ ղեկավարել է Վերին Արտաշատի գեղագիտության դպրոցը: 2000-ական թվականների սկզբից սկսել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով' դեկորատիվ-կիրառական արվեստով' արծաթագործությամբ: Նրա ստեղծաց աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: ՀՀ նկարիչների միության անդամ է: Նրա համար ներշնչման և ստեղծագործական որոնումների աղբյուր դարձավ մեր պատմության ուրարտական շրջանը' իր պատկերային հարուստ ու տպավորիչ կերտվածքով: Արծաթագործ-դրվագողը հաճախակի է լինում տարբեր' ավելի հաճախ Հայաստանի պատմության և այլ թանգարաններում: Մեր պատմական անցյալի արվեստի զարդանախշերն անկրկնելի օրինակներ են թողնում, և դրվագման միջոցով այդ ամենը նա փորձում է վերարտադրել արծաթի վրա: Նրանք, ովքեր ծանոթ են դրվագման արվեստին, կարող են վկայել, որ այն հեշտ չէ, քանի որ այս դեպքում թիթեղն է կամաց-կամաց պատկեր դառնում: Մի քանի միլիմետրանոց թիթեղը դրվագող-արվեստագետի ինքնատիպ ,,աճապարության,, միջոցով ոգի և էություն է ստանում: Բազում հարվածների միջոցով է ստացվում այն պատկերը, որ գծագրվել էր ճեպանկարում: Անկասկած, դրվագումը նուրբ արվեստ է: Իսկ այդ արվեստի հնարավորությունն իրացնելու համար ինքը' Գեղամ Բադալյանը, իր ձեռքով է գործիքներ պատրաստում, քանի որ միայն ինքը գիտի, թե ինչպիսի հարվածների միջոցով կարելի է ստանալ այս կամ այն պատկերը կամ կերպարը: Դրվագման անհրաժեշտ ծավալները ևս ինքն է ստեղծում: Ազգայինը հիմքերից հիմքն է նրա արվեստում: Դրան ավելանում է համամարդկայինը, և արդյունքում ստացվում են գործեր, որոնք ընկալելի են ցանկացած դավանանքի և աշխարհընկալման մարդկանց համար: Եվ պատահական չէ, որ իր գործերը գտնվում են տարբեր երկրներում: Գեղամ Բադալյանի ստեղծագործության հաջորդ շերտը առնչվում է Հայ առաքելական եկեղեցուն: Դրանք մոմակալներ են, Աստվածաշնչի կազմեր, ծիսական սպասք և այլն: