Ստեփան Սողոմոնյանի տուն, կառուցվել է 1890-ական թվականներին, Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում, 6-8։ Շինությունը մեկ հարկանի է, նկուղով, ունի ուղղանկյուն հատակագիծ։ Երկայնակի կրող պատը ներքին տարածությունը բաժանում է երկու մասի։ Շինությունում եղել է երկու նախասրահ, որի շուրջը խմբված են եղել սենյակները (30,6, 30,2 ք․ մ․)։ Բնակարանների մուտքը եղել է բակի կողմից, շենքի ճակատի երկայնքով ձգվող փայտե բաց պատշգամբասրահից։ Նախահարկը լուսավորվում էր փողոցին հարող պատուհաններով, և այնտեղ տեղ էին գտել տնտեսական սենյակները։ Կառույցի պատերը քարից են, շարված միդիս եղանակով, հարկային ծածկերը՝ փայտից։ Փողոցի կողմի ճակատամասը երեսպատված է սրբատաշ տուֆով, ձևավորված է ռուստավորված որմնասյուներով և հարկաբաժան գոտիով։ Պատուհաններն աղեղնաձև են՝ ձևավորված առաջ մղված ուղղանկյուն երեսակալներով։ Նկուղի և անցումների բացվածքներն ընդգծված են ձևավոր փականաքարերով։ Ճակատն ամբողջանում է քիվով և եզրապատով։ 1920-ական թվականներին այստեղ է ապրել երաժշտագետ Ռոմանոս Մելիքյանը

Բաբախանյանների եկամտաբեր տուն, կառուցվել է 19-20 դարերում, Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում 26։ Կառույցը երկհարկանի, ունի նկուղ։ Հատակագիծն Ս-աձև է, երեք բնակարանոց տուն է։ Գլխավոր մասնաշենքն ուղղանկյուն է, որտեղ հատակագիծը երկու շարքի է բաժանում երկայնական պատը։ Սենյակների նախնական չափերն են՝ 33 և 21,9 ք․ մ․, առաջին հարկի առաստաղի բարձրությունը 3,9, երկրորդինը՝ 4,5 մ։ Շենքի կենտրոնական մասում տեղավորված է նախասրահը և սանդղավանդակը։ Կողային մասերում կան երկու զուգաչափ բարձակային պատշգամբներ, ձախից՝ բակ տանող թաղակապ անցում։ Դեպի տարածքի խորքն են ձգվում միաշարք դասավորված սենյակներով կողային երկու թևերը՝ բակ ուղղված պատշգամբասրահներով Մասնաշենքի լայնությունը՝ պատշգամբասրահի հետ միասին, 6,5 մ է)։ Բաց աստիճանները սենյակները կապում են բակին։ Փողոց նայող հարավ-արևմտյան ճակատը զուգաչափ է։ Կենտրոնական առանցքում գլխավոր մուտքն է, որի վրա դրված է երկաթե նախշազարդ կալունակներին հենված երկթեք ծակը։ Եռանկյուն տիմպանում միջանցիկ նկար է՝ կենտրոնում քնար։ Պատը պսակում է սեգմենտավոր ճակտոնը, որի քանդակազարդ մասում «Բ» տառի հետ միահյուսված քարե ծածկագիր է։ Ձախ կողմում տեղադրված երթանցքը շեշտում է կամարը։ Մնացած խորշերն ուղղանկյուն են։ Ստորին պատուհանների ձևավորման համար կոպտատաշ (ռուստավոր) եզրաշերտ է օգտագործվել, երկրորդ հարկում՝ շրջանակալներ և ատամնաշարով զարդաքիվեր։ Որոշ վերակառուցումները և ներքին փոփոխությունները աղավաղել են տան սկզբնական հատակագիծը։