Իրավական գլոբալիզացիան որպես արդի դարաշրջանի օբյեկտիվ երևույթ

խմբագրել

Գլոբալիզացիան հասարակական գիտություններում արդեն մեծ տարածում գտած հասկացություն է : Լայն տարածում են գտել նաև այն պնդումները, ըստ որոնց մարդկությունն ապրում է մի ժամանակաշրջանում, երբ հասարակական կյանքի երևույթները մեծամասամբ պայմանավորված են գլոբալ գործընթացներով, որտեղ աստիճանաբար վերանում են ազգային մշակույթը, ազգային տնտեսությունը և ազգային այլ սոցիալ-տնտեսական երևույթները : Այս և նման ընկալումների գագաթնակետը վերջերս մեծ թափ ստացած տնտեսական և իրավական զլոբալիզացիայի գործընթացն է: Կարելի է պնդել, որ արդեն իսկ ձևավորվել կամ ձևավորվում է իսկապես գլոբալ տնտեսության, որտեղ իրենց դիրքերն են զիջում ազգային տնտեսությունները և հետևաբար, նաև վերջինս կառավարման ազգային ռազմավարությունները: Միջազգայնացվել է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը, որն այժմ պայմանավորված է անկառավարելի շուկայական ուժերով, որտեղ արդեն կարևորագույն դերակատարներն ու փոփոխությունների հիմնական կողմնակիցները, հիրավի, անդրագգային ընկերակցություններն են, որոնք կախված չեն որևէ պետությունից և տեղակայված են այնտեղ, որտեղ նշանակալի են գլոբալ շուկայի առավելությունները: Տեսական գրականության մեջ «գլոբալիզացիա» ենթադրում է որպես բազմաշերտ, լայնածավալ գործընթաց, որը միջազգային ասպարեզում ներառում է քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերը : Գլոբալիզացիայի գործընթացն, ըստ էության, օբյեկտիվ օրինաչափություն է, որը բխում է արդի ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումներից :Ինչպես նշում է Գ. Հարությունյանը. «Նոր հազարամյակ մարդկությունը թևակոխեց վերաիմաստավորման անհրաժեշտությամբ և հասարակական տեսության կանոնակարգման ու կայուն զարգացում երաշխավորելու լուրջ փնտրտունքներով... Շրջանառության մեջ դրված «գլոբալիզացիա», «ունիվերսալիզմ», «միջազգային ժողովրդավարություն», «համաշխարհային համակարգ», «վերպետա¬կան Սահմանադրություն» և բազում այլ հասկացություններ պահանջում են ոչ միայն իմացական, այլն իրավագիտական ու քաղաքագիտական խոր իմաստավորում, ժողովրդավարական պետության հիմնական սկզբունքների հետ այնպիսի բաղդատում, որպեսզի որոշակիացվեն կայուն և քաղաքակիրթ զարգացման չափանիշներ ու այդ ոլորտում միջազգային արդյունավետ գործակցության շրջանակները» : Գլոբալիզացիայի գործընթացի արդյունքները իրավական բնագավառում ներկայումս շոշափելի են հատկապես Եվրամիության շրջանակներում, որտեղ ընդունվել է միասնական Սահմանադրությայան նախագիծը և մշակվում է ընդհանուր քաղաքացիական օրենսգրքի նախագիծը : Եվրոպայի խորհրդի շրջանակներում իրավական գլոբալիզացիան հետամուտ է հետևյալ նպատակների իրականացմանը անդամ պետությունների (հատկապես հետսոցիալիստական) քաղաքական համակարգերի ժողովրդավարացում, իրավունքի գերակայության հաստատում և մարդու իրավունքիների պաշտպանության իրական երաշխիքների ապահովում: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ գլոբալիզացիայի գործընթացները սոցիալ-տնտեսական և իրավաքաղաքական ոլորտներում առայժմ ոչ բոլոր դեպքերում են դրական արդյունք տալիս, քանի որ ազգային համակարգերը գտնվելով զարգացման տարբեր աստիճանների վրա, դժվարությամբ են հարմարվում որակական նոր տնտեսական, սոցիալական և քաղաքական իրողություններին: Այս փաստը անհանգստացրել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպությանը, որն ընդունել է հատուկ ծրագիր «Գլոբալիզացիան մարդկային դեմքով», որտեղ մասնավորապես նշված է. «Նոր դարաշրջանում գլոբալիզացիայի մարտահրավերը նրանում չէ, որ կասեցնի գլոբալ շփումների զարգացումը: Մարտահրավերը նրանում է, որ մշակվի կանոններ և ինստիտուտներ տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում առավել արդյունավետ կառավարման համար, որպեսզի պահպանվի գլոբալ շուկաների առաջնայնությունը և, միաժամանակ, ստեղծվի անհրաժեշտ տարածություն, որտեղ մարդկային, համայնքային և բնական պաշարները ծառայեն ոչ միայն շահույթ ստանալու, այլև մարդկանց համար» : Պետությունների և ժողովուրդների տնտեսական, քաղաքական, իրավական և սոցիալական կյանքի վրա գլոբալիզացիայի ներգործության միջոցներն ու եղանակները տարբեր և բազմազան են: Մասնավորապես, իրավական ոլորտում առավել տարածված է միջազգային և տարածաշրջանային իրավական ակտերի փոխակերպումը ազգային օրենսդրությունում, ինչպես նաև ազգային իրավական համակարգում միջազգային իրավունքի գերապատվության ճանաչումը: Հայաստանի Հանրապետությունում դա արտահայտվել է ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական, մակարդակներում: Մասնավորապես, ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացնելուց հետո: Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո»: Իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքն առավել ընդլայնել է միջազգային իրավական ակտերի անմիջական գործադրման շրջանակները Հայաստանի Հանրապետությունում: Ըստ այդ օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի. «Միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանգրերը իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին»: Միջազգային իրավական գլոբալիզացիան, ամենից առաջ, ազդում է պետության իրավաստեղծ (օրինաստեղծ) գործունեության վրա բազմազան ձևերով ու եղանակներով, որոնք արտահայտվում են ազգային իրավունքի աղբյուրներում: Այդ գործընթացը առանձնահատուկ դրսևորումներ է ստանում հետսոցիալիստական իրավական համակարգերում: Քաղաքական և տնտեսական արմատական վերափոխումների հետևանքով իրավունքի համակարգում տեղի է ունենում ոչ միայն օրենսդրության փոփոխություն, այլն, ըստ էության, ձևավորվում է որակապես նոր իրավական համակարգ : Ազգային իրավունքի համակարգում այդ որակական փոփոխությունները հիմնված են միջազգային իրավունքի և արտասահմանյան երկրների փորձի վրա: Չնայած ազգային իրավական համակարգի որակական փոփոխությունները ոչ միշտ են հետևողական և նպատակաուղղված, այդուհանդերձ, դրանք հիմք հանդիսացան ժողովրդավարական հասարակության և շուկայական հարաբերությունների ձևավորման գործընթացի համար: Այսպես, օրինակ, նոր շուկայական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, չնայած իր հակասություններով և անկատարությամբ հանդերձ, ճանապարհ հարթեց շուկայական հարաբերությունների կանոնակարգման և քաղաքացիական շրջանառության զարգացման համար: Ազգային իրավական համակարգը գլոբալիզացիայի ազդեցության հետևանքով ձեռք է բերում մի շարք առանձնահատկություններ և նոր որակական հատկանիշներ, որոնք հանգում են հետևյալին. 1. օրենսդրական գործունեությունը հիմնվում է ժողովրդավարական սկզբունքների վրա, 2. ազգային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան (ոչ միշտ հետևողական) աստիճանաբար համապատասխանեցվում են միջազգային և տարածաշրջանային իրավական չափանիշներին, 3. իրավական հիմք է ստեղծվում սեփականության բոլոր ձևերի հավասարության և ազատ զարգացման, ինչպես նաև քաղաքակիրթ շուկայական հարաբերությունների ձևավորման համար, 4. իրավական երաշխիքների որոշակի համակարգ է ստեղծվում (օրինակ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիան վավերացնելը և դրա դրույթների փոխակերպումը ազգային օրենսդրության մեջ և այլ) անձի իրավական դրության բարելավման և նրա իրավունքների պաշտպանության ոլորտում: Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի, մարդու իրավունքների դատական պաշտպանության ինստիտուտը, որը, հնարավոր է միայն անկախ դատական իշխանության առկայության պայմաններում : Իրավական գլոբալիզացիան հզոր խթանիչ ուժ է տարբեր իրավական համակարգերի ինտեգրման համար: Սոցիալական ինտեգրացիան, իր դրսևորման բոլոր ձևերով ու տեսակներով, հասարակության գարգացմաև կարևոր նախապայման է: Ինտեգրացիայի շնորհիվ հասարակական պրակտիկան ձեռք է բերում նոր որակներ, հասարակական կառուցակարգերում երևան են գալիս նոր միավորումներ (պետությունների միության կամ համագործակցություն, պառլամենտական վեհաժողովներ, քաղաքական կուսակցությունների բլոկներ, մոդելային օրենսդրություն և այլն), որոնք խթան են հանդիսանում սոցիալական առաջընթացի համար: