Շրջափակում –բլոկադա

1.Միջոցառումների համակարգ, որով խոչընդոտվում են պետության արտաքին տնտեսական , քաղաքական կապերը` նրան որոշակի գործողություններից մեկուսացնելու կամ որոշակի գործողությունների հարկադրելու նպատակով:2.Ռազմական, հակառակորդի որոշակի օբյեկտի մեկուսացումը ցամաքից, ծովից և օդից` նրան ուժասպառելու և անձնատրության մղելու նպատակով: 3. Տնտեսական, պետության արտաքին առևտրական, ֆինանսական, վարկային և տնտեսական այլ կապերի լրիվ կամ մասնակի արգելումը նրա տնտեսության զարգացումը խոչընդոտելու նպատակով: սովորաբար ուղեկցվում է քաղաքական և հաճախ նաև ռազմական շրջափակմամբ, նույնիսկ առանց ռազմական գործողությունների: 4. Քովային, միջազգային իրավունքում միջոցառումների համակարգ, որ ձեռնարկվում է ռազմական բախումների ժամանակ:

  Ժամանակակից միջազգային իրավունքում խաղաղ ժամանակների շրջափակումը դիտվում է որպես ագրեսիայի դրսևորում: Խարաբաղյան պատերազմի ընթացքում և զինադադարից հետո ԱՀ ԼՂԻՄ (ԼՂՀ) դեմ հետևողականորեն կիրառել է շրջափակման  բոլոր տեսակները,բացառությամբ ծովայինի: Օգտվելով Լեռնային Ղարաբաղի անկլավային վիճակից` ԱՀ սկզբում փակել է ԼՂԻՄ-ի ճանապարհները` դժվարեցնելով սննդամթերքի  և այլ ապրանքների մատակարարումը: Դրա հետևանքով ԼՂՀ-ում, հատկապես 1992-ի սկզբին, սկսվել է սովը: ԱՀ նաև քաղաքական մեկուսացման է ենթարկելԼՂՀ` շատ դեպքերում թույլ չտալով Եվրախորհրդարանի, ԽՍՀՄ և ՌԴ ԳԽ պատգամավորների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը հանրապետություն:

Շրվական:

Գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում`շրջկենտրոնից 55 կմ հյուսիս-արևմուտք` Հռչանց գետի վերին հոսանքի աջափնյա ձորալանջին: բնակչությունը` 23: զբաղվում են անասնապահությամբ: գյուղից գետի հոսանքով 2 կմ դեպի ներքև Կատոսավանքը: Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել է 1999-ին` Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականով:

Շուշի

Քաղաք ԼՂՀ-ում` համանմուն վարչական շրջանի կենտրոնը` Ստեփանակերտից 11 կմ հարավ 1238-1533 մ բարձրության վրա` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջ կողմում: Բնակչությունը `3500:

Պատմական ակնարկ:

8 Մայիս 1992, Շուշի. Հայոց Պատմութեան Մեծ Յաղթանակին Փառքն Ու Ողբերգութիւնը


ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ 8 Մայիսը պատմական յիշարժան թուական դարձաւ եւ փառաւոր իր տեղը գրաւեց հայոց յուշատետրին մէջ 1992ին, երբ Արցախ աշխարհի հինաւուրց բերդաքաղաք Շուշին ազատագրուեցաւ հայ ժողովուրդի հերոսական զաւակներուն ռազմական բացառիկ սխրանքով։ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը պաշտօնապէս Մայիս 9ին կը մեծարէ «Շուշիի ազատագրման եւ յաղթանակի» պետական տօնը։ Իսկ Հայաստանի հանրապետութեան պաշտօնական տօնացոյցով Մայիս 9ն հռչակուած է «Յաղթանակի Օր»։ Թէ՛ իբրեւ ազգային–ազատագրական պայքարի յանդուգն նախաձեռնութիւն եւ թէ, մանաւա՛նդ, իբրեւ ռազմական փայլուն գործողութիւն, Շուշիի ազատագրման միօրեայ յաղթական գրոհը, 8 Մայիս 1992ին, ազգային–քաղաքական իր նշանակութեամբ կարեւորագոյն դարձակէտ մը խորհրդանշեց հայ ժողովուրդի բազմադարեան պատմութեան համար։ Դրաւ սկիզբը Արցախի ազատագրութեան յաղթարշաւին։ Աւելի՛ն. Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը ոչ միայն յաղթական հիմը դրաւ Արցախի վերատիրացման պայքարին, այլեւ՝ ռազմաքաղաքականօրէն ապահովեց վերանկախացեալ Հայաստանի հանրապետութեան ազգային անվտանգութիւնը։ Բարձրանիստ բերդաքաղաքի անառիկ իր դիրքով յատկանշուող Շուշին ոչ միայն վերջին քսանամեակին, այլեւ հայ ժողովուրդի հազարամեակներու պատմութեան բոլոր թէժ պահերուն, բայց յատկապէս 17րդ դարէն սկսեալ թափ առած հայոց ազգային–ազատագրական պայքարի բախտորոշ բոլոր վերիվայրումներու ընթացքին, խորհրդանշած է հայկական ինքնութեան, ինքնուրոյնութեան եւ ազատ ու անկախ ապրելու ազգային կամքին բարձունքներէն մէկը՝ անառիկ եւ հերոսական։ Միջին դարերուն Շիկաքար բերդաքաղաքի անունով հռչակուած Շուշին մեր ժամանակները թեւակոխեց իբրեւ հայկական լեռնաշխարհի եզակի արծուեբոյններէն մէկը։ Հակառակ դարերու ընթացքին կատարուած այլացեղ ասպատակութեանց եւ բռնագրաւող ուժերու կողմէ նախաձեռնուած՝ հայկական այս հինաւուրց ոստանը օտարամուտ տարրերով բնակեցնելու եւ հայաթափման ենթարկելու փորձերուն, Շուշին ե՛ւ պահպանեց հայկական իր ազգային դիմագիծը, ե՛ւ դարձաւ հայ մշակոյթի ու դպրութեան, այլեւ հայ քաղաքական մտքի ու ռազմական տաղանդի զարգացման կարեւորագոյն բնօրրան մը։ 1895ին Շուշի անդրկովկասեան յայտնի գիւղաքաղաք էր 30 հազար բնակչութեամբ, որուն 21 հազարը հայ էին։ Շուշիի Թեմական դպրոցը կը հանդիսանար, ատենին, ողջ հայաշխարհի կրթական հինգ կարեւոր կրթօճախներէն մէկը, ուր թրծուեցան թէ՛ հայ ազգային–ազատագրական շարժման գլխաւոր դէմքերէն շատեր, թէ՛ հետագային՝ խորհրդային դարաշրջանին, Կարմիր Բանակի մեծանուն զօրավարներ դարձած հայ գործիչներ։ Հայաստանի անկախութեան կերտման եւ Հայաստանի հանրապետութեան հիմնաւորման տարիներուն, 1918–1921 թուականներուն, Շուշին առաջաւոր դիրքը եղաւ Հայկական Դիմադրութեան՝ արեւելքէն եւ հիւսիս–արեւելքէն Հայաստանի ու հայութեան գոյատեւման սպառնացող թուրք–թաթար ազերիական վտանգին եւ ներխուժման փորձերուն դէմ։ Արցախի հայութեան ազգային–ազատագրական պայքարը ղեկավարելով՝ Շուշին հերոսաբար դիմադրեց համաթրքական գրաւման վտանգին եւ տեղի տուաւ միայն Հայաստանի խորհրդայնացումէն ետք, երբ Ստալինեան կամայականութեամբ պարտադրաբար կցուեցաւ Խորհրդային Ադրբեջանին իբրեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ։ Խորհրդային լուծի տակ Շուշին հետեւողականօրէն ենթարկուեցաւ ատրպեճանական հայաթափման քաղաքականութեան, բայց արցախահայութիւնը երբեք չհամակերպեցաւ ճնշումներուն։ Իսկ երբ 1988ին արցախահայութիւնը բար-ձրացուց Հայաստանի հետ Միացման դրօշը, ազերիական բանակի անառիկ յենակէտ դարձած Շուշին պատուհաս դարձաւ ողջ Արցախի գլխուն, յատկապէս իր անմիջական ստորոտը գտնուող ԼՂԻՄի մայրաքաղաք Ստեփանակերտը մնայուն ռմբակոծումի տակ առնելով։ Այս բոլոր առումներով հայկական հերոսութեան ու դիւցազնական խոյանքի փառահեղ մարմնաւորումը եղաւ 8 Մայիս 1992ի Շուշիի ազատագրման ռազմական գործողութիւնը, որ պատմական նշանակութիւն զգեցաւ նաեւ իր առաջացուցած ազգային միասնականութեամբ։ Հայկական գրոհը սկսաւ բոլոր ուղղութիւններով՝ Արցախեան Ազատամարտին զինուորագրուած հայ մարտիկներու բոլոր միաւորներուն մասնակցութեամբ, կանոնաւոր բանակայիններ ըլլան անոնք թէ Հայաստանի տարբեր շրջաններէն եւ սփիւռքեան հայօճախներէն Արցախ փութացած նորօրեայ ֆետայիներ։ Դաշնակցութեան դրօշին տակ համախմբուած ազատամարտիկներ ըլլան անոնք, թէ 1988ի համաժողովրդական շարժման ալիքին հետ կեանք առած ջոկատներու անդամ «մահապարտներ» կամ «երկրապահ կամաւորականներ»։ Անշուշտ, յանդուգն այդ գրոհին ընթացքին, առասպելատիպ հայ հերոսներու արիւնէն ծանր գին վճարեցինք անառիկ Շուշին ազատագրելու համար։ Բայց ազատութեան եւ յաղթանակի ուղին միշտ ալ արեամբ ներկուած է եւ, կռուի դաշտին վրայ ինկած նոյն այդ հերոսներու արեան գնով, թանկագին իր արժէքն ու նշանակութիւնը նուաճած է ազատագրական պայքարի իւրաքանչիւր յաղթանակ ոչ միայն հայ ժողովուրդի, այլեւ՝ բոլոր ժողովուրդներու պատմութեան մէջ։ Հայոց յուշատետրի 8 Մայիսի էջով՝ Շուշիի ազատագրութեան այս փառապանծ յաղթանակին մէջ, ամէն բանէ առաջ եւ վեր նախ կ՛արժեւորենք մեր ժողովուրդի արի այրերուն միասնական յանդգնութիւնն ու հերոսութիւնը։ 8 Մայիս 1992ի գրոհով հայկական ուժերը նուաճեցին երազը, ազատագրեցին Շուշին եւ ճամբան հարթեցին Հայաստանի հետ սահմանի ողջ երկայնքով Արցախի վերատիրացումին։ Արցախի իրողական ազատագրումին եւ Հայաստանի հետ միացումին ամրակուռ անկիւնաքարը հանդիսացաւ Շուշիի վերատիրացումը, որուն փառքի մետալին ողբերգական երեսը դարձաւ, սակայն, ազատագրուած Շուշիի պահպանման, վերաշինութեան եւ բարգաւաճման ճակատին վրայ հայոց պետութեան եւ հայ ժողովուրդին հաւաքական դանդաղաշարժութիւնը։ Այդ իմաստով ալ Մայիս 8ի ամենամեայ ոգեկոչումը կը ծառայէ շեշտելու, Յաղթանակի Օրուան փառաբանանքի կողքին, միաժամանա՛կ, Շուշիի վերաշինութեան, վերաբնակեցման ու նորովի ծաղկման պայքարին համազգային ուժերով լծուելու հրամայականն ու պարտաւորութիւնը։ Շուշիի ազատագրութեան համար ինկած հայ ժողովուրդի մեծ ու հերոս զաւակներներուն պարտք ենք տակաւին ամբողջ Արցախի իրողական անկախութեան եւ Հայաստանի հետ միութեան պահպանումն ու նաեւ իրաւական ճանաչումով հաստատագրումը։ Պարտք ենք, մանաւա՛նդ, Արցախեան բոլոր շէներու եւ, այդ շարքին առաջնահերթաբար, Շուշիի վերաբնակեցումն ու բազմակողմանի զարգացումը։ Թէեւ ուշացաւ Հայաստան Համահայկական Հիմնադրամին կողմէ Շուշիի վերաշինութեան տարուան հռչակումը, բայց ահա՛ փաստօրէն մեր սերունդը դէմ յանդիման կանգնած է ինքնահաւատարմութեան մեծագոյն փորձաքարին։ Շուշիի ազատագրութեան համար թափուած հերոսներու արիւնը արդէն դարձած է սրբազան Կտակ՝ արեամբ նուաճուածը ամէն գնով պահպանելու, այլ մանաւանդ զարգացման ուղիով արմատաւորելու եւ անդառնալիօրէն հայացնելու, իբրեւ ազգային անկորնչելի հարստութիւն գալիք սերունդներուն աւանդ յանձնելու։ Որպէսզի միշտ հպարտութեամբ յիշատակուի փառքը 8 Մայիս 1992ին հայ ժողովուրդի բացած լուսաւոր դարաշրջանին՝ հայոց պատմութեան մերօրեայ մեծագոյն յաղթանակին։