Դռներ

Նախ այստեղ՝ մեր ներսի երկնքում

և հետո երկրում այս երկնքի,

և հետո երկնքի

         ու երկրի արանքում.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Եվ ուրիշ էլ բառեր չկան

կամ բառ է ամեն ինչ արդեն.

բայց դե՛ռ

գոյության սյուները կանգուն են,

մենք մեր մեջ կանք ու դեռ կանգուն ենք.

ամեն ինչ կարծես թե կանգուն է,

քանի դեռ անթաքուն մոգությամբ

օրենսկարգ քուրմերը չեն ոգել.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Եվ ուրիշ էլ բառեր չկան,

ինչ որ կա, դռներից այն կողմ է…

Ինչ որ կա, մեր դեմքն է

մեր ցավի տրոփից աղավաղ,

մեր տենդն է մեր երգով խնկարկու,

բյուրամյա մեր կիրքն է տոկալու,

մեր ձեռքն է դաստակից կտրված,

որ մինչ այդ մի ծաղիկ էր փրկում

թրատվող խոտերի միջից

ինձ ու ձեզ, ինձ ու ձեզ ժպտացող

և ընդամենը…

երկու օրական:

Եվ կա՛ն,

կան դե՛ռ

ձեռքեր այդպիսի

մինչևիսկ մեր կռնատ

    հիշողության խորքում:

Եվ կում-կում քամվում է մեր քունը.

նրա՛նը, և ի՛մը, և քո՛նը,

ինչ-որ տեղ անընդհատ անկում է,

ինչ-որ տեղ տափակ է, անգույն է,

թե երգ է, անընդհատ փախչում է.

թե լույս է, անընդհատ հանգչում է

և նույնն է… թափանցիկ-թաքուն է

նրա՛նը, և ի՛մը, և քո՛նը.

սա իջնող վերե՞լք է,

թե՞ ելնող անկում է.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Ապրում ենք: Ամեն ինչ կարգին է:

Դռներից այն կողմ այս կինը

սիրահար, սիրազեն ու մաքուր…

իսկ հիմա ահա անձայն հագնվում է.

կուշտ ժպիտի դեմ

       չսիրած տղամարդու,

          անձայն հագնվում է,

անձայն արտասվելով անձայն հագնվում է.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Դռները-դարբասները մեր բարության,

Չխաղարկվող ցավի,

և մարդկային, և բարկ մեր կարեկցանքի,

որոնց մեջ բառերը…

Եվ քանի դար է մենք չենք զարմանում.

ծառերը ծաղկում են – մենք չենք զարմանում,

երեխան ծնվում է – մենք չենք զարմանում ,

աշխարհը… հրա՜շք – մենք չենք զարմանում,

որտե՞ղ փառակալեց զարմանքի մեր անկյունը.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Եվ հիմա եկել ու փրկում են,

Մեր աչքերը՝ մեզնից

և մե՛զ

հիշողության անտարեդարձ ցավից –

          փրկում են,

փրկագինը այն է, ինչ որ չի փտում –

          փրկում են

ոսկեղենիկ լեզու-խայտածփյալ արյուն,

քո ո՞ր բառի խորքում փրկվենք քեզնից –

          փրկում են,

անդաշնության մորմոք սոթլիկ մեր օրերի

թե կարող ես, ինքդ փրկվիր մեզնից –

          փրկում են

արմատ ենք՝ մեր հողից փրկում են,

կարոտ ենք՝ ձայներից փրկում են,

մեզ մեզնից եկել – փրկում են.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Ո՛չ մեկը: Հենց մենք ենք՝ միայն մենք,

որ մեր մեջ մեր Կերպը լքում ենք,

մեր խորքում մշակում ու կոկում,

և քանի շատ է մարդկային մեր մեղք –

մեր սիրո մաղձի մեջ փափկում է,

    քաղցրանում ու փափկում,

    քաղցրանում ու փափկում.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Հոգնել ենք: Դժվար է կանգնելը ամբողջ հասակով

                      սեփական խորքում:

Ապրում ենք: Ինչ կա որ՝ ապրում ենք.

ծաղիկը չի պոկվում, պոկում են:

Հաշվում են: Կամ արդեն հաշվել են,

որ մենք… որ հիմա… որ հետո…

Եվ մեզ հետ իրենց հաշիվներն արդեն

փակել են, կամ արդեն փակում են.

-Զգուշացեք, դռները փակվում են:

Դռների արանքում սեղմվել՝ նայում ենք.

շնչահեղձ ձկան պես նայում ենք,

Տեր աստված, ո՞վ է այս մանուկը,

որ այսպես դեպի մեզ է վազում,

վազում է, կանչում է, ասում է՝

տեսեք, արևը ծագում է,

       ինչ լավ է, ծագում է,

տեսեք, ծառերը ծաղկում են,

       ինչ լավ է, ծաղկում են…

…լսո՞ւմ եք, արևը ծագում է,

լսո՞ւմ եք, ծառերը ծաղկում են,

    լսո՞ւմ եք, դռները, դռները…