Ճշտումներ Գէորգ Դպիր Պալատեցու կյանքից խմբագրել

Գևորգ Պպիր Պալատեցին ծնվել է 1736 թ.ին Կոստանդնուպոլսի Պալատ թաղամասի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու ավագերեց Երկայն տեր Հովհաննես քահանայի ընտանիքում: Նա արմատներով Բաբերդից էր: Նրա հայրը` բնիկ բաբերդցի Երկայն տեր Հովհաննեսը, և հորեղբայրները Պոլիս են գաղթել ջալալիների ապստամբության տարիներին: Այստեղ նրանք բնակություն են հաստատել Սուրբ Նիկողայոս եկեղեցու շրջակայքում, իսկ ավելի ուշ` Սուրբ Հրեշ¬տակապետ եկեղեցու մերձակայքում: Երկայն տեր Հովհաննեսը քահանա է ձեռնադրվել. նրա եղբայրներից Դավիթը ջրկիր էր, Աբրահամը` դերձակ: Երկար տարիներ լինելով ընտանիքի միակ զավակը՝ հայրը՝ տեր Հովհաննես քահանան, իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է նրա վրա, որից հետո Պալատեցին իր գիտելիքների մեծ մասին հասել է ինքնակրթությամբ: Լինելով ուշիմ եւ խելացի տղա` նա իր ջանասիրության և համառության շնորհիվ կարողանում է սովորել մի շարք լեզուներ, բնականաբար, գերազանց տիրապետելով նաև գրաբարին: Նա իր համեստ կյանքով, վարք ու բարքով մեծ համբավ էր վայելում հայ ամիրաների շրջապատում: Մեծ հարգ ու պատիվ ուներ նաև հույն, հրեա հոգևոր և աշխարհիկ առաջնորդների միջավայրում: Նա հունարեն էր դասավանդում նույնիսկ ազգությամբ հույն պաշտոնյաների զավակներին: Բացի այն, որ հայ ամիրաներն իրենց որդիների դաստիարակության և կրթության հարցը վստահում էին Գևորգ Դպիրին, նրանք նաև իրենց խորհրդականն էին դարձրել նրան ազգային գործերի կառավարման մեջ: Պալա¬տեցին շատ լավ գիտեր ոչ միայն բազմաթիվ լեզուներ, այլև քաջատեղյակ էր պատ¬մո¬ւ¬թյանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, կրոնագիտությանը: Նա հմուտ թարգմանիչ էր, բառարանագիր, լեզվաբան, պատմաբան, նաև կրոնագետ ու բազմակող¬մանի ընդունակությունների տեր:

Բազմաբնույթ է Գևորգ Պալատեցու մատենագրական ժառանգությունը: Տիրապետելով մի շարք լեզուների` նա ոչ միայն թարգմանություններ է կատարել այդ լեզուներից, այլև դրանցից մի քանիսի համար կազմել է քերականական ձեռնարկներ, բառարաններ, գրել պատմական աշխատություններ` օգտվելով օտար սկզբնաղբյուրներից: Կատարել է սրբագրական բազում աշխատանքներ: Մեծ է եղել նրա աշխատանքը նաև ձեռագրերի հայ¬թայթման, ընդօրինակման բնագավառում: Իր կյանքի ողջ ընթացքում Պալատեցին զբաղվել է ձեռագրեր ընդօրինակելով և սրբագրություններ անելով, որն էլ եղել է նրա օրվա ապրուստը հոգալու հիմնական միջոցը: Նա թողել է լեզվաբանական և պատմական կարևոր աշխատություններ: Գրել է բանաստեղծություններ, որոնցից միայն մի քանիսն են մեզ հասել: Անգնահատելի է նաև Գևորգ Պալատեցու թողած ժառանգությունը բժշկության ասպարեզում. Պալատեցին հայ բանասիրության պատմության մեջ անմահացել է իր պարսկերեն-հայերեն բառարանով, որն իր կառուցվածքով եւ բովանդակության առանձնահատկությամբ ինքնատիպ է և անկրկնելի: Պալատեցու թողած ժառանգության մի մասը մեզ չի հասել: Պալատեցու կյանքի մի զգալի հատվածը կապված է Մխիթարյան Միաբանության գործունեության հետ: Նրանց հետ կապն առաջին անգամ եղել է 1776թ.: Կապը Մխիթարյան Միաբանության հետ Պալատեցին շարունակել է մինչև իր մահը` 1811թ.: Այդ ընթացքում նրան հաջողվել է բազմաթիվ ձեռագրեր, լավագույն տպագիր օրինակներ ձեռք բերել և ուղարկել Վենետիկ: Մխիթարյանների համար հայթհայթած ձեռագրերի մեծ մասը Պալատեցին անձամբ էր ընդօրինակում, իսկ ծայրահեղ դեպքում հանձնարարում էր ուրիշներին, վերջում համեմատելով բնօրինակն ու ընդօրինակված ձեռագիրը` կատարում էր սրբագրական աշխատանքներ: Գևորգ Դպիր Պալատեցին ամուսնացած չի եղել, վարել է առաքինի ու համեստ կյանք` իր ապրուստը վաստակելով իր գրչով և ուսուցչությամբ: Նա իր ողջ կյանքն անց է կացրել հին ձեռագրերն ընդօրինակելով ու ստեղծագործելով: Իր ծերության վերջին տարիներն ապրել է Պալատի Ս. Հրեշտակապետ եկեղեցու խցերից մեկում՝ առանձնացած, բայց ոչ կտրված դրսի աշխարհից: Գևորգ Պալատեցին մահացել է 1811թ-ի նոյեմբերի 23-ին: Նա իր գրական ողջ ժառանգությունը կտակել է Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը: Նա այն բանասերներից էր, ում աշխատություններն ու թարգմանությունները ընդօրինակվել են դեռևս իր կենդանության օրոք, իսկ որոշ գործեր էլ նույնիսկ տպագրվել: Գևորգ Դպիր Պալատեցու դին ամփոփված է Պոլսի Էտիրնէ-Գաբուի հայոց գերեզմանատանը՝ Էյուպ նայող կողմի վրա: Մահից մի քանի տարի անց Դպիրի մտերիմ բարեկամ Հարություն Պեզճյան ամիրան պատրաստել է տալիս նրա տապանաքարը, որի ար¬ձանագրությունը շարադրել է Հովհաննես Եզեկյանը: Գևորգ Դպիր Պալատեցին 18-րդ դարի այն բանասեր մտավորականներից էր, ում բազմաբեղուն գրիչը երբևէ չի դադարել գործել: Թողնելով բազմաբնույթ արժեքավոր աշխատություններ` նա իր մասնակցությունն ունեցավ 18-րդ դարի վերածննդին:


Այվազյան Ա.․, Շար հայ կենսագրությանց, հ․ 1, Կ.Պոլիս, 1893։ Հ. Ս. Ճեմճեմեան, Գէորգ Դպիր Տէր Յովհաննիսեան (Պալատեցի) և Մխիթարյանները, Վենետիկ-Ս. Ղազար, 1984։ Չուգասզեան Բ. Գէորգ Դպիր Պալատեցու կեանքի և գործունեութեան տարեգրութիւն. 1737-1811, Եր., 1994։