ԼԵՎՈՆ-ԲԵԿ

(ԱՎԱԼՅԱՆ (ՄԵԼԻՔ-ԱՎԱԼՅԱՆ) ԼԵՎՈՆ ԱՐՏԵՄԻ)

Ազգային գործիչ

Ծնվել է 1879 թվականի ապրիլի 25-ին, Ղազախի գավառի Բերդ գյուղում: Սովորել է Բերդի դպրոցում՝ աշակերտելով վաստակաշատ մանկավարժ Մովսես քահանա Անանյանին: Հորեղբոր՝ տաղանդավոր դերասան Մկրտիչ Մելիք-Ավալյանի աջակցությամբ տեղափոխվել է Թիֆլիս և ընդունվել Ներսիսյան դպրոցը, շփվել ժամանակի ճանաչված մտավորականների՝ դերասաններ Պ. Ադամյանի, Աստղիկի, Ազնիվ Հրաչյայի, Սիրանույշի, Մ. Մնակյանի, գրողներ Ղ. Աղայանի, Հովհ. Թումանյանի, Լ. Շանթի և ուրիշների հետ: Թարգմանության հարցերում աջակցել է հորեղբորը՝ խմբագրելով նրա թարգմանած Հ. Իբսենի <<Նորա>>, Մոլիերի <<Ակամա բժիշկը>>, <<Տարտյոֆ>>, Դյումա-հոր <<Քին>>ստեղծագործությունները:

Ներսիսյան դպրոցի միջավայրում ձևավորվում է Լևոն Մելիք-Ավալյանը՝ որպես ազգային գործիչ ու գրականության մշակ: Մանկավարժական գործունեություն է ծավալել մի շարք տարածաշրջաններում:

1918-ին Լևոն Մելիք-Ավալյանը ՀՅԴ կառավարության կողմից նշանակվել է Ղազախ-Շամշադինի գավառապետ, ապա տարածաշրջանի խաղաղորդ:

1920 թվականի դեկտեմբերին բոլշևիկների կողմից ձերբակալվել է և պահվել Չորաթանի շարժական բանտում: Շամշադինի հեղկոմի նախագահ Ն. Զարգարյանի իմացությամբ կազմակերպվել է Լևոն Մելիք-Ավալյանի (Լևոն-Բեկ) փախուստը:

Դեգերումից հետո ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 1959-ին Խորհրդային Հայաստան է այցելել կինը, ու հանկարծամահ է եղել: Երեք տարի անց ներսիսյանական իր ընկերոջ՝ ճանաչված գրականգետ և թարգմանիչ Համազասպ Համբարձումյանի որդու՝ աշխարահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի օգնությամբ կազմակերպվել է Լևոն-Բեկի այցելությունը հայրենիք: ԱՄՆ վերադարձից մեկ օր առաջ վախճանվել է Բերդում՝ 1962 թվականին, 83 տարեկանում:

Լևոն-Բեկի անունով է կոչվում Բերդի փողոցներից մեկը: