Ուսանողական շարժումները Հայաստանում

խմբագրել
 
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներ։

Արցախյան շարժման ժամանակ Երևանում ընթացող հանրահավաքներին մեծապես մասնակցում էին ուսանողներ։ Հայաստանի անկախության հռչակումից ու Արցախյան պատերազմի ավարտից հետո նրանց ակտիվությունը նվազեց։ Այն կրկին ակտիվացավ 2013 թվականին, երբ Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարեցին քաղաքային տրանսպորտի՝ 50%-ով թանկացման մտադրության մասին (գինը 100 դրամից դառնալու էր 150 դրամ)։ Սա հանգեցրեց բողոքի ակցիաների, արդյունքում քաղաքային իշխանությունները հրաժարվեցին այդ մտքից։ Հաջորդ այդպիսի շարժումը դարձավ «Էլեկտրիկ Երևան»-ը։ Մի խումբ ակտիվ ուսանողներ բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշման դեմ։ Այս ակցիաները ճնշվեցին իշխանությունների կողմից։ Կիրառվեցին ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ` ակցիաները ցրելու համար[1]։

Ուսանողների հաջորդ շարժումը սկսվեց 2017 թվականին։ ԵՊՀ-ի մի խումբ ուսանողներ իրենց անհամաձայնությունն էին արտահայտում Կառավարության որոշման դեմ, որով տարկետումը վերացվում էր։[2] Այս շարժման ընթացքում ձևավորվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որը հետագայում վերածվեց «Ռեստարտ»[3] գիտակրթական շարժման։ Այս շարժման հետևանքով է հրաժարական տվել նաև ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Ուսանողները լուրջ ազդեցություն են ունեցել նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության վրա, որոնք հանգեցրին նույն տարվա ապրիլի 17-ին վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականին։[4]

2018 թվականի իրադարձություններից հետո ուսանողական շարժումների ծավալը և մասշտաբայնությունը որոշակիորեն նվազեց։ Բողոքի և անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան նաև 44-օրյա պատերազմից հետո` 2020-2023 թվականներին՝ իշխանության հրաժարականի և արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով, որոնք սակայն մասշտաբային չէին ու որևէ արդյունքի չհանգեցրին։[5]

  1. Պապյան, Արթուր (Հունիսի 13, 2015). «Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների, լրագրողների նկատմամբ». azatutyun.am.
  2. «Տարկետման իրավունքի փոփոխման դեմ բողոքող ուսանողական ակցիան շարունակվում է». shantnews.am. 15.11.2017.
  3. «Ռեստարտ». infocom.am.
  4. Սայադյան, Լիանա (22.04.2018). ««Սա քաղաքակրթությունների պայքար է, ուսանողությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի փտած համակարգի դեմ». հանրահավաք Հանրապետության հրապարակում». hetq.am.
  5. Մկրտչյան, Անուշ (24.07.2023). «Բողոքի ակցիա Երևանում՝ հանուն Արցախի ապաշրջափակման, փակվել էին մի քանի կենտրոնական փողոցներ». azatutyun.am.