<<ԱՌՕՐՅԱ>> ԵԶՐՈՒՅԹԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԴԱՐԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ խմբագրել

Առօրյան ինքնուրույն հետազոտության առարկա է դարձել միայն 20-րդ դարի կեսերին։ Այս ժամանակաշրջանում Արևմուտքում առօրյայի վերաբերյալ մի շարք հրապարակումներ են կատարվում։ Տարբեր մասնագետներ այն տարբեր կողմերից են դիտարկում։ Առօրյայի ուսումնասիրման մեջ մեծ ներդրում ունեն ֆենոմենոլոգիական, էկզիստենցիալիստական, հերմենևտիկական, հետմոդեռնիստական հայացաքների տեր գիտնականները։ Առօրյայի մասին ուսումնասիրություններ կատարած ամենանշանավոր հետազոտողներից են Է. Հուսեռլը, Վ. Դիլթայը, Գ. Ռիկերտը, Մ. Հայդեգերը, Ժ-Պոլ Սարտրը, Ա. Հոֆֆմանը, Ժ. Բոդրիյարը, Է. Լևինանսը և ուրիշներ։ Հենց նրանց աշխատանքներում ընդհանուր տեսության և մեթոդոլոգիայի շրջանակներում ի հայտ են գալիս առօրյայի մասին առաջին հետազոտական աշխատանքները։ Առօրյան` որպես մարդու և հասարակության կենսագործունեության յուրահատուկ ոլորտ, պայմանավորված սոցիալական կեցության և հաղորդակցման ձևերի քաղաքա-տնտեսական ոլորտներով, դիտարկվում է Գ. Զիմմելի, Խ. Օրտեգա ի Գասսետի, Մ. Վեբերի, Է. Հուսեռլի, Ա. Շյուցի , Տ. Լուկմանի, Պ. Բերգերի, Գ. Գադամերի, Յ. Հաբերմասի, Ն. Լումանի կողմից։ Ժամանակակից հասարակությանը վերաբերող առօրյայի խնդիրները դիտարկվել են Դ. Բելի, Է. Գիդդենսի, Զ. Բաումանի, Ն. Լումանի աշխատանքներում։ Առօրյայի մասին առաջին պատկերացումները և նրա իմաստավորման փորձերը ձևավորվել են դեռևս հին հունական փիլիսոփայության մեջ։ Անտիկ ժամանակաշրջանում մարդը կարողացել է ազատ կառուցարկել իր իրականությունը, ըմբռնել կյանքի իր սեփական արվեստը, և ոչ թե նորմավորել իր վարքը արտաքին պահանջներին համապատասխան։ Առօրյան Անտիկ դարաշրջանի կենտրոնական խնդիրը չէր համարվում, բայց դրա առանձին տեսանկյունները դիտարկվել են Անտիկ փիլիսոփաների կողմից։ Առօրյա կյանքի և դրա կազմակերպման հարցերը քննարկվել են Պյութագորասի, Պլատոնի, Էպիկուրի և Արիստոտելի կողմից։ Անտիկ շրջանի առօրյայի (առօրեականության) առանձնահատկությունը դրա դիցաբանական բնույթն է։ Հին հույների համար բնութագրական էր կազմակերպել իրենց կեցությունը ամեն տեսակ ավանդույթների, նորմերի, ծեսերի միջոցով։ Իրենց ուժերի և հնարավորությունների սահմանափակ լինելու գիտակցումը հանգեցնում է աստվածներին երկրպագելու և ապավինելու անհրաժեշտությանը, փորձ է կատարվում արժանանալ նրանց գթասրտությանը, մարդիկ ձգտում են խաղաղ համագոյակցել ջրահարսերի, այծամարդկանց և կիկլոպների հետ, որոնք ևս անտիկ մարդու առօրյա աշխարհի մի մասն էին կազմում։ Դիցաբանությունն իր հերթին պարունակում է մարդկանց առօրյա կյանքի շատ գծեր։ Աստվածները կատարելագործված մարդիկ էին, որ ապրում էին միևնույն կրքերով, միայն թե ունեն շատ մեծ ընդունակություններ և հնարավորություններ։ Նրանք հեշտորեն են շփվում մարդկանց հետ, մարդիկ էլ անհրաժեշտության դեպքում դիմում են նրանց։ Լավ արարքները պարգևատրվում են, վատերը` պատժվում։ Միջնադարում աշխարհը, այդ թվում և առօրյայի կազմակերպումը, դիտարկվում է աստծվածայինի դիտանկյունից, և սոցիալական օրենսդիր է դառնում կրոնականությունը, որն ազդեցություն է թողնում կենսագործունեության բոլոր ոլորտների վրա։ Ձևավորվում է յուրատեսակ աշխարհընկալում, երբ առօրյան դառնում է մարդու կրոնական փորձի առանձնահատուկ շղթա։ Մարդու զգացմունքների և հույզերի ամբողջ պատկերը կրոնական երանգ է ստանում։ Միջնադարյան մենթալիտետն իր առօրյա դրսևորումներում բնութագրվում է մտածողության հուզական-կերպարային բնույթով։ Միջնադարի մարդու առօրյան պետք է անհրաժեշտ կերպով կարգավորվեր և կառուցվեր` Աստվածային օրենքներին համապատասխան։ Դրանց կատարմանը հետևում էր նաև վերահսկիչ օրգանը` Եկեղեցին, որը կանոնակարգում էր բնակչության տարբեր շերտերի կյանքի ձևերը։ Սրա հետ կապված` առօրյա կյանքը Միջնադարում չի առանձնանում բազմազանությամբ ու փոփոխականությամբ։ Չէր ողջունվում նաև մարդկանց` իրենց կյանքն արմատապես փոխելու փորձերը, արհամարվում էին երկրային խնդիրները, մարդիկ մտածում էին հոգու փրկության մասին։ Վերածննդի դարաշրջանում մարդու նշանակության և նրա կենսակերպի մասին պատկերացումները էականորեն փոփոխվում են։ Մարդը համարվում է ոչ միայն պարտականություն ունեցող, այլև իրավունք ունեցող էակ, ով ձգտում է մարմնավորել իր ստեղծագործական կարողությունները և ով ընդունակ է փոխել աշխարհը։ Հենց այս ժամանակ էլ ի հայտ է գալիս «առօրյա» տերմինը, որը նշանավորում է միջակ, ստանդարտացված, մարդու համար հարմար գոյության ձևերը, որոնք կրկնվում են կենցաղի կազմակերպման յուրաքանչյուր ակնթարթում։ Այսպես Վերածննդի դարաշրջանում և´ մարդը, և´ նրա առօրյա կյանքը նոր լույսի ներքո են հայտնվում։ Մարդը Աստծո կողմից ստեղծված ստեղծագործական անհատ է, ով ընդունակ է փոխել իրեն և իր կյանքը, ով չի սպասում ճակատագրի գթասրտությանը, և ավելի շատ պայմանավորված է սեփական կարողություններով։ Վերածննդի դարաշրջանի մարդու ստեղծագործական ընդունակությունների շեշտադրումը Նոր ժամանակներում մարդու ինտելեկտուալ հնարավորություններով է փոխվում։ Գիտելիքը դառնում է շրջապատող աշխարհը հասկանալու գործիք։ Ռ. Դեկարտը առօրյան ինքնուրույն կատեգորիա չի դիտարկում և ընդգծում է առօրյա փորձի բացասական ազդեցությունը ճշմարիտ գիտելիքի ստացման համար։ Որպես ոչ հավաստի ճանաչողության աղբյուր Դեկարտը առանձնացնում է առօրյա, զգայական փորձը։ Գերմանական դասական փիլիսոփայության մեջ, մանավանդ Կանտի աշխատանքներում, տեղի է ունենում բաժանում «զուտ բանականության», որի միջոցով ստանում են ճշմարիտ գիտելիքը, և «պրակտիկ բանականության» միջև, որը հենվում է բարոյական հրամայականների վրա և ծառայում է մարդկանց կենցաղային կարիքները լուծելու համար։ Գերմանացի մյուս փիլիսոփա Գ. Ֆ. Հեգելը ապացուցում է առողջ բանականության անկարողությունը որպես սուբյեկտիվիզմի առանցք` դրա հետ մեկտեղ չժխտելով պրակտիկայում նրա օգտավետությունը։ Սուբյեկտիվ կարծիքը խոչընդոտ է օբյեկտիվ ճշմարտությանը հասնելու համար, քանի որ փիլիսոփայի հիմնական խնդիրը պետք է լինի իրականությանը հասնելու համար առօրյա տեսակետից հրաժարվելը և խիստ գիտական մոտեցման ձևավորումը։ Այսպիսով, Նոր ժամանակներում կյանքի հիմնական իմաստն ու նպատակը դառնում են հասարակական և անհատական բարիքին ծառայելը, որոնք հիմնված են բանականության օրենքների վրա։ Ինչպես արդեն նշվել է, 20-րդ դարում առօրյայի նկատմամբ վերաբերմունքը արմատապես փոխվում է։ Սա կապված էր աշխարհում մարդու տեղի և դերի վերաիմաստավորման հետ։ Հասարակության տնտեսական, քաղաքական և այլ ոլորտների էական փոխակերպումներն առօրյայի շրջանակներում լուրջ փոփոխությունների հանգեցրին, ինչն էլ իր արտացոլումը գտավ ֆենոմենոլոգիայի, Էկզիստենցիալիզմի, պրագմատիզմի, հետմոդեռնիզմի մեջ։ Ֆենոմենոլոգիայի ներկայացուցիչները դիտարկում են առօրյան որպես սոցիալական կեցության հիմք, առողջ բանականության աշխարհ, որտեղ մարդը կառուցում է իր բոլոր գործողությունները`սոցիալական աշխարհը ընդունելով որպես ինքնին հասկանալի իրականություն։ Ֆենոմենոլոգները հասկանում են առօրյայի գոյությունը որպես մշտական վերարտադրության գործընթաց, մարդկանց միջև փոխադարձ գործողությունների ընթացքում մարդու արարքների, գործողությունների և մտքերի մեջ կենսական իրականության կառուցարկում։ Ֆենոմենոլոգներին հետաքրքրում է միայն այն աշխարհը, որն ունի ժամանակա-տարածական սահմաններ։ Պրագմատիստները, ընդհակառակը, կողմնորոշված էին դեպի նպատակներին հասնելու պրագմատիկ ձևերը, առօրյայի պրակտիկային, որտեղ ստեղծագործական պոռթկումներն ունեն կարևորություն, եթե նրանք նպատակային են և բերում են շոշափելի արդյունք։ Էկզիստենցիալիզմի մեջ առօրյան երկու կերպ է դիտարկվում` ընդգծելով կամ նրա բացասական, ապակառուցողական բնույթը, կամ, ընդհակառակը, նրա դրական ազդեցությունը անձի ձևավորման վրա։ Այստեղ հենց էկզիստենցիայի ստեղծագործական բնույթն է հաշվի առնվում։ Հետմոդեռնը ընդունում է առօրյայի գոյության սեփական իրավունքը իր ամբողջականության և բազմազանության մեջ` չնայած նրա ոչ միանշանակ և վիճարկելի լինելուն։ Չնայած առօրյայի մասին մի շարք հետազոտություններ են կատարվել, սակայն չկա մի համընդհանուր սահմանում, որը կընդունվի բոլոր ուսումնասիրողների կողմից` դրա բազմաբնույթ և բազմաշերտ լինելու պատճառով, և այս ոլորտը դեռևս ուսումնասիրության ու հետազոտման կարիք ունի։