Մելիք Եգանի ապարանքի պեղումները խմբագրել

Մելիք Եգանի ապարանքի տարածքում պեղումները իրականացվել են 2010 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարի հնագիտության բաժնի արշավախումբը: Աշխատանքները իրականացվել են ԱՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ և պատվերով: Պեղումների նպատակն էր հնարավորինս վերականգնել ապարանքի նախնական տեսքը՝ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու ակնկալիքով: 2010 թվականի պեղումները հիմնականում կատարվել են ապարանքի Ընդունարանի ներսում, նրա հյուսիսային, հարավ- արևելյան, հարավ- արևմտյան հատվածներում և տանիքում: Ընդունարանը թեթևակի շեղված քառանկյուն հատակագծով և թաղակապ ծածկով դահլիճ է, որի շարունակությունը կազմում է նախասրահը: Շքամուտքը կամարակապ է, սրբատաշ քարերով շարվածք է:


Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի արձանագրությունը խմբագրել

 
Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի վիմագիր արձանագրության գրչագիրը

«1737թ.: Այսպես է, որ ես՝ Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդն ինձ տանուտեր կարգեց: Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա ինձ մելիքություն տվեց։ Այնուհետև օսմանցին եկավ և նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ եկան Դիզակ, ես չթողեցի, որ հայերին այստեղից գերի տանեն: Շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրն օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա ինձ որպես խան և բեկլարբեկի կարգեց, շնորհ արեց: Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի: Եղավ: Ամեն»։