Հարկ, պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում[1]: Հարկերի և հարկման վերաբերյալ առաջին նկատառումները կարելի է գտնել դեռևս անտիկ մտածողների աշխատություններում: Առաջացել է դասակարգերի և պետության ծագման հետ։ Հարկի սոցիալա-տնտեսական էությունը, կազմը և դերը պայմանավորված են հասարակության տնտեսական և քաղաքական կառուցվածքով, պետության բնույթով և ֆունկցիաներով։ Հարկերն առաջին անգամ սկսել են օգտագործվել Հին Եգիպտոսում, երբ նոր էին ձևավորվել պետության նախատիպերը[2]։ Հարկերի հավաքագրումը կարգավորվում է հարկային օրենսդրությամբ:

Պատմություն

խմբագրել

Հարկերի տնտեսական էությունն առաջին անգամ ուսումնասիրել է Դավիթ Ռիկարդոյի աշխատություններում։ Ըստ Ռիկարդոյի. «Հարկը կազմում է նոր ստեղծված ապրանքի ու աշխատանքի այն բաժինը, որը գտնվում է կառավարության տրամադրության տակ, և այն միշտ վճարվում է, վերջին հաշվով կապիտալից կամ երկրից»։ Պետության պարտավորությունները նյութապես իրագործելու նպատակով Ա. Սմիթն առաջարկեց միջոցառումներ, որոնց թվում իրենց հույժ կարևոր տեղն ունեն հարկման հիմնական սկզբունքները: Դրանք են.

  • Արդարության սկզբունքը.

Պետության քաղաքացիներն իրենց ընդունակություններին համապատասխան պետք է մասնակցեն կառավարության պահպանմանը:Մասնակցությունը պետք է համապատասխանի այն եկամտին,որը քաղաքացիները ստանում են օգտվելով պետության հովանավորչությունիցև պաշտպանությունից:

  • Որոշակիության սկզբունքը.

Հարկը,որը յուրաքանչյուր անձին պարտադրվում է վճարման, պետք է լինի ոչ թե կամայական, այլ ճշգրիտ որոշված

  • Հարմարության սկզբունքը.

Յուրաքանչյուր հարկ պետք է գանձվի այն ժամանակ, երբ և ինչպես հարմար է վճարողին կատարել դրանք

  • Խնայողության սկզբունքը.

Յուրաքանչյուր հարկ պետք է այնպես մտածված և կառուցված լինի, որպեսզի այն ժողովրդի գրպանից վերցնի այն գումարից, որը նա վճարում է գանձապետարանին:

Հետագայում Վագները, ի շարունակություն նշված հարկման սկզբունքների,կատարելագործելով դրանք,հարկման համակարգը կառուցելու սկզբունքներ մշակելով. ղեկավարվել է ինչպես դասական սկզբունքներով, այլև ռացիոնալ հարկային համակարգի մասին ֆինանսատնտեսական պատկերացումներով: Վերջինս այդ սկզբունքերը միավորեց հետևյալ 4 խմբերում.

  1. Առաջինը դա հարկումը կազմակերպելու ֆինանսական սկզբունքներն են, որոնք կանխորոշվում են կոլեկտիվ պահանջների տեսությամբ:
  2. Երկրորդ խումբը դրանք ժողովրդատնտեսական սկզբունքներն են՝ հարկման ընդունելի աղբյուրների ընտրությունը:
  3. Երրորդ խումբը դրանք հարկման բարոյական կամ արդարության սկզբունքներն են,հարկման համընդհանությունն ու հավասարաչափությունը:
  4. Չորրորդ խումբը վարչատեխնիկական կամ հարկային կառավարման սկզբունքներն են՝ հարկման որոշակիությունը,հարկի վճարման հարմարությունը և գանձման ծախսերի առավելագույնը նվազեցումը:

Հարկման տարրեր

խմբագրել

Յուրաքանչյուր հարկատեսակի անբաժանելի մասն են կազմում նրա տարրերը, որոնք պարտադիր պետք է սահմանվեն տվյալ հարկատեսակի գործողությունը ամրագրող օրենսդրության ակտերը։

Հարկի մասին օրենքի էական տարրերն են

  • հարկ վճարող կամ հարկման սուբյեկտ. այն անձն է, որի վրա դրված է սեփական միջոցներից հարկի վճարման իրավաբանական պարտավորությունը։
  • հարկման օբյեկտ. այն իրավաբանական փաստերն են, որոնցով պայմանավորվում է սուբյեկտի կողմից հարկի վճարման պարտավորության ծագումը (իրացում, ներմուծում, գույքի տնօրինում, ժառանգության ստացում, եկամտի ստացում)։
  • հարկման բազա. հարկման օբյեկտի արժեքային, ֆիզիկական կամ այլ բնութագիրն է:Յուրաքանչյուր հարկի համար սահմանվում է հարկման առանձին բազան և դրա որոշման (հաշվարկման) կարգ:
  • հաշվետու ժամանակաշրջան. այն ժամանակահատվածն է, որում ավարտվում է հարկման բազայի ձևավորման գործընթացը և վերջնականապես որոշվում է հարկային պարտավորության չափը։ Միանգամյա հարկերի համար այս տարրի անհրաժեշտությունը բացակայում է։
  • հարկի դրույքաչափ. այն արժեքային (տոկոսային) և (կամ) հաստատուն մեծությունն է, որը կիրառվում է հարկման բազայի նկատմամբ՝ հարկի չափը որոշելու համար
  • հարկման մեթոդ. հարկման բազայի մեծացմանը զուգընթաց հարկի դրույքաչափի (մեծության) փոփոխության կարգն է։ Առանձնացվում են հարկման չորս հիմնական մեթոդ հավասար, համամասնական, պրոգրեսիվ և ռեգրեսիվ։
  • հարկի վճարման ժամկետներ և կարգ։ Հարկի վճարումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև կանխավճարների տեսքով` մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը):Հարկի, տույժի և տուգանքի վճարումը կատարվում է վճարահաշվարկային համակարգի միջոցով, հայկական դրամով:

Հարկերի տեսակներ

խմբագրել

Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները՝

  1. գույքահարկ
  2. հողի հարկ

Հարկերի դասակարգում

խմբագրել

Հարկերի դասակարգումը  հարկերի խմբավորումն է ըստ առանձին հատկանիշների:Դրանք դասակարգվում են ըստ մի շարք հատկանիշների:

Ըստ հարկման եղանակի  հարկերը բաժանվում են ուղղակիի և անուղղակիի: Այս  բաժանման հիմքում ընկած է սպառողների վրա հարկային բեռի տեղափոխման հնարավորության չափանիշը:Ուղղակի հարկերի դեպքում հարկային բեռը անմիջականորեն ընկնում է հարկ վճարողների վրա,իսկ անուղղակի հարկերի դեպքում հարկ վճարողները հարկային բեռը տեղափոխում են այլ անձանց վրա՝ այն ներառելով ապրանքի գնի մեջ:

Ըստ վճարողների՝ տարբերում են հարկերի երեք խմբեր.

  •   Հարկեր իրավաբանական անձանցիցշ
  •  Հարկեր ֆիզիկական անձանցից
  •  Հարկեր ֆիզիկական և իրավաբանական անձանցից:

Ըստ հարկվող օբյեկտի տարբերում են հարկերի հետևյալ խմբեր.

  •  Հարկեր եկամուտներից՝ եկամտային հարկ, շահութհարկ, հարկ շահաբաժիններից,
  • Հարկեր կապիտալից՝ գույքահարկ, հողի հարկ,
  • Հարկեր շրջանառությունից՝ ԱԱՀ,ակցիզային հարկ, առևտրի հարկ,

Ըստ համապատասխան մակարդակի բյուջեների տարբերում են՝

  •  Պետական բբյուջե վճարվող հարկեր,
  • Տեղական բյուջեներ վճարվող հարկեր,

Ըստ  հաշվարկման մեթոդի՝

  • Համամասնական՝ անկախ եկամտի աճից հարկի դրույքաչափը մնում է նույնը (շահութահարկ, ԱԱՀ)
  • Պրոգրեսիվ, երբ եկամտի աճին զուգընթաց մեծանում է հարկի դրույքաչափը (եկամտային հարկ ՀՀ-ում)
  • Ռեգրեսիվ, երբ եկամտի աճին զուգընթաց նվազում է հարկի դրույքաչափը

Կարևոր է հարկային բեռի մակարդակի օպտիմալ սահմանումը։ Հարկային բեռի մակարդակը կարելի է ներկայացնել որպես բնակչության մեկ շնչի հաշվով հարկի գումարի հարաբերություն բնակչության վճարունակությանը.

Kհարկային բեռը = H x / կ H

որտեղ H x-ը մեկ շնչի հաշվով հարկի միջին գումարն է

կH-ը բնակչության վճարունակությունն է

Մակրոմակարդակում հարկային բեռի որոշման ամենատարածված մոտեցումը հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն է՝

ՀԲ=հարկեր/ՀՆԱ

Այն ցույց է տալիս ՀՆԱ-ի այն մասը, որը բաշխելու միջոցով ներառվում է բյուջետային եկամուտների մեջ, ապա վերաբաշխվում տնտեսության այս կամ այն ճյուղերի ու ոլորտների միջև, ինչպես նաև օգտագործվում սոցիալական, ռազմական և բազմաբնույթ այլ ծրագրերի ու ծախսերի իրականացման նպատակով:

Գործառնություներ

խմբագրել

Հարկերի սոցիալ-տնտեսական էությունը դրսևորվում է հետևյալ ֆունկցիաներում`

  1. Ֆիսկալային գործառույթի էությունն այն է, որ հարկերի օգնությամբ լրացվում է պետական գանձարանը, ինչն էլ օգտագործվում է պետության ֆունկցիաների` պետական կառավարում, պաշտպանություն, հասարակական կարգի պահպանում, առողջապահություն, կրթություն, տնտեսական հարաբերությունների կարգավորում, գյուղատնտեսություն, շինարարություն, շրջակա միջավայրի պահպանություն, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, սոցիալ-մշակութային և այլ գործառույթների իրականացման համար:
  2. Սոցիալական գործառույթի միջոցով է պետությունն իրականացնում ինչպես սոցիալական արդարության սկզբունքը, այնպես էլ եկամուտների համաչափության և հասարակության խնայողությունների խթանման քաղաքականությունը: Այս գործառույթն իրականացվում է սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության աջակցության նպատակով հարկային մեթոդների կիրառմամբ:
  3. Կարգավորող գործառույթի շնորհիվ պետությունը պայմաններ է ստեղծում տնտեսության ու դրա ճյուղերի զարգացման համար, այսինքն կարգավորում է շուկայական տնտեսության հատուկ հարաբերությունները: Կարգավորումն իրականացվում է դրույքաչափերի սահմանման, արտոնությունների տրամադրման, տույժերի և տուգանքների կիրառման, հարկային կանոնների փոփոխման և այլ միջոցներով:
  4. Խթանող գործառույթի կարևորությունն այն է, որ դրա օգնությամբ պետությունը կարողանում է խթանել երկրի գիտատեխնիկական առաջընթացը (Նոու-Հաու), աշխատատեղերի ստեղծումը, զբաղվածության մակարդակի բարձրացումը և այլն, ինչն էլ, իր հերթին, նպաստում է տնտեսական աճին և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:,
  5. Բաշխիչ գործառույթի միջոցով լուծվում են համապետական հիմնահարցեր. հարկերի օգնությամբ բյուջեում կուտակվում են դրամական միջոցներ, որոնք ուղղվում են պետական կարևորագույն ծրագրերի իրագործմանն, այսինքն՝ հարկերի օգնությանբ պետությունը վերաբաշխում է նյութական արտադրության ձեռնարկություն ների շահույթի մի մասը, ֆիզիկական անձանց եկամուտները և այն նպա- տակաուղղում ոչ նյութական ոլորտի զարգացմանը:,
  6. Վերահսկողական գործառույթի շնորհիվ պետությունը հնարավորություն է ստանում հաշվառել և հսկողություն սահմանել տնտեսության մեջ գործառնությունների իրականացման նկատմամբ: Բացի այդ, որ խիստ կարևոր է, այս գործառույթը թույլ է տալիս բացահայտել տնտեսությունում ստվերային շրջանառության շրջանակը, որի փոքրացումը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի կարևորագույն խնդիրներից մեկը:
  7. Վերարտադրական գործառույթը իրենից ներկայացնում է հարկերի հաշվեգրում բյուջետային դասակարգման հատուկ հաշիվներին և հարկման միջոցով ստացված ֆինանսական ռեսուրսների օգտագործում՝ ճանապարհային տնտեսության զարգացման ու բնապահպանական նշանակության միջոցառումների իրականացման նպատակով:

Գրականություն

խմբագրել
  • Բաղդասարյան Վ.Գ.-ՀՀ-ում գործող ուղղակի հարկերը։ Ե.2007
  • Ճուղուրյան Ա.Գ.,Սուքիասյան Ս.Ս.,Ավետիսյան Դ.Ս.- Հարկեր և հարկային հաշվառում:Երևան, Վան Արյան,2007թ. էջ 7-8
  • Թամազյան Ա. -Հարկային օրենսդրության հիմունքներ: Երևան,Տիգրան Մեծ, 2003թ.էջ10-11
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք
  • Ասրյան Շ.Շ. - Միկրոէկոնոմիկա:Ստեփանակերտ, ԱրՊՀ, 2016թ.
  • Горский И. Сколько функций у налога? // Налоговый вестник. — 2002. — № 3.
  • Яроцкий В. Г. Налоги // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Щепотьев А. В., Яшин С. А. Налоги и налогообложение։ учеб. пособие/ А. В. Щепотьев, С. А. Яшин. — Тула։ НОО ВПО НП «Тульский институт экономики и информатики», 2011 . — 161 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ». http://www.parliament.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն); line feed character in |title= at position 26 (օգնություն)
  2. Հարկերն անտիկ աշխարհում, Փենսիլվանիայի համալսարանի ալմանախ, հատ. 48, համ. 28, ապրիլի 2, 2002 (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։