Արամ Շաքարի Գիշյան (1905, Օգոստոսի 28 - 1983, Նոյեմբերի 23) խմբագրել

 
Արամ Շաքարի Գիշյան (1905, Օգոստոսի 28 - 1983, Նոյեմբերի 23)

Նեմանի ափին խմբագրել

Հիտլերյան զավթիչների դեմ մարտնչելու համար Նոյեմբերյան գյուղն էլ է ուղարկում իր խիզախ զավակներին։ Նրանց հետ էին նաև Շաքար Գիշյանի գերդաստանի չորս զավակներերը՝ Արշակը, Հովսեփը, Արամը և Սանդրոն։ Կարճ ժամանակ անց կռվի ճամփա են բռնում նրա քրոջ և եղբոր տղաները՝ Հովսեփը, Սերյոժա, Սուրեն Ջաղինյանները, Արմենակ, Արտո Գիշյանները։

Կովկասյան նախալեռներում, Դոնի տափաստանում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում․․․ Նրանք գերմանական զավթիչների դեմ մղած կռիվներում հանդես են բերում արիություն և անվեհերություն։ Պատմենք նրանցից մեկի՝ Արամ Գիշյանի կատարած մի քանի քաջագործությունների մասին։

***

Նոր էր կազմավորվել 409-րդ հայկական հրաձգային դիվիզիան։ Շուտով Արամը դառնում է նրա զինվորը, նշանակում ստանում 684-րդ հետևակային գնդում ծառայելու։ Առաջին իսկ օրից նա աչքի է ընկնում իր ակտիվությամբ, դառնում ռազմա-քաղաքական ուսուցման առաջամարտիկ, տիրապետում զենքի մի քանի տեսակները վարելու տեխնիկային։ Դա, իհարկե, չի վրիպում հրամանատարության ուշադրությունից։ Երբ ստեղծվում է դիվիզիայի կրտսեր հրամանատարի պատրաստման դպրոց, Արամին գործուղում են այնտեղ սովորելու։  Ա․Գիշյանը հաջողությամբ ավարտում է դպրոցը, ստանում ավագ սերժանտի կոչում և նշանակվում գնդի վաշտերից մեկի ավտոմատավորների ջոկատի հրամանատար։

․․․ 1942 թվականի ցրտաշունչ դեկտեմբերն է։ Մեր զորքերը արդեն հարձակվողական մարտեր են մղում Հյուսիսային Կովկասում։ Վախենալով շրջապատումից, ֆաշիստներն անընդհատ ստանում են թարմ ուժեր, դիմում գրոհների՝ փորձելով ետ վերցնել կորցրած դիրքերը։ Գնալով կռիվն ավելի է թեժանում։ Ամբողջ մարտադաշտը ծածկվում է հրկիզվող ականներից ու ռումբերից առաջացած հրդեհների ծխով, ամենուրեք տարածվում է վառոդի տհաճ հոտը։ Ոչ հեռու դեռ ծխում են խոցված գերմանական շատ տանկեր։ Մոզդոկից  արևելք զորամասը պատրաստվում է անցնել հարձակվողական նոր գործողությունների։ Բայց անհրաժեշտ է հետախուզության միջոցով որոշ տվյալներ ձեռք բերել թշնամու զորքերի, կրակային կետերի դասավորության մասին։ Առաջադրանք է ստանում Ա․Գիշյանը։ Նա չորս զինվորներով գնում է հետախուզության։ Գիշեր է։ Մառախուղն ավելի է խտացրել խավարը, 10-15 քայլի վրա ոչինչ չի երևում։ Նրանք մոլորվում են և ճանապարհին հանդիպում գերմանական հետախույզների։ Սակայն ավագ սերժանտը իրեն բոլորովին չի կորցնում։ Համոզված լինելով, որ փրկության միակ ելքը համարձակություն հանդես բերելն է, նա սառնասրտորեն սպասում է և գերմանացիներին թողնում է ավելի մոտենալ։  Ապա Արամի հրամանով ավտոմատավորներն անաղմուկ շրջանցում են նրանց և ճարճատում են ավտոմատները։ Հանկարծակիի գալով հիտլերականները չեն կարողանում կողմնորոշվել։ Օգտվելով ստեղծված ծանր իրադրությունից, Արամն ու մյուս մարտիկները շարունակում են իրենց գործը։ Մարտի դաշտում մնում է երկու դիակ, իսկ մյուսները դիմում են փախուստի և գերվում։ Գնդի շտաբում գերված հիտլերականը կարևոր տեղեկություններ է հայտնում, որոնց հիման վրա զորամասում վերադասավորվում են կրակակետերը։

Վաղ լուսադեմին սկսվում է գոտեմարտը։ Հրետանավորերն ու ականաձիգները, իրենց ուժեղ կրակով ճնշում են թշնամուն, լռեցնում շատ կրակային կետեր։ Ճեղքվում են գերմանացիների պաշտպանական դիրքերը, կոտրվում է նրանց համառ դիմադրությունը։ Զավթիչները, չդիմանալով զորամասի մարտիկների հուժկու հարվածներին, կորուստներ կրելով, անկազմակերպ նահանջում են, և 1943 թվականի հունվարի 3-ին ազատագրվում է Մոզդոկը։ Մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար Արամ Գիշյանը արժանանում է առաջին մարտական պարգևին՝ «Խիզախության համար» մեդալին։

Հետապնդելով թշնամուն, 409-րդ դիվիզիան շարունակում է հարձակողական մարտերը։ 1943 թվականի հունվարի 25-ին բնակավայրերից մեկի համար ծավալված թեժ մարտի պահին արկի բեկորից ծանր վիրավորվում է Ա․ Գիշյանը։ Բայց նա աներեր մնում է իր տեղում, շարունակում ղեկավարել ջոկատի գործողությունները։ Նրան մարտադաշտից դուրս են բերում միայն այն ժամանակ, երբ ուշ երեկոյան կռիվը դադարում է։

Ապաքինվելուց հետո Ա․ Գիշյանը նորից ռազմաճակատում է, կրակի առաջին գծում, ակտիվորեն մասնակցում է Ռոստովի,Ուկրաինայի քաղաքների և շատ բնակավայրրի ազատագրմանը։

1944 թվականի սկզբներին 409-րդ դիվիզիայի զորամասերը ծանր մարտեր են ծավալում Կիրովոգրադի մարզում։ Այստեղ գերմանացիներն ստեղծել էին պաշտպանական խոշոր ամրություններ։  Չեչելկա և Կամենկա բնակավայրերը հաճախ էին ձեռքից ձեռք անցնում։ Գերմանացիները ամեն օր նոր ուժեր էին նետում կռվի դաշտ։

Կամենկա բնակավայրից քիչ հեռու դիրքեր է գրավում Ա․ Գիշյանի ջոկատը։ Հակառակորդի երկու տանկ հռնդյունով առաջ են նետվում։ Երբ մեկն ավելի է մոտենում, ավագ սերժանտը և մյուս զինվորներն արագ նշանառություն են վերցնում և կրակ բացում։ Տանկն անմիջապես կանգ է առնում ու բոցավառվում։ Ֆաշիստական մյուս տանկը, չնկատելով զրահարներին, շարունակում է առաջ սողալ։ Առանց ժամանակ կորցնելու զրահարները խրամատից նռնակների կապոցը նետում են տանկի թրթուրների տակ։ Ուժեղ պայթյուն է լսվում, և այրվող տանկը մեխվում է տեղում։ Անձնական արիության համար Ա․ Գիշյանը պարգևատրվում է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով։

409-րդ հրաձգային դիվիզիան հարձակման է անցնում և համառ մարտերով ազատագրում է շատ բնակավայրեր, դրանք էլ բախտորոշ են  լինում Կիրովգրադի ազատագրման համար։ Հունվարի 8-ին քաղաքի վրա նորից ծածանվում է կարմիր դրոշը և Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով 409-րդ հայկական դիվիզիան անվանվում է Կիրովգրադյան։

Այդ ծանր մարտերում անձնազոհություն են ցուցաբերում գումարտակի հրամանատար, Սովետական Միության հերոս Գ․ Հայրապետյանը, փոխգնդապետ Ս․ Ղազարյանը, մայորներ՝ Մ․ Գրիգորյանը, Ա․ Ստարոստինը, կապիտաններ՝ Մ․ Պատրիկյանը, Ա․ Քարամյանը, Ա․ Խուդոյանը․․․

Այնուհետև Ա․ Գիշյանի մարտական ուղին ձգվում է ավելի հեռու։ Նա այս անգամ ոսոխի դեմ մարտնչում է 63-րդ կարմրադրոշ հրաձգային դիվիզիայի 226-րդ գնդի կազմում։

1944 թվական, հուլիս։

-       Ավագ սերժանտ, Դուք կատարելու եք կարևոր մարտական առաջադրանք,- հնչում է փոխգնդապետ Վլադիմիր Կրավչենկոյի հրամանը,- պետք է շտապ անցնել Նեման գետը և այնտեղ հենակետ ստեղծել։

-       Հրամանը կկատարվի,- լինում է պատասխանը։

Ավագ սերժանտը առանց հապաղելու, 15 մարտիկներից կազմում է առանձին ջոկատ և նախապատրաստվում լայնահուն Նեմանով գետանցում անելու։

Ջոկատն անցնում է նախապատրաստական աշխատանքների։ Բոլորը զինվում են  ականներով, նռնակներով ու ավտոմատներով։ Մի քանի գիշերվա ընթացքում ջոկատը ավարտում է ականազերծման գործը։ Խիզախ զինվորները վառոդածխով հագեցած գիշրվա խավարում, նախատեսված ժամին, նավակներով անցնում են գետը և նրա մյուս ափին ստեղծում ամուր հենակետ։

Առավոտյան հիտլերականները ուշքի են գալիս և կրակ բացում դեսանտայինների վրա՝ հենակետը գրավելու համար։ Բայց նրանք թշնամու ուժով կրակի տակ դիմանում ու պաշտպանում են ստրատեգիական խոշոր նշանակություն ունեցող խճուղին մինչև օժանդակ ուժերի գալը։

Այդ մարտում Արամը ձախ ոտքից ծանր վիրավորվում է։ Նա անսովոր ջերմություն է զգում, մի պահ թվում է, թե ոչինչ չի եղել, նայում է և արյուն է տեսնում, սուր ցավից մթնում են աչքերը։ Հետո սթափվում է մտքերից, փորձում է շարժել ծանրացած ոտքը, ապարդյուն, չի ենթարկվում։

Զինվորական հոսպիտալի վիրահատման սենյակում անզգա պառկած է Արամ Գիշյանը։ Նա լուռ տանում է ահավոր ցավերը։ Ծանր մտքերը հանգիստ չեն տալիս։ Ոտքից հեռացնում են բեկորները․․ Իսկ հետո ինչ են անելու,- մտածում է։

Վիրաբույժը ինչ-որ բան է շշնջում, հետո բուժքույրերը բացում են վիրահատման սեղանին պառկածի վիրավոր ոտքը։ Ու նա ակնթարթում հասկանում է ամեն ինչ և թախանձագին դիմում բժշկին․

-       Խնդրում եմ․․․ չկտրեք․․․

Տիրում է ճնշող լռություն։ Այլևս ոչինչ հնարավոր չէր անել։ Ելքը միայն մեկն էր․․․

Նեմանի ափին հրամանատարության դժվարին առաջադրանքը պատվով կատարելու համար հայրենիքը Արամ Գիշյանին ներկայացնում է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու։

Ճակատագրի բերումով հաղթանակի բերկրանքը տեսնում են նաև Արամի եղբայրները և քրոջ տղաները։ Նրանց պատերազմական կյանքի տարիները մեր հայրենիքի ազատության համար անձնվիրաբար ծառայելու գեղեցիկ օրինակ են։