Պոլիմերներ

խմբագրել

Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից:

Պոլիմերները յուրաքանչյուր միկրոօրգանիզմի, բույսի, կենդանու կարևոր մասն են: Բնափայտի հիմնական պոլիմերը թաղանթանյութն է (ցելյուլոզ): Պոլիմերներ են նաև մարդու մկանային հյուսվածքը, մաշկը, մազերը և այլն:

Պոլիմերները լինում են բնական, արհեստական և սինթետիկ: Բնական օրգանական պոլիմերները՝ օսլան, թաղանթանյութը, սպիտակուցները, նուկլեինաթթուները, բնական կաուչուկը, բնական խեժերը, առաջանում են կենսասինթեզով և կոչվում են կենսապոլիմերներ: Դրանք բոլոր կենդանի օրգանիզմների հիմքն են: Բնական անօրգանական պոլիմերները՝ բնածին ծծումբը, կարմիր և սև ֆոսֆորները, գրաֆիտը, ալմաստը, սիլիկահողը, քվարցը, կորունդը և այլն, առաջանում են երկրաքիմիական եղանակով:

Արհեստական պոլիմերներն ստացվում են բնական պոլիմերների քիմիական վերամշակմամբ: Օրինակ՝ թաղանթանյութի վերամշակմամբ ստանում են «նիտրոթաղանթանյութեր» (ցելիտ), վիսկոզ, սպիտակուցի վերամշակմամբ՝ գալալիտ և այլն: Սինթետիկ պոլիմերները՝ պոլիէթիլեն, պոլիստիրոլ, պոլիվինիլքլորիդ, պոլիվինիլացետատ, ֆենոլֆորմալդեհիդային խեժեր և այլն, ստացվում են քիմիական սինթեզի՝ պոլիմերման կամ պոլիկոնդենսման ռեակցիաներով:

Պոլիմերվել կարող են չհագեցած կրկնակի կամ եռակի կապ պարունակող ածխաջրածիններն ու դրանց ածանցյալները:
Սինթետիկ պոլիմերները՝ պոլիէթիլեն, պոլիստիրոլ, պոլիվինիլքլորիդ, պոլիվինիլացետատ, ֆենոլֆորմալդեհիդային խեժեր և այլն, ստացվում են քիմիական սինթեզի՝ պոլիմերման կամ պոլիկոնդենսման ռեակցիաներով:

Պոլիմերվել կարող են չհագեցած կրկնակի կամ եռակի կապ պարունակող ածխաջրածիններն ու դրանց ածանցյալները: Պոլիկոնդենսման դեպքում պոլիմերների առաջացումն ուղեկցվում է ցածրամոլեկուլային միացությունների (ջուր, ամոնիակ և այլն) անջատմամբ: Մոլեկուլների կառուցվածքից կախված՝ պոլիմերները լինում են ամուր ու առաձգական, ճկուն ու պլաստիկ: Եթե դրանց շղթաները ձգվում են միևնույն ուղղությամբ, ստացվում են ամուր, ճկուն նյութեր, եթե նրանք կծիկներ են կազմում, ստացվում է ռետինի հատկություններ ունեցող նյութ:

Պողպատի պես ամուր, ազնիվ մետաղների պես կայուն, ռետինի պես ճկուն, բամբակի պես փափուկ պոլիմերները հաստոցներում և օդանավերում փոխարինում են մետաղներին, շինարարության մեջ՝ շատ շինանյութերի, հաջողությամբ մրցում են բամբակի, բրդի, մետաքսի հետ: Պոլիմերներից ստանում են պլաստմասսաներ, մանրաթելեր, ռետին, լաքեր, սոսինձներ, խեժեր, ներկեր և ներկանյութեր: Պլաստմասսաները պոլիմերներ են, որոնք ճնշման տակ տաքացնելիս փափկում, հեշտությամբ կաղապարվում են (ընդունում են ցանկացած ձև) և սառեցվելուց հետո պահպանում են ստացած ձևը: Մեր շրջապատում եղած բազմաթիվ իրեր պատրաստված են պլաստմասսաներից, ինչպես, օրինակ, հեռախոսները, հեռուստացույցների, համակարգիչների պատյաններն ու առանձին մասեր, մագնիսական ժապավեններն ու սկավառակները, խոզանակները, օրգանական ապակին, խողովակներ, շշեր, և շատ այլ առարկաներ:

Պլաստմասսաների մի մասն ամենալավ պողպատից էլ ամուր է, մյուսներն ավելի ճկուն ու առաձգական են, քան ռետինը, երրորդները բյուրեղապակու նման թափանցիկ են ու չեն կոտրվում: Որոշ պլաստմասսաներ դիմանում են շատ բարձր ջերմաստիճանների, մյուսները 100 անգամ ավելի թեթև են, քան խցանը: Կան նաև այնպիսի պլաստմասսաներ, որոնք վերածում են թելերի: Այդպես է ստացվում, օրինակ, կապրոնե կամ նայլոնե մանրաթելը: Պլաստմասսաներն ստացվում են էժան հումքից, խոնավադիմացկուն են, չեն քայքայվում թթուներից, չեն ժանգոտվում ինչպես երկաթն ու պողպատը, և չեն փտում, ինչպես փայտը: Պլաստմասսաները, պոլիմերներից զատ, պարունակում են նաև լցոններ, պլաստիֆիկատորներ, գունանյութեր, կայունացնող, հակահրդեհային և այլ նյութեր: Իրենց արժեքավոր հատկությունների շնորհիվ պլաստմասսաները կիրառվում են արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, բժշկության մեջ, էլեկտրատեխնիկայում և այլուր: