Կալցիում պարունակող մթերքներ հատուկ փոքրիկի համար Փոքրիկի ոսկրային համակարգն ամրացնելու գործում կալցիումը մեծ դեր ունի: Ուստի հարկավոր է նրա սննդացանկում ընդգրկել կալցիումով հարուստ մթերքներ: Ցավոք, կալցիումի պակասությունն իրեն որևէ կերպ զգացնել չի տալիս: Փոքրիկը կարող է իրեն շատ լավ զգալ մինչ վրա կհասնի մի պահ, երբ նրա ոսկրերը փխրուն կդառնան՝ հեշտ կոտրվելով, բայց դժվար վերականգնվելով: Կաթ

Փոքրիկի համար կալցիումի հիմնական աղբյուրը կաթն է: Այս մթերքը պետք է փոքրիկի սննդացանկի ամենօրյա պարտադիր բաղադրիչը լինի: Կրծքի կաթով սնվող փոքրիկները կալցիում ստանում են մոր կաթից, իսկ ավելի բարձր տարիքի երեխաները սովորաբար ավելի քիչ կաթ են օգտագործում:

Կաթ փոքրիկին կարելի է տալ ոչ միայն որպես ըմպելիք, այլ նաև դրանով տարատեսակ կերակուրներ պատրաստել: Իսկ եթե փոքրիկը կաթնային սպիտակուցից ալերգիա ունի, ապա մանկաբույժը պետք է խորհուրդ տա, թե ինչով այն փոխարինեք:

Կաթնաթթվային մթերքներ

Պատահում է, որ փոքրիկները դժկամությամբ են կաթ խմում կամ կաթնային ապուրներ ուտում: Այդ դեպքում լավագույն լուծումն է կաթը փոխարինել կաթնաթթվային մթերքներով, որոնք էլի մեծ քանակությամբ կալցիում են պարունակում:

Կարող եք ընտրել մթերքներ, որոնք մանկիկը կհավանի` կաթնաշոռ, թթվասեր, յոգուրտ, կեֆիր, մածուն: Իսկ ահա քաղցր, գլազուրապատ պանրիկներ փոքրիկին տալ չարժե. դրանք մեծ քանակությամբ շաքարավազ են պարունակում, բացի այդ, գլազուրը կարող է ալերգիայի պատճառ դառնալ:

Պանիրը ևս մեծ քանակությամբ կալցիում է պարունակում: Բայց քանի որ նաև մեծ քանակությամբ աղ է պարունակում, այն չարաշահել պետք չէ: Իսկ ոչ աղի պանիր փոքրիկին կարելի է տալ մեկուկես տարեկանից սկսած:

Ձուկ

Ձկան ոսկորները ևս կալցիում են պարունակում: Բացի այդ, ծովային և գետային ձկներում պարունակվող վիտամին D նպաստում է կալցիումի յուրացմանը: Ձկնային կերակուրներ (ոչ յուղոտ), եթե փոքրիկն ալերգիկ չէ, սննդացանկում կարելի է ընդգրկել 10-11 ամսականից սկսած:

Բանջարեղեններ

Համեմատաբար ավելի քիչ քանակությամբ կալցիում է պարունակում նաև ընկուզեղենը, բրոկոլին, ձվի դեղնուցը, արևածաղկի սերմը, սպանախը:

Արևի ճառագայթներ

Քանի որ օրգանիզմի կողմից կալցիումի յուրացման համար վիտամին D նպաստավոր է, ուստի օրգանիզմը նաև այս վիտամինը պետք է բավարար քանակությամբ ստանա: Այն կարելի է ստանալ ոչ միայն մթերքների միջոցով, այլ նաև արևի ճառագայթներից: Այսինքն պետք է փոքրիկի հետ հաճախ զբոսնել մաքուր օդում, իհարկե, չմոռանալով ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու մասին:

Տարվա շոգ եղանակին, որպեսզի խուսափեք գերտաքացումից և արևայրուքից, հարկավոր է զբոսնել մինչև առավոտյան ժամը 11-ը և երեկոյան ժամը 17-ից հետո: Ձմռանը հարկավոր է գոնե երեսուն րոպեով զբոսանքի դուրս գալ:

Որպեսզի օրգանիզմն ամբողջությամբ յուրացնի կալցիումը, հարկավոր է սահմանափակել այնպիսի մթերքների կիրառությունը, որոնք պարունակում են ֆոսֆոր, աղ: Բացի այդ, սպիտակուցի ավելցուկը ևս խանգարում է կալցիումի լավ յուրացվելուն, ուստի պետք չէ փոքրիկին օրական մի քանի անգամ մսով կերակրել: