Մասնակից:Սարդարյան Սիրանուշ/Ավազարկղ3

Ծիրանի փողը[1], Ակսել Բակունցի պատմվածքներից է, սասունցիների նոր կյանքի մասին: Պատմվածքը ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ, գրվել է 1931 թվականին[2]:

Ծիրանի փողը
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1931
Կերպարներ

Ազնիվ, մունջ Սևդո, Հազրո,

ջրվոր,Ցոլակ ձի


Տպագրման պատմություն

խմբագրել

Առանձին արժեք ունեն Ակսել Բակունցի քաղաքական թեմայով գրված երկերը: «Ծիրանի փողը» գրվել է 1931 թվականին, բայց լույս է տեսել 1933 թվականին՝ «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուում[3]: «Ծիրանի փողը» ժանրային առումով փոքր-ինչ «խառնածին» է. պատմվածքը կազմված է վիպական, բանաստեղծական, ակնարկային տարրերից, երբեմն էլ հերոսական ձևը հյուսվում է ասքի, ավանդապատումի երանգներով: Թվում է՝ մի սովորական ակնարկ է «Ծիրանի փողը», սասունցիների կյանքի մասին, բայց այստեղ ևս երևում են հոգեբանի դիտողականությունը և խոսքի ուժը: Ակսել Բակունցի արձակում ինքնուրույն խումբ են կազմում այն հերոսները, որոնք «եկվորներ» են, փրկվել են կոտորածներից, հաստատվել Արևելյան Հայաստանի տարբեր շեներում: Թվում է՝ չարիքն անցել է, բայց ահա Հազրոն ապրելով, մաքառելով, ստեղծելով հանդերձ՝ ունի խուլ ու փակ տառապանք, քանի որ բացահայտ չէր կարողանում խոսել երկրից, կորուստներից, ոսոխի դաժանություններից, վերադառնալու հույսից, հիշատակներից: Հողի կանչը, հողի պաշտամունքը և երկրի կարոտը, սրանք գեղարվեստական միջավայրում ամեն անգամ ստանում են խիտ գունավորում[2][4]:

Սյուժե

խմբագրել

Պատմվածքի դիպաշարը սկսվում է ուղեգրությունների տետրը թերթելով: Պատմվածքի կենտրոնում Հազրոն է իր ընտանիքի հետ: Նրա հայրենիքը եղել է Սասունը, որտեղ ապրել են Հազրոյի նախահայրերը: Այնտեղ փռված են աղքատ հյուղակները, մարդիկ ցանում էին ցորեն, հյուսում երգեր, առասպելներ ու պատմություններ: Հազրոն մեծացել էր հենց այս միջավայրում: Թվում էր՝ այս կյանքը դեռ երկար պետք է ուղեկցեր Հազրոյին, սակայն պատերազմը ամեն ինչ ավերում է: Հազրոն անսահման կարոտ է զգում կորցրած հայրենիքի ու հողի նկատմամբ: Նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի Սասնա լեռները: Նա չի կարողանում մոռանալ մանկությունը, հիշատակները, հողը, ծննդավայրը: Հազրոն նվագում է և մտածում լքված հայրենի գյուղի մասին: Հազրոն երազում է, որ կգնա հայրենի գյուղը, կտեսնի Մարութա բարձր սարը, իր մանկության ձորերն ու քարերը: Մարդիկ նորից հարազատի պես կգրկեն իրար, չի լինի տեր, մշակ, թուր ու բռնություն և ինքը կփչի ծիրանի փողը, կերգի խաղաղության երգեր: Հազրոն զրուցակցի այն հարցին, թե ում է տալու իր ծիրանի փողը, պատասխանում է, որ այն կտակելու է իր քաջարծիվ թոնիկին: Եվ ահա մի վիթխարի ծիրանի փող առանց հին ահի ու նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը[2][5]:

Գաղափարական բովանդակություն

խմբագրել

«Ծիրանի փողի» տարագիր բեկորները, բույն դնելով հայրենի հողի մի նոր անկյունում, շարունակում են պահպանել իրենց տոհմիկ-բնաշխարհիկ որակները և դրան կից՝ ապրում են «հին» հողի կարոտներով: Կարևոր է ընդգծել «Ծիրանի փողի» ևս մի առանձնահատկություն, որով Բակունցը, իբրև սկիզբ, վերստին 20-րդ դարի արձակին հատուկ գեղագիտական որոնումների և ոճի հաստատման ոլորտում է. նա այստեղ դիմում է «սիմվոլների գեղագիտությանը», որը գեղարվեստական պատկերին հաղորդում է արտաքին սեղմություն և ներքին, խոհական ծավալայնություն: Հազրոյի ծիրանի փողից ելնող ծուխը հեռվում մնացած հայրենիքի կարոտն էր, կորստի ցավի բոցը: «Ծիրանի փողը» պատմվածքում Բակունցը ներկայացնում է կորսված հայրենիքի ողբերգությունը, գոյատևման հավատն ու մաքառման համառ ոգին [4][6][7]:

Կերպարներ

խմբագրել

Ազնիվ, մունջ Սևդո, Հազրո, ջրվոր, Ցոլակ ձի[5]:

Կատեգորիա:Ակսել Բակունցի ստեղծագործություններ

  1. «Ծիրանի փողը». Վիքիդարան.
  2. 2,0 2,1 2,2 Թամրազյան, Հրանտ (1980). Սովետահայ գրականության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. ISBN 005266. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. (PDF) http://lib.ysu.am/open_books/190320_1.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. 4,0 4,1 Աթաբեկյան, Սերգեյ. Ակսել Բակունց, Խոսքի ու լռության պոեզիան. Երևան.
  5. 5,0 5,1 Ակսել, Բակունց (1955). Երկեր. Երևան: ՀԱՅՊԵՏՀՐԱՏ. էջեր 107–116. ISBN 005859. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  6. Մնացականյան, Եվա (2011). Հայ գրականության պատմություն. Հարցեր և պատասխաններ. Երևան: ՎՄՎ-ՊՐԻՆՏ. էջ 271.
  7. Աղաբաբյան, Սուրեն (1971). Ակսել Բակունց. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 268.