Մկրտիչ Խրիմյանի գործունեությունը 1850-1860 թվականներին

խմբագրել

Մկրտիչ Խրիմյանը (1820-1907) ծնվել է Վանի Այգեստանի Հայնկոյսներ թաղամասի Սղգայու Ջաղդեն արվարձանում, որտեղ ապրում էին զգալի թվով արհեստավոր ընտանիքներ։ Խրիմյանների (Կըրմոց) ընտանիքը քաղաքի ամենահին կտավագործ գերդաստաններից էր։ Մ․ Խրիմյանը սկզբնական կրթությունն ստացել է կտավագործ հորեղբոր՝ Խաչատուրի մոտ, միաժամանակ սովորելով կտավ գործելու արհեստը։ Ապա սկսեց զբաղվել ինքնակրթությամբ։ 1841 թ․ Մ․ Խրիմյանը Կտուց և Լիմ անապատներում էր․ նա ցանկանում էր այնտեղ գտնվելու ընթացքում հայկաբանների մոտ ավելի ամրապնդել գրաբարի մեջ ունեցած իր գիտելիքները և ծանոթանալ այդտեղ գտնվող մատենագիտական գանձերին։ 1842 թ․ Խրիմյանը այցելեց էջմիածին, այդ նրա առաջին ծանոթությունն էր Արարատյան աշխարհի հետ։ Արարատյան դաշտի, էջմիածնի, Օշականի և Աշտարակի հետ ծանոթանալուց հետո ուղևորվում է Շիրակ, Անի, Ալեքսանդրապոլ, որից հետո՝ Թիֆլիս, Բաթում և Կոստանդնուպոլիս։ Պոլսում 1848 թ․ Մ․ Խրիմյանը Խաս գյուղի նոր բացված աղջկանց վարժարանի ուսուցիչ էր․ ծանոթանում է տեղի մտավորականների և այնտեղ գտնվող «Հայկ դյուցազն» պոեմի հեղինակ Արսեն Բագրատունու հետ, որի ազդցությամբ գրում է մի բանաստեղծություն, տպագրելով այն «Բազմավեպի» 1849 թ․ համարներից մեկում։ Կոստանդնուպոլսում Մկրտիչ Խրիմյանը սկսում է ընթերցել Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների հրատարակած գրքերը։ Նրան հատկապես զարմացնում էին ինչպես հայագիտական, այնպես էլ հին հույն, լատին հեղինակների և եվրոպական գրողների գործերի հայերեն թարգմանությունները։ Սակայն Մխիթարյանները գտնվում էին հայրենի երկրից հեռու և կաթոլիկ եկեղեցու հովանավորության ու գաղափարական ազդեցության ներքո։ Խրիմյանի մեջ գաղափար առաջացավ հայրենի Աղթամար կղզում մի այդպիսի միաբանություն ստեղծել։

Հրավիրակ Արարատեան

խմբագրել

Մ․ Խրիմյանի շրջագայությունները Վասպուրականում, Արևելյան Հայաստանում, Թիֆլիսում և Կոստանդնուպոլսում իզուր չանցան և նրան առատ նյութ տվեցին գրելու և 1850 թ․ Կոստանդնուպոլսում հրատարակելու իր «Հրավիրակ Արարատեան» պոեմը։ Հրավիրակը բաղկացած էր չորս նվագից։

Արծուի Վասպուրական

խմբագրել

1855 թ․ հունիսից մինչև 1856 թ․ մայիս ամիսը Կոստանդնուպոլսում լույս տեսավ Մ․ Խրիմյանի «Արծուի Վասպուրական» ամսագիրը։