Երկրագործական մշակույթը Նոր Բայազետում 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում

խմբագրել

Նոր Բայազետի գավառի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը և անասնապահությունն էր:Երկրագործությունը եղել է տնտեսության առաջատար ճյուղերից: Նշված գավառում հիմնականում ցանում էին ցորեն ու գարի: Բերքի մի մասը վաճառվում էր, իսկ մնացածն էլ օգտագործվում էր սեփական կարիքները բավարարելու նպատակով : Տարածված է եղել նաև կարտոֆիլագործությունը, որը ունեցել է տեղական նշանակություն, տարածված էր նաև կտավատի, վուշի, կանեփի մշակությունը: Նոր Բայազետի գավառի տնտեսական կյանքում որոշիչ դեր է ունեցել նաև անասնապահությաունը, հատկապես մանր եղջերավոր, որը պայմանավորված էր գավառի բնակլիմայական պայմաններով, իսկ խոշոր եղջերավոր անասունների ձմեռումը կապված էր դժվարությունների հետ:


Նախքան Ռուսաստանին միանալը Նոր Բայազետի գավառի(ընդգրկում էր ներկայիս Սոթքից մինչև Քանաքեռ ընկած տարածքը, կամ որ նույնն է նախկին Գյոքչայի, Դարաչիչակի և Ղրբալուխի գավառները)  տնտեսությունը գտնվում էր վատթար վիճակում: Առհասարակ Արևելյան Հայաստանում տիրում էր սոցիալ-տնտեսական ընդհանուր հետամնացություն: Նախորդ դարաշրջաններում օտար ցեղերի արշավանքները ծաղկուն բնակավայր Նոր Բյազետի գավառը վերածել էին մոխրակույտի, ավերվել և ոչնչացվել էր երկարատև տարիների ընթացքում ստեղծված տնտեսությունը, քոչվոր ցեղերի տեսակարար կշիռն ավելացել էր ընդհանուր բնակչության կազմում, որոնց պատճառով էլ Նոր Բայազետ գավառի բնակչության զբաղմունքի հաշվեկշիռը կտրուկ փոխվեց՝ երկրագործական մշակույթը իր տեղը զիջեց անասնապահությանը, մշակովի հողերը վերածվեցին արոտավայրերի, իսկ գյուղատնտեսությունը կրում էր փակ տնտեսական բնույթ:[1]

Արևելյան Հայաստանի անցումը Ռուսաստանին ունեցավ առաջադիմական նշանակություն՝ սոցիալ-տնտեսական կյանքը զգալի առաջընթաց ապրեց: Տնտեսական կյանքում երևան է գալիս նոր փոփոխություն. անասնապահությունը իր տեղը զիջում է երկրագործությանը:

Նշված ժամանակաշրջանում Նոր Բայազետի գավառի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործութունն ու անասնապահությունն էր: Նոր Բայազետի գավառում գյուղատնտեսության զարգացման և կայուն բերքի ստացման համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայամաններ. գավառի տնտեսական առաջընթացի համար կարևոր նշանակություն ունեցավ պարսկահայերի և արևմտահայերի ներգաղթը, նորաբնակները գերազանցապես հողագործներ էին, ուստի նրանց բնակեցումը անմշակ հողատարածությունների վրա էական նշանակություն ունեցավ գավառի տնտեսական առաջընթացի համար: Հետևաբար ավելացավ գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը:

1831 թվականի դրությամբ Նոր Բայազետ գավառում գյուղատնտեսությամբ զբաղվում էին ավելի քան 3033 գյուղացիական տնտեսություններ:[1] Ուսումնասիրվող ժամանակաշրջանում Նոր Բայազետ գավառի գյուղատնտեսության մեջ ամենից առաջատար ճյուղը եղել է հողագործությունը: Հողագործությունը հասնում է զարգացման մի նոր աստիճանի: Գավառի հողատարածությունների կառուցվածքում ավելացավ մշակովի հողի բաժինը:

Բավական է նշել որ, ըստ Նոր Բայազետի գավառապետի 1864 թվականի հաշվետվության՝ Նոր Բայազետի գավառը 1859 թվականին ուներ 415.279 դեսյատին հող, մշակում էին կարտոֆիլ, կանեփ, կտավատ, հացահատիկ: Կտավատի 40.500-46.000 փութից ստանում էին 8000-8500 փութ բուսական յուղ, կանեփ՝ 500-700 փութ, կարտոֆիլ՝ 1700 փութ:[2]

Իսկ ահա չորս տասնամյակ անց փոխվում է գավառի հողատարածությունների ծավալը՝ կազմելով 566.594 դեսյատին: 1909-1911 թվականներին վարելահողերին բաժին էր ընկնում պիտանի հողերի 53%-ը(ամբողջ նահանգում մոտ 42%):[3]

1908-1909 թվականների դրությամբ ոստիկանական շրջանների՝ հողային ֆոնդի կառուցվածքը տարբեր էր, առաջին ոստիկանական շրջանի հողահանդակների կառուցվածքում պիտանի հողերը կազմել են 42.5%-ը, որն ամբողջ գավառի պիտանի հողերի 20.1%-ն էր: Այս գոտուն բնորոշ էին հացահատիկային կուլտուրաների և կերաբույսերի մշակությունը: Երկրորդ շրջանի ընդհանուր հողատարածքից գյուղատնտեսության համար պիտանի էր 58.5%-ը, որը կազմում էր ամբողջ գավառի պիտանի հողերի 16.9%-ը: Այս շրջանին բնորոշ էր հացահատիկային ու կերային մշակաբույսերի մշակությունը, նաև անասնապահությունը: Երրորդ շրջանի հողային ֆոնդի մեջ պիտանի հողերը կազմել են ամբողջ գավառի պիտանի հողերի 21.7%-ը: Հողային ռեսուրսներով առավել հարուստ էր չորրորդ շրջանը: Չորրորդ շրջանի հողային ֆոնդի մեջ պիտանի հողը կազմում էր 38.5%-ը:[4] Թվական տվյալների համադրումից պարզվում է, որ 1908-1909թթ Նոր Բայազետի չորս ոստիկանական շրջանների պիտանի հողերը կազմել են ընդհանուր հողահանդակների 38.6%-ը

Հողագործության զարգացման համար ամենամեծ դժվարությունը սակավահողությունն էր և եղածի անհավասարաչափ բաշխվածությունը: Առաջացել էր մի տեսակ հողատիրության ձև, երբ ամեն ընտանիք տիրում էր պապերի ունեցած հողերին:Միևնույն ժամանակ Նոր Բայազետի գավառում մեծ թիվ էին կազմում հողազուրկները և սակավահող գյուղացիները: Հողի խնդիրը ավելի խորացավ, երբ այդ տարածաշրջանում բնակություն հաստատեցին ռուս աղանդավորները(մոլականներ):

Տեղացիների համեմատությամբ արտոնյալ պայմաններով նրանց տրվում էր հող և այն էլ լավագույններից:[5]Ռուս աղանդավորների հոսքը ունեցավ նաև դրական նշանակություն: Սևանի բնակչությաունը հենց մոլականներից սովորեց զբաղվել բանջարաբուծության նոր տեսակների կաղամբի և գազարի մշակությամբ, ինչպես նաև տնտեսության մեջ օգտագործել ռուսական քառանիվ ձիասայլը:

Ուսումնասիրվող ժամանակաշրջանում Նոր Բայազետ գավառի գյուղական համայնքներում հողը ենթարկվեց պարբերական վերաբաժանման, ըստ ծխերի անդամների թվի սկզբունքի: [6] Հողային բարեփոխումները կոչված էին լուծելու գյուղի ներքին և միջգյուղային կամ միջհամայնքային հողատարածքների անհամաչափությունները: Սակայն այդ պարբերական վերաբաժանումն ավելի վատթարացրեց գյուղացիության առանց այդ էլ ծանր վիճակը:

Վարելահողերի բաժինը հատկապես մեծ էր հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններում: Հացաբույսերի մշակությունը ավելի մեծ ծավալ էր ստացել և դա պայմանավորված էր նրանով, որ այդ կուլտուրաների մշակությունը համեմատաբար նվազ ծախսատար էր, բացի այդ Նոր Բայզետի գավառի կլիման նպաստավոր էր հացազգիների մշակության համար: Գավառի կլիման մեծ մասամբ ցամաքային էր, կլիմայի վրա մեծ ազդեցություն էր թողնում տարածքի զգալի բարձրությունը ծովի մակերևույթից: Ուստի հողագործության զարգացման համար արհեստական ոռոգումը կենսական անհրաժեշտություն էր:

Նոր Բայազետի գավառում հիմնականում ցանում էին ցորեն ու գարի: Ստացված բերքի մի մասը վաճառվում էր, իսկ մնացածն էլ օգտագործվում էր սեփական կարիքները բավարարելու համար: Գավառում մշակվել են նաև կորնգան, շամբալա և առվույտ, որոնք նպաստել են անասնապահության զարգացմանը:[7]

Նշված գավառում կարտոֆիլ մշակում էին ամենուրեք, տարեկան միջին բերքատվությունը կազմել է մեկին երեք: Կարտոֆիլագործությունը ունեցել է տեղական նշանակություն, եթե հացահատիկը արտահանում էին, ապա կարտոֆիլը օգտագործվում էր հիմնականում նահանգի ներսում:

Բանջարաբոստանային կուլտուրաներից ցանել են կաղամբ, լոբի, դդում, ճակնդեղ: Բնաչության եկամտի աղբյուրներից մեկը եղել է յուղատու մշակաբույսերի մշակությունը: Բավականին տարածված էր կտավատի, վուշի, կանեփի մշակությունը: Դրանցից ստացված ձեթը հիմնականում օգտագործվում էր սեփական կարիքների համար:[8]

Հողի մշակումն իրականացվում էր պարզունակ գործիքների միջոցով(գերանդի, մանգաղ, եղան, փոցխ, արոր և այլն): Հողի մշակման հիմնական գործիքն արորն էր: Իսկ գութանն օգտագործում էին հատուկենտ ունևոր ընտանիքներ, քանի որ գութան օգտագործելու համար անհրաժեշտ էր յոթ եզ:[9]

             Հացահատիկը կալսելու համար օգտագործվում էր կամ, իսկ հատիկը դարմանից առանձնացնում էին փայտե լայն թիակների միջոցով` դարմանը քամուն տալով:Սակայն աշխատատար այս գործողությունը գյուղացուց շատ ժամանակ էր խլում և, բացի այդ, գյուղացուն պատճառում էր բերքի զգալիր կորուստ. Քամին թեփուկների հետ տանում էր հացահատիկի մի մասը: [10]

Նոր Բայազետի գավառի տնտեսական կյանքում որոշիչ դեր էր խաղում անասնապահությունը: Այս գավառում անասնապահությամբ զբաղվել են դեռևս վաղնջական ժամանակներից: Անասնապահությունը գավառում առավել զարգացում ապրեց, երբ Արևելյան Հայաստանը միացրին Ռուսաստանին:  Նոր վարելահողերի մշակման, ցանքատարածությունների մեծացման, արոտավայրերի ընդարձական հաշվին  Նոր Բայազետի գավառի գյուղական բնակչությունը տարեցտարի ավելացնում էր անասնակերի պաշարը, որը հնարավորություն էր տալիս բազմացնելու խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Ըստ 1864թ տվյալների` այս գավառում բանող անասունների գլխաքանակը հասնում էր մինչև 100հզ. գլխի, իսկ 1913 թվականի տվյալներով` գլխաքանակը հաշվվում էր 7717.8: [11]Անասնապահությամբ զբաղվելը հետապնդում էր բազում նպատակներ: Խոշոր եղջերավոր անասուններից եզը, գոմեշը և կովը ծառայել են որպես կաթ, միս ու կաշի տվող կենդանիներ:

Ստացված հումքի մի մասը մշակվում էր տնային պայմաններում, իսկ մյուս մասը՝ արհեստանոցներում: Եզն և գոմեշն օգտագործում էին որպես լծկաններ: Ձին, ջորին և էշը ծառայել են իբրև փոխադրամիջոց՝ բեռնելու և նստելու համար: 19-րդ դարի 70-ական թվականներից սկսած անասնապահությամբ զբաղվում էին նաև առևտրական նպատակներով:[12]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Հարությունյան, Համլետ (2008). Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ. Երևան: Գիտություն հրատարակչություն. էջեր 162–163.
  2. Հովեյան, Հասմիկ (2013). Իմ Պայազատը. Երևան: Մուղնի հրատարակչություն. էջ 22.
  3. Հարությունյան, Համլետ (2008). Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ. Երևան: Գիտություն հրատարակչություն. էջ 167.
  4. Հարությունյան Համլետ (2008)։ Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ։ Երևան: Գիտություն հրատարակչություն։ էջ 168
  5. Հարությունյան Համլետ (2008)։ Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ։ Երևան: Գիտություն հրատարակչություն։ էջ 182
  6. Հարությունյան Համլետ (2008)։ Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ։ Երևան: Գիտություն հրատարակչություն։ էջ 195
  7. Մաթևոսյան, Արտաշես (1977). Բուսաբուծություն. Երևան: Լույս հրատարակչություն. էջեր 516–517.
  8. Հարությունյան Համլետ (2008)։ Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ։ Երևան: Գիտություն հրատարակչություն։ էջ 179
  9. Հարությունյան Համլետ (2008)։ Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ։ Երևան: Գիտություն հրատարակչություն։ էջ 117
  10. Հայ ժողովրդի պատմություն, հատոր V. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1974. էջ 24.
  11. Հարությունյան Համլետ (2008)։ Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ։ Երևան: Գիտություն հրատարակչություն։ էջեր 177-178
  12. Հարությունյան Համլետ (2008)։ Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ։ Երևան: Գիտություն հրատարակչություն։ էջ 196


Գրականություն

  1. Հայ ժողովրդի պատմություն, հ. V, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն․ 1974։
  2. Հարությունյան Հ., Նոր Բայազետի գավառը 1828-1913թթ., Երևան, Գիտություն հրատարակչություն, 2008։
  3. Հովեյան Հ., Իմ Պայազատը, Երևան, Մուղնի հրատարակչություն, 2013։
  4. Մաթևոսյան Ա., Բուսաբուծություն,Երևան, Լույս հրատարակչություն, 1997։

Արտաքին հղումներ

խմբագրել

Հարությունյան Հ․ Նոր Բայազետի գավառը 1828-1913 թթ․ http://publishing.ysu.am/files/Nor_Bayazeti_Ggavary-1828-1913.pdf