ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Հայոց լեզվի՝ 10-րդ դասարանի դասագրքից
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ լեզվաբանության այն բաժինն է, որում ուսումնասիրվում են բառերի ծագումը, ձևը, իմաստը, կառուցվածքը, ինչպես նաև բառարաններն ու նրանց տեսակները: Բառի հատկանիշների ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի: Մարդիկ իրենց հայտնի բոլոր իրողությունները՝ անձերը, կենդանիները, առարկաները, զգացումներն ու զգացմունքները, հատկություններն ու գործողությունները, անվանում են բառերով: Բառերի, հատկապես նրանց ծագման ուսումնասիրությունը հետաքրքրական ու զարմանալի շատ երևույթներ է բացում մեր առաջ: Օրինակ՝ հայտնի է, որ անապատ կոչում են Երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջանները: Իսկ ի՞նչ ծագում ունի անապատ բառը: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ -ապատ բաղադրիչը կա նաև մի քանի այլ բառերում (օրինակ՝ Վաղարշապատ): Այս բառը պահլավական է (միջին պարսկերեն) և նշանակում է շեն, բնակելի, իսկ անապատ նշանակում է անշեն, անբնակ: Սակայն այս ամենը պարզ է դառնում միայն մասնագիտական ուսումնասիրության շնորհիվ, ուստի ժամանակակից հայերենի համար անապատ բառը կազմությամբ պարզ է համարվում: Անապատ է կոչվում նաև այն մեկուսի վայրը՝ մենաստանը, որտեղ առանձնացած ապրում են ճգնավորները: Ուրեմն այս նույն ձևն ունեցող բառով անվանում են երկու հասկացություններ՝ երկրագնդի չորային վայրերը և ճգնավորների մենաստանները: Սակայն այս ամենով չի սպառվում անապատ բառի ուսումնասիրությունը: Պետք է որոշել նաև նրա իմաստային-ոճական նրբերանգները, գրության ու արտասանության ձևերը և այլն: Բառերի այսպիսի բազմազան հատկանիշները, ինչպես նշվեց, ուսումնասիրվում են բառագիտության բաժնում:
ԲԱՌԱՊԱՇԱՐ Ամեն մի լեզու ունի իր բառերի ամբողջությունը՝ բառապաշար: Բառապաշարը թեև ամբողջություն է, սակայն քարացած չէ և ժամանակի ընթացքում փոփոխվում է: Լեզուն զարգանում է, և լեզվի մյուս բաղադրիչների հետ փոփոխվում են նաև բառերը: Այդ պատճառով էլ գրաբարի, միջին հայերենի ու ժամանակակից հայերենի միջև բառապաշարային բազմաթիվ տարբերություններ կան: Ամեն մի լեզվի բառապաշարն արտահայտում է այդ լեզվով խոսող ժողովրդի կենցաղը, մշակույթը, սովորությունները, աշխարհագրական պայմանները, հասարակական կյանքի փոփոխությունները և այլն: Օրինակ՝ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայերենի բառապաշար մտան բոլշևիկ, մենշևիկ, կոլտնտեսություն և շատ այլ բառեր, որոնք արտացոլում են պատմական այդ իրադարձությունը: Խորհրդային կարգերի վերացումից հետո այդ բառերն աստիճանաբար դարձան անգործածական: Բառապաշարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, թե տվյալ ժողովուրդն ինչ հագուստ է հագնում, ինչ ուտելիքներ է ուտում, ինչ ծեսեր ունի, մշակութային ինչ իրողություններ են նրան բնորոշ և այլն: Օրինակ՝ խաչքարը հայկական մշակույթի ստեղծագործություն է, և այդ բառը սովորաբար չեն թարգմանում, այլ ուրիշ լեզվով մեկնաբանում են նրա նշանակությունը:
Բառապաշարն անընդհատ հարստանում է, այսինքն՝ ավելանում են նորանոր բառեր: Ժամանակակից հայերենի բառապաշարում կա շուրջ 250000 բառ: Հարստացումը կատարվում է երկու միջոցով. լեզվում եղած արմատներով ու ածանցներով նոր բառեր են կազմվում, կամ այլ լեզուներից բառեր են փոխառվում: Այսինքն՝ բառապաշարի հարստացման միջոցներն են բառակազմությունը և փոխառությունը:
ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ՁևԻ և ԻՄԱՍՏԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ Բառերը տարբեր հատկանիշներ ունեն և այդ պատճառով էլ դասակարգվում են տարբեր մոտեցումներով: Եթե բառերը դասակարգվում են ըստ ծագման, ապա հաշվի է առնվում, թե բառը հայերենին անցել է հնդևրոպական մայր լեզվի՞ց, թե՞ այլ լեզուներից: Եթե բառերը դասակարգվում են ըստ կազմության, ապա հաշվի են առնվում նրանց կառուցվածքային հատկանիշները, այսինքն՝ քանի՞ արմատ կամ ածանց կա բառում: Ըստ ձևի և իմաստի փոխհարաբերության դասակարգելիս էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, թե բառերի ձևերը և իմաստները ինչ հարաբերություն ունեն: Բերենք հետևյալ նախադասությունները. Հաղթանակի տոնը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ. Նա փոխեց ձայնի տոնը: Առաջին նախադասության մեջ տոն նշանակում է տոնախմբություն, իսկ երկրորդ նախադասության մեջ՝ ձայնաստիճան: Հետևաբար նշված երկու բառերը նույն ձևն ունեն, սակայն արտահայտում են միանգամայն տարբեր իմաստներ: Բերենք այլ նախադասություններ. Նորակառույց շենքի լուսամուտները տեղադրեցին: Նորակառույց շենքի պատուհանները տեղադրեցին: Այս նախադասություններում լուսամուտները և պատուհանները բառերը տարբեր ձևեր ունեն, սակայն անվանում են միևնույն առարկան:
Այսպիսով՝ բառերը, ըստ իրենց ձևի և իմաստի, միմյանց նկատմամբ տարբեր փոխհարաբերություններ են ունենում: Մի դեպքում կարող են ձևով նույնը լինել, բայց արտահայտել տարբեր իմաստներ, մյուս դեպքում կարող են տարբեր ձևեր ունենալ, բայց նույն իմաստն արտահայտել: Բառերն ըստ ձևի և իմաստի փոխհարաբերության դասակարգելիս հաշվի են առնվում այս մի քանի այլ ձևաիմաստային հարաբերություններ:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՇԵՐՏԵՐԸ ԸՍՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐԻ Ժամանակակից հայերենն ունի ճոխ և հարուստ բառապաշար: Ի՞նչ շերտերից է կազմված այն: Հայտնի է, որ 5-րդ դարից՝ այբուբենի ստեղծումից հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար, որը ժամանակի ընթացքում երկփեղկվեց արևելահայերենի ու արևմտահայերենի: Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Ժամանակակից հայերենի բառապաշարում կան զարգացման տարբեր շրջաններից եկող բառեր: Եթե ժամանակակից հայերենի բառապաշարում ըստ զարգացման փուլերի առանձնացնենք բառաշերտերը, ապա կլինի 4 շերտ՝ ընդհանուր հայերեն բառեր, գրաբարյան բառեր, միջինհայերենյան բառեր, նոր հայերեն բառեր:
Ընդհանուր հայերեն են այն բառերը, որոնք գործածական են հայերենի բոլոր փուլերում: Օրինակ՝ մարդ, քույր, եղբայր, հաց, ջուր, տուն և այլն: Այդ բառերի մի մասի իմաստը փոխվել է: Օրինակ՝ գնացք գրաբարում նշանակել է ընթացք, շարժում, իսկ ժամանակակից հայերենում նշանակում է փոխադրամիջոցի տեսակ: Գրաբարյան են այն բառերը, որոնք գործածվել են գրաբար մատենագրության մեջ և աշխարհաբարին են անցել ոչ թե ժառանգաբար, այլ վերցվել են գրաբար բնագրերից որպես փոխառություններ ու կիրառվել ոճական և այլ նպատակներով: Օրինակ՝ Թումանյանը ծիծաղախիտ բառը վերցրել է Նարեկացուց, Տերյանը գործածել է գրաբարյան ոսկեհանդերձ բառը, Ն. Զարյանը՝ ոսկեմայր բառը և այլն: Գրաբարից են վերցված նաև լուսատեսակ, խոտաճարակ, կորուսիչ, պատվասիրել, քաղաքամայր և բազմաթիվ այլ բառեր: Միջինհայերենյան շերտի մեջ են մտնում այն բառերը, որոնք ժամանակակից հայերենին են անցել լեզվի զարգացման միջին փուլից՝ միջին հայերենից, օրինակ՝ գաթա, ճորտ, մասուր, մշուշ, պարոն և այլն: Նոր հայերեն են այն բառերը, որոնք գոյություն չունեն ո՛չ գրաբարում, ո՛չ միջին հայերենում, ո՛չ էլ որևէ բարբառում: Դրանք ստեղծվել են նոր շրջանում, օրինակ՝ ջրագնդակ, ջրապտույտ, գեղասահք, հեծանվավազք, հեծանվորդ, ծանրամարտիկ, անտառազանգված, հեռախոսահամառ, մասնաշենք, խոսափող և այլն: Նոր բառերի բառաշերտ կա թե՛ արևելահայերենում, թե՛ արևմտահայերենում, և ժամանակի ընթացքում բառեր են անցնում մեկից մյուսին: Առանձնացվում է նաև բարբառային բառաշերտ: Բարբառային շերտի մեջ են մտնում այն բառերը, որոնք հայերենի տարբեր բարբառներից անցել են գրական լեզվին, և նրանց բարբառային լինելը արդեն չի գիտակցվում, օրինակ՝ աղաման, աղցան, իրիկուն, լացակումել, լեղապատառ, կիսամաշ, ձգձգել և այլն:
ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ
Բառակազմությունն ուսումնասիրում է լեզվի բառերի կազմության եղանակներն ու օրինաչափությունները: Բառակազմության նպատակն է բացահայտել, թե ինչ կառուցվածք ունի և ինչ բաղադրիչներից է կազմված բառը. ինչ դեր ունեն և ինչ իմաստ են արտահայտում բառերի բաղադրիչ մասերը: Բառապաշարի հարստացման 2 միջոց կա. առաջինը օտար լեզուներից կատարվող բառային փոխառություններն են (արտաքին միջոց), իսկ երկրորդը գրական լեզվի տվյալ փուլի բառակազմական տարբեր եղանակների շնորհիվ նոր բառերի ստեղշումն է (ներքին միջոց): Մեր գրական լեզուն այսօր ունի բառակազմական 3 եղանակ՝ ածանցում, բառաբարդում և հապավում: