Պատմություն

խմբագրել

Աբովյան քաղաքի հարավ-արևելյան մասում՝ հնագույն Էլառ թաղամասում է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Եկեղեցին ըստ որոշ աղբյուրների կառուցվել է 19-րդ դարում, իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն այն 17-րդ դարի կառույց է:

Եկեղեցին հիշատակված է Արտակ Արքեպս. Սմբատյանցի «Ճանապարհորդություն Գեղարքունյաց գավառով» աշխատության մեջ, սակայն եկեղեցու կառուցման տարեթվի մասին գրքում ոչ մի հիշատակություն չկա:

Հիշատակություն կա միայն եկեղեցու դիմացի բլրի ետևում գտնվող սեպագիր արձանագրությամբ քարի մասին: Եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա գրված է 1851թ., որն ամենայն հավանականությամբ զանգակատան կառուցման տարեթիվն է: Այն իր կանոնավոր շարվածքով տարբերվում է եկեղեցու շարվածքից: Զանգակատնից ձախ գտնվում է Աստվածամոր Տաճարաբակցի քահանայի տապանաքարը թվագրված 1689թ., որը ենթադրել է տալիս, որ այդ ժամանակ եկեղեցին եղել է: Սովետական միության տարիներին եկեղեցին չի գործել: Տարածքը վերածվել է գերեզմանատան, և արդյունքում եկեղեցին շրջապատված է գերեզմաններով: 1986թ.–ին մի շարք հավատավոր մարդկանց ջանքերի շնորհիվ եկեղեցին վերաբացվել է: 2001թ.-ին եկեղեցու արևմտյան մասում կառուցվել է գավիթը: 2010 թ. հունիսի սկզբին, մի քանի բարերարների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ, կատարվել են վերանորագման աշխատանքներ։ Նույն թվականի Նոյեմբերի 28-ին եկեղեցին վերաօծվել է ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Եպիսկոպոս Քարամյանի։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մաշտոց քահանա Բաբայանը։ Եկեղեցին ունի երիտասարդաց միություն, կիրակնօրյա դպրոց: Եկեղեցուն կից գործում է նաև Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնը:

Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

խմբագրել