Մասնակից:Բեգլարյան1/Ավազարկղ2

Կապուտաչյա հայրենիք, անավարտ պոեմ, Եղիշե Չարենցի՝ 1915թ․ գրված ստեղծագործություն։

Կապուտաչյա հայրենիք
Ժանրպոեմ
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1915թ․
Կազմի հեղինակՌ․ Մ․ Մուրադյան
ՀրատարակչությունՍովետական գրող
ՎիքիդարանԲեգլարյան1/Ավազարկղ2

Տպագրման պատմություն

խմբագրել

Եղեռնի նախնական՝ ինչ-որ չափով մշուշոտ պատմությունը սկսվում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմով[1]։ Պոեմը նա գրել է 1915թ․ փետրվարին, երբ դեռ որպես զինվոր ոտք չէր դրել Արևմտյան Հայաստան։ Մի քանի ամիս հետո, երբ նա մտավ այդ երկիրը որպես զինվոր և ականատես եղավ ամեն ինչին։ Ուստի բնական էին առաջին տարբերակի տխրության մշուշը և ավելի մեծ տեղ գրավող միֆերի վերածնության հույսը, ապա հետագա մշակված տարբերակում նկատելի են դրամատիկ շերտերի զարգացում[2]։

Սիմվոլիզմի դրսևորումը պոեմում

խմբագրել

Հայրենիքի փրկության դեռևս անորոշ, բայց մշուշոտ պատկերացումներում արևմտահայության ազատագրության երազը սկսվում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմով։ Պոեմում «կապուտաչյա» մակդիրն ըստ սիմվոլիզմի գունային գեղագիտության, միանգամայն համապատասխանում է երազի, կարոտի ըմբռնման հետ[3]։ Այստեղ կարելի է տեսնել, սիմվոլիզմի որոշ երանգներ, որոնք վերաիմաստավորվում և յուրովի են մասնակցում ողբերգության պատկերմանը[4]։

Սյուժե

խմբագրել

Կապուտաչյա հայրենիքը Հայաստանն է։ Թերևս այդ գույնը՝ կապույտը, բանաստեղծական այդ երանգը հոգեբանական առումով բնորոշ է հայրենիքին, որը գնալով երազ է դառնում իր զավակների համար։ Երբեմն վիշտը ստանում է բնական գույներ, դառնում կործանված եզերքի նրբին պատկեր․ «Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս․- Հովիտների մեջ փրփրուն գետն էր հոսում Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս Դու գգվանքներ ու զրկզնքներ սիրուն[5]»։ Չարենցը երգում է տունը, ծեր մորը, թթենին, գետափի տխրամած երազը, հովտի միջով հոսող փրփրուն գետը, հարազատ եզերքը և մեծ հայրենիքը, որն այլևս չկար։ Խորունկ է այն խոհը, թե սերը ծնվել է կարոտից հետո, հայրենիքի կործանումից հետո։ Չէ՞ որ առաջ հողը, երկինքը, տունն ու եզերքը, ամեն ինչ թվում էր այնքան հավիտենական, որքան իրերի բնական ընթացքը։ Չարենցը երգում է կապուտաչյա սիրուհու, իր որբ երկրի բախտը․ «Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ»։ Ցնցող տպավորություն է թողնում հատկապես հնձվորների՝ երկրի կորած, սրի մատնված զավակների թեման։ Հայոց հնձվորները արյունոտ դաշտերից տուն չեն դարձել, նրանք հնձում են հեռուներում, երկիրը մնացել է անտեր։ Պոեմի վերջին հատվածը մի լուսե տեսիլ է, թախծալի նկարագրություն՝ գալիք Հայաստանի, ծաղկուն հովիտների, հարսանեկան նվագների մասին․ «Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն»։ «Կապուտաչյա հայրենիքը» ձուլված է տեսիլներից, տխուր պատկերներից ու լուսե երազներից[6]։

Հեթանոսությունը պոեմում

խմբագրել

Այս մթնոլորտում էլ Չարենցը դառնում է հեթանոս աստվածներին, հինավուրց առասպելներին, մասնավորապես քաջության, հրդեհի ու արևի աստված Վահագնին ու սիրո աստվածուհի Աստղիկին՝ սերն ու քաջությունը համարելով կյանքի վերածնության հիմքը։ Այդ հեթանոսությունը բնավ նման չէ արևմտահայ հեթանոսական շարժմանը և մտածողությանը։ Հեթանոսությունն այս դեպքում որոշ լիցքեր և սիմվոլներ է տալիս նրա քաղաքական մտածողությանը[7]։

Գաղափարական բովանդակություն

խմբագրել

Պոեմը կիսատ է, բայց ունի հուզական ամբողջություն, բանաստեղծական տրամադրությունը ծավալվում է՝ ստեղծելով կորստյան ցավի, անծայր սիրո և կարոտի մթնոլորտ։ Այնտեղ բարձրանում է հույզի ալիքը և սիրո մշուշը, հայոց նորագույն պատմությունը դառնում է դառը մորմոքի, սիրտ կեղեքող վերհուշ, կարոտի կանչ և հեռացող կյանքի համառ տագնապի ձայն[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Քալանթարյան, Ժենյա (2012). Եղիշե Չարենց. Երևան: ԵՊՀ. էջեր 178։.
  2. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 101։.
  3. Քալանթարյան, Ժենյա (2012). Եղիշե Չարենց. Երևան: ԵՊՀ. էջեր 178։.
  4. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 101։.
  5. Եղիշե Չարենց Երկեր. Երևան: Սովետական գրող. 1983. էջեր 107։.
  6. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 101-102։.
  7. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 106։.
  8. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 107։.