«Հայկ և Բել» ավանդավեպի ենթահիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի` սեմական ժողովուրդների արեգակի աստված կամ Ասորեստանի թագավոր Բելի: Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելիք և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք: Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ: --Արմենուհի Կնյազյան (քննարկում) 15:41, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Հայկ եվ Բել