ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԻԽԱՆՅԱՆ Մարդիկ կարող են լեռներ խորտակել, գետերի հունը փոխել, բայց ազատության տենչը խախտել մարդ էակի մեջ՝ անհնար է, իսկ ժողովրդի մեջ՝ առավել ևս: Ազատության ձգտող ժողովուրդը պայքարում է իր ազատության համար: Երբ նայում ես այս արտասովոր կյանքին, որի մեջ ապրում ես արդեն մի քանի տարի, երբ հիշում ես, որ դեռ երեկվա աննման ընկերներդ այսօր ֆիզիկապես հեռացել են քեզանից, երբ մտածում ես, որ այսօրվա ընկերդ էլ, կամ, դու ինքդ էլ վաղը կարող ես առհավետ մեկնել այս աշխարհից, ողջ հոգիդ համակվում է ունայնության մի խոր զգացումով, արգահատանք ես զգում այս իրականության նկատմամբ և անիծում ես այն ճակատագիրը, որն այսօր քեզ դրել է այս կյանքում: Բայց ո՛չ... Երկար չեն տևում այսպիսի մտածումները: Շուտով սթափվում ես: Սթափվում ես, որովհետև հիշում ես, որ մենք այսօր ապրում ենք պատմական մի ժամանակաշրջան, ուր ամեն ժամն ու րոպեն մեզ դնում է համազգային պատասխանատվության առջև՝ մեր հայրենի հողի ու գալիք սերունդների ճակատագրի նկատմամբ: Երբ այս օրհասական օրերին խիզախորեն բարձրացրել ենք ազգային-ազատագրական պայքարի պանծալի դրոշը, միաժամանակ պիտի գիտակցենք, որ այս դրոշը միայն այն հերոսաբար կրողների արյամբ կարող ենք մշտապես բարձր պահել և խրոխտաբար քայլել դեպի հաղթանակների փշոտ ուղիով: Ուրիշ ելք չկա: Այս է ազատագրական պայքարի դաժան օրենքը, որ բոլորիս տանջում է, բայց նաև հպարտացնում, երբ հիշում ենք, որ ունեցել ենք Վարդանի, Գագիկի, Արթուրի, Դուշմանի, Վուրգի, Վահեի, Շահենի ու Արտավազդի նման հերոս ընկերներ... Արտոյի համար էլ այսօր բոլորս խոսում ենք. -Շատերն ընկան էդ ճամփի կեսին՝ Սրտերը վառված, հույսը աչքերին:

Ինչպես բոլոր մեր նահատակ ընկերները, Արտոն էլ ուներ իր պատմությունը, որն իսկապես առանձնանում էր: Նա եկել և մաս էր կազմում ընտրյալների այն հրաշք փաղանգի, որոնց համար «Դեպի Էրգիրը» երբեք չէր եղել զուտ պարզ տղայական հետաքրքրություն, այլ դարձել էր սրբազան մի կոչ, որի միջոցով լսվում էին ամենաառաջին հերթին Արցախյան կռվի որոտներն ու հայրենի վտանգված հողի տառապագին վիշտը: Արտոյի նման մրրկոտ հոգիները չէին կարող չանսալ այս ձայներին:

Նվիրյալ այս դաշնակցականը պայքարի առաջին օրերից դիրքերում էր, Արցախյան գոյակռվի առաջին գծում: Երկար չմնաց նա մեզ հետ: Վերջին օրերում սովորականից լուռ էր: Արտոն գեղեցիկ ծրագրերով կնքեց իր կյանքի իմաստը՝ դարձած Արցախ: Բայց անողոք ճակատագիրը խտրություններ չի դնում իր դաժան տնօրինումների միջև:

Նրա մահվան բոթը խոր վշտով է համակել գաղափարակից ընկերներին: Եվ ինչու՞ չհպարտանալ նրա հերոսական նահատակությամբ: Խորապես համոզված ենք, որ Արտոյի ու նրա ընկերների նահատակությունը ավելի է ամրապնդում Արցախ-Հայաստան և Արցախ-Սփյուռք կապը, որ պատմությունը փորձել էր կտրել: Վերջին հաշվով անուրանալի է, որ մեկ ազգ ենք ու մեկ հայրենիք, և բոլորս էլ մասնակից այսօրվա մեր ազատագրական կռվին: Արտոն եղավ նաև այս գաղափարի նահատակը: Վստահ եմ, որ նրա ու նրա ընկերների անմեռ հիշատակը Արցախից Հայաստան ու բովանդակ աշխարհ պիտի ոգեկոչի նոր Արտավազդների... Արտավազդ Ալիխանյան Խոնարհվում ենք լուսապայծառ շիրիմիդ առաջ: Կիսատ մնացած կյանքդ պարտավորեցնում է բոլորիս՝ անմնացորդ նվիրվել ազգի ազատագրական պայքարին... Արտավազդ Մկրտչի Ալիխանյան Ծնվել է 1957թվականին, Գյումրի քաղաքում, մի շատ սովորական ու համեստ ընտանիքում: 1990թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Լինելով կազմակերպության առաջամարտիկներից, Գյումրիում հավաքագրեց այնքան օրհասական դարձած հայրենիքի փրկության համար ազգային գաղափարախոսությունը ապրելակերպ դարձրած տղաներից մի ջոկատ ու մեկնեց Արցախ: 1991թվականին Արտոն իր ջոկատով Հադրութի Տող գյուղում էր: Հսկում էր գյուղացու քունը: 1992թվականին Քարինտակի մատույցներում էր: Նույն տարվա հունիսին մեկնեց Մարտակերտ, ապա՝ Աղդամ: Ալիաղալի... 1992 թվական, հունիս 17: Բացվող առավոտը խոստանում էր մահ, ավեր, սուգ... Օրվա ապականված դեմքը սպանիչ քրքիջով ծամածռել էր ամռան հունիսը, գալիս էր վերք ու ողբով՝ ճանապարհին ոտնատակ տալով գյուղի բազմաշնորհ դարերը: Արտոն իր տղաների հետ դիրքերում էր: Ամուր էր կանգնած: Գիտեր. չպիտի թողնի, որ գայլերի այդ ոհմակը պղծի սրտերի մեջ այնքա՜ն փայփայած հայրենիքը: Ու զարկված ընկերներին, անմեռ դրոշին տված իր երդմանը հավատարիմ մնալով իր Ավարայրում նահատակվեց: Ալիախալին դարձնելով իր Վիտոշը, որ հարության կոչնակի հետ վերադարձնի ոգեղեն լույսն ու սրիտի ջերմությունը: Ալիաղալի գյուղը եղավ նրա վերջին, հայրենանվեր պայքարի վերջին հանգրվանը: Կատաղի էր մարտը: Կային վիրավորներ: Հայ մարտիկների համառ դիմադրությունից գլուխը կորցրած ազերին մի կերպ փախչում էր, իր հետևից թողնելով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Մարտն ավարտվեց առյուծասիրտ տղաների հաղթանակով: ...Ճակատագրի դեմ քո գոռ ընդվզումը իր արդյունքը տվեց հրամանատա՛ր: Եվ դու հաղթեցի՛ր: Հաղթեցի՛ր, հրամանատա՛ր... ...Երեկոյացավ... Տղաների դեմքին փայլում էր հաղթանակի լույսը: Անպարտելի է այն ժողովորդը, որ ղեկավարվում է ոգու ձեռքով: Իր հողի վրա պարտվելը կրկնակի ու աններելի պարտություն է: ...Ընկերները շփոթված էին: Հրամանատարը չկար: Ոչ մի կերպ չէին հաշտվում կորստի մտքի հետ: Մտածում էին. ուր որ է կգա: Կգա ու էլի միասին կլինեն: Բայց, բայց անողոք ճակատագիրը այլ բան էր պատրաստել, թե՛ հրամանատարի, թե՛ ընկերների համար: Երկու օր վերջ նրա դին գտնում են Ստեփանակերտի դիարանում: Ընկերները միանգամից ճանաչում են իրենց զենքի բարեկամին: Դառը ճակատագիրը Արտոյին չխնայեց գալիքի հաղթական զարկերի համար: Բայց այդքանն էլ բավական էր, որ, իր երդումը տված զենքի աստծուն, դառնար դաս, դառնար խոստում, դառնար լույս իր Հակոբ և Լուսինե զավակների կյանքի ճանապարհին: ...Տարիների խորքից հիմա գալիս ենք շիրմիդ, հիշում ու պատմում, լուռ կանգնում ու բարձրաձայն երդվում. - ու եթե հա՛րկ լինի...