Երևանցի կնոջ հարսանեկան զգեստ (Երևանի պատմության թանգարան)

Երևանցի կնոջ 19-րդ դարավերջի հարսանեկան զգեստ, Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցադրվող 19-րդ դարավերջի երևանցի աղջիկների հարսանեկան հագուստ։

Նկարագիր խմբագրել

Հարսի հագուստը իրենից ներկայացնում է մետաքսյա փղոսկրագույն ծաղկանախշերով կտորից զգեստ կրկնակի թևերով։ Հարսնացուն հետը կրել է փղոսկրագույն բուսանախշ կրծկալ և գոտի-գոգնոց,սպիտակ ժանեկազարդ գլխաշոր-քող,սպիտակ գուլպաներ և ասեղնագործ ոտնամաններ։

Երևանյան հարսանեկան հագուստ խմբագրել

Հարսանեկան հագուստը, ունենալով ծիսական  նշանային գործառույթ, միաժամանակ ունի գեղագիտական դեր։ 19-րդ  դարի վերջերիրն Երևանում հարսանեկան հագուստը  կաթնագույն, ծաղկանախշ կտորից կրկնակի թևերով  զգեստ էր, որի տակից հարսը կրել է բուսանախշ լանջակալ, զգեստի վրայից՝ գոտի-գոգնոց, գլխին՝ դրամներով ճակատնոց, վրայից՝ քող, ոտքերին սպիտակ գուլպաներ և ասեղնագործ ոտնամաններ։ Հարսանիքից մի քանի օր առաջ սկսում  էին հարսի ու փեսայի համար նոր հագուստ կարել:Ընդունված ավանդույթի համաձայն հարսի զգեստը տղայի կողմն էր կարում՝ դա վերածելով իսկական արարողության։ Հավաքվում էին բարեկամ կանայք և փեսայի մոր հյուրասիրությունից հետո, նրանցից մի քանիսը վերցնելով սկեսուրի կապած  չոր մրգերով կամ շաքարի կտորներով թաշկինակը,  գնում էին հարսնացուի տուն։ Այստեղ նույնպես հյուրասիրվելով, վերցնում էին հարսի չափերը /գունավոր թելերով/ և վերադառնում էին։ Սկսվում էր զգեստը կարելու արարողությունը։ Սակայն դերձակի մկրատը չէր կտրում մինչև սկեսուրը նրան մի լավ նվեր չէր տալիս, որից հետո վերջինս ձևում էր կտորը, իսկ  բարեկամ կանայք կարում էին։ Պատրաստի հագուստը քահանայի օրհնելուց հետո երգ ու պարով տանում էին խնամու տուն։

Հարսնացուի քող խմբագրել

Հարսնացուի քողը մաքրության, ամոթխածության խորհրդանիշն էր։ Հարսի քողը բարձրացվում էր  առագաստ մտնելու պահին, այն յուրովի սահման էր աղջկա ու կնոջ միջև, որը միայն փեսացուն կարող էր խախտել՝ բարձրացնելով այն։

Քողը հարսնացուին  պահում էր  չար աչքից, այն նորահարսը կրում է  քառասունքի ողջ ընթացքում[1]։

Գոտի-գոգնոց խմբագրել

Գոտին մի մոգական շրջանակ էր, որը կրողին պահպանում էր  ամեն տեսակ չար աչքից ու փորձությունից։ Ամուսնանալուց հետո կանայք պարտադիր կրել են գոտի-գոգնոց։ Գոտի-գոգնոցի վրա  ոսկե թելով (տրեզ) զարդանախշված է կենաց ծառը, որը խորհրդանշում է պտղաբերություն։

Հարսի հագուստի կրծքավանդակի զարդանախշը կոչվում է թակարդ։ Թակարդ է կոչվում քանի-որ նորահարսը հետո պետք դառնա կերակրող մայր, որպեսզի չար աչքը թակարդի մեջ խճճվի ու կերակրող մորը աչքով չտա[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սերիկ Դավթյան,Հայկական ասեղնագործություն
  2. Պողոսյան, Սվետլանա (2006թ.). Երևան։ Հոդվածների ժողովածու՝ նվիրված Երևանի պատմության խնդիրներին. Երևան: Զանգակ. էջեր 171–177. ISBN 99941-2-052-2.
  3. Հայկական տարազ,Հեղինե Փափազյան