Մասնակից:Անահիտ Մկրտչյան/Ավազարկղ2/Անուղղակի արտադրական ծախսումներ

Անուղղակի արտադրական ծախսումներ, ծախսումներ, որոնք սկզբնական փաստաթղթերի հիման վրա չեն կարող վերագրվել արտադրանքի ինքնարժեքին:

Թողարկվող արտադրանքի ծախսումների տակ հասկանում ենք արտադրանքի թողարկման կամ ծառայությունների մատուցման համար ծախսված նյութական, աշխատանքային ռեսուրսները կամ դրամական միջոցները:

Արտադրական ծախսումների դասակարգումը խմբագրել

Արտադրության կառավարման համար անհրաժեշտ է տեղեկատվություն արտադրության ծախսումների մասին, որը հաշվառվում է ըստ ծախսումների հաշվառման օբյեկտների:

Արտադրութան ծախսումների հաշվառումը ճիշտ կազմակերպելու համար պետք է դրանք դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների`

  • Ըստ արտադրության պրոցեսում ունեցած արտադրական դերի ծախսումները բաժանվում են` հիմնականի և վերադիրի:

Հիմնական են կոչվում այն ծախսումները, որոնք անմիջականորեն կապված են արտադրական պրոցեսի հետ (օրինակ` պաշարների արժեքի, իրացման և համախառն շահույթը գնահատելիս օգտագործվող ծախսումենրը):

Վերադիր են կոչվում այն ծախսումները, որոնք կապված են արտադրության կազմակերպման, կառավարման և սպասարկման հետ:

  • Ըստ ինքնարժեքի մեջ ներառելու կարգի ծախսումները բաժանվում են ուղղակիի և անուղղակիի:

Ուղղակի են կոչվում այն ծախսումները, որոնք սկզբնական փաստաթղթերի կամ այլ հիմնավորող փաստարկների հիման վրա կարող են վերագրվել հաշվառվող օբյեկտին (օրինակ` հումքը , նյութերը, վառելիքը և այլն):

Անուղղակի են կոչվում այն ծախսումները, որոնք սկզբնական փաստաթղթերի կամ այլ հիմնավորող փաստարկների հիման վրա անմիջականորեն չեն կարող վերագրվել արտադրանքի ինքնարժեքին (օրինակ` հիմնական միջոցների մաշվածությունը, վարչական անձնակազմի աշխատավարձը և այլն):

  • Ըստ արտադրության ծավալից ունեցած կախվածության ծախսումները լինում են հաստատուն, փոփոխուն, կիսափոփոխուն և այլ ծախսումներ:

Փոփոխուն են կոչվում այն ծախսումները, որոնք կախված արտադրանքի ծավալի փոփոխությունից դրանց համամասնորեն փոփոխվում են (օրինակ` հումքի նյութերի ծախսումները):

Հաստատուն են կոչվում այն ծախսումները, որոնք անկախ արտադրանքի ծավալի փոփոխությունից չեն փոփոխվում (օրինակ`հիմնաան միջոցների մաշվածությունը, իրացման և վարչական ծախսումների մի մասը, որոնք չեն ներառվում արտադրանքի ինքնարժեքի մեջ):

Կիսափոփոխուն են կոչվում այն ծախսումները, որոնք պարունակում են թե հաստատուն, թե փոփոխուն ծախսումների տարրեր (օրինակ` հեռախոսի վճարը, որում աբոնենտային վճարը սահմանված ժամկետի համար հաստատուն է, իսկ ժամկետից հետո ավել օգտագործած ժամանակի համար կատարված ծախսումները փոփոխուն են):

Ըստ կառավարման առջև դրված խնդիրների արտադրության ծախսումները խմբավորվում են ըստ արտադրության տեսակների, ծագման վայրերի և թողարկվող արտադրատեսակների:

  • Ըստ արտադրության տեսակների տարբերում են հիմնական և օժանդակ արտադրության ծախսումները: Ինչպես արդեն նշել ենք հիմնական արտադրության ծախսումներին են վերագրվում արտադրության անմիջական ծախսումները, մինչդեռ օժանդակ արտադրության ծախսումներն ամփոփում են արտադրական անխափան և համաչափ գործընթացն ապահովող օժանդակ արտադրամասերի ծախսումները:

Անուղղակի արտադրական ծախսումների դասակարգումը խմբագրել

Ըստ տնտեսագիտական բովանդակության անուղղակի արտադրական ծախսումները բաժանվում են հետևյալ խմբերի`

  • արտադրական ստորաբաժանումների կառվարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ
  • արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն
  • արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսումներ
  • արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
  • աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ
  • այլ անուղղակի արտադրական ծախսումներ


Անուղղակի ծախսումների հաշվառում խմբագրել

Անուղղակի ծախսումների հաշվառման համար նախատեսված է 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը:

Ելնելով կատարվող ծախսումների նպատակից տրվում են հետևյալ ձևակերպումները`

Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

Կտ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»

Կտ 121 «Ֆինանսական վարձակալութամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

Կտ 132 «Ոչ նյութական ակտվների ամորտիզացիա»

Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կտ 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»

Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորրություններ»

Կտ 211 «Նյութեր»

Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»

Համապատասխան կալկուլացիայի օբյեկտների վերագրված անուղղակի ծախսումների գումարով ձևակերպվում է`

Դտ 811 «Հիմնական արտադրություն»

Կտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

Անուղղակի արտադրական ծախսումների վերագրումը և բաշխումը խմբագրել

Հաշվի առնելով ուղղակի և անուղղակի ծախսումների տարբերությունները` ծախսումների վերագրման օբյեկտի տեսակետից նախընտրելի է, որպեսզի ծախսումները դասակարգվեն և հաշվառվեն որպես ուղղակի, քանի որ դրանք անմիջապես վերագրվում են տվյալ օբյեկտին: Պետք է հաշվի առնել, որ անուղղակի ծախսումների բաշխումը ավելի բարդ գործընթաց է:

Տվյալ ժամանակաշրջանի ընթացքում առանձին արրտադրատեսակի արտադրության համար կատարված ծախսումները ուղղակիի կամ անուղղակիի դասակարգելու համար կան հետևյալ պայմաններրը`

  • արտադրական ծախսումների բոլոր տարրերը պետք է վերագրվեն ծախսումների օբյեկտներին
  • օբյեկտին վերագրվող անուղղակի ծախսումների բաժինը պետք է առավել չափով համապատասխանի այդ ծախսումների` տվյալ օբյեկտի արտադրությանը մասնակցության աստիճանին:

Առանձին արտադրատեսակներին անուղղակի ծախսումների վերագրման գործընթացը այլ կերպ կոչվում է ծախսումների բաշխում: Անուղղակի ծախսումները արտադրատեսակների միջև բաշխվում են գործակիցների օգնությամբ: Այդ գործակիցները սահմանվում են յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվա սկզբին:

Անուղղակի ծախսումների վերագրումը վերջնական օբյեկտներին կատարվում է երեք փուլերով.

  • Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված անուղղակի ծախսումների ընդհանուր հանրագումարը բաշխվում է ծախսումների վերագրման միջանկյալ օբյեկտների` արտադրատեսակների և ծառայությունների ծախսումենրի կենտրոնների միջև:
  • Ծառայությունների ծախսումների յուրաքանչյուր կենտրոնին վերագրված գումարը բաշխվում է արտադրատեսակների ծախսումների կենտրոնների միջև:
  • Արտադրատեսակների ծախսումների բաշխման յուրաքնաչյուր կենտրոնին վերագրված անուղղակի ծախսումների ընդհանուր գումարը բաշխվում է արտադրատեսակի ծախսումի տվյալ կենտրոնով անցնող արտադրատեսակների միջև:

Թողարկվող արտադրատեսակներից յուրաքանչյուրին բաժին ընկնող փաստացի նյութածախսը որոշվում է հետևյալ կերպ.

նախ հաշվարկվում է յուրաքանչյուր արտադրատեսակին թողարկման համար անհրաժեշտ նյութի նորմատիվային ծախսը և նորմատիվային բազայի հիման վրա հաշվարկվում է փաստացի նութածախսի բաշխման գործակիցը:

Փաստացի նյութածախսի բաշխման գործակցը կկազմի.

ԲԳ= (նյութի փաստացի ծախս)/( նյութի նորմատիվային ծախս )

Անուղղակի արտադրական ծախսումների բաշխման գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով`

ԲԳ= (Անուղղակի արտադրական ծախսումներ )/(Ուղղակի արտադրական ծախսումներ)

Արդյունքում յուրաքանչյուր արտադրատեսակի համար հաշվարկված ուղղակի արտադրական ծախսումները բազմապատկելով բաշխման գործակցով կստանանք անուղղակի արտադրական ծախսումները:

Գրականություն խմբագրել

  • Թ. Մովսիսյան «Հաշվապահական հաշվառման վարման առանձնահատկությունները արտադրության ոլորտի կազմակերպութուններում» Երևան, 2006 թվական:
  • Ա. Զ. Սարգսյան, Ռ. Պ. Համբարձումյան,Ա. Մ. Մարջանյան,Ն. Ս. Օգանեզովա և ուրշներ: «Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ» Երևան, Տնտեսագետ 2009
  • Ա. Սարգսյան, «Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների համար», Երևան 2013
  • Ա. Գ. Ճուղուրյան «Կառավարչական հաշվառում: Ուս. ձեռնարկ», Երևան, Տնտեսագետ 2006

Արտաքին հղումներ խմբագրել