Մագնիսակառուցվածքային վերլուծություն

Մագնիսակառուցվածքային վերլուծություն, մետաղից կամ մետաղական համաձուլվածքից պատրաստված կիսաֆաբրիկատների և շինվածքների կառուցվածքի հետազոտման ու հսկման եղանակների համախումբ։ Հիմնված է ֆեռոմագնիսական նյութի մագնիսական բնութագրերի և կառուցվածքի միջև եղած կապի օգտագործման վրա։ Գլխավորապես կիրառվում է ջերմամշակումից հետո պողպատի և թուջի մեխանիկական հատկություններն ու կառուցվածքը որոշելու համար։ Լայն գործածություն ունեն ինդուկցիոն դիֆերենցիալ սխեմայով աշխատող սարքերը, որոնց օգնությամբ փորձարկվող պողպատե դետալի մագնիսական հատկությունները համեմատվում են իբրև էտալոն ընդունված նորմալ կառուցվածքով դետալի մագնիսական հատկությունների հետ։ Այդ սարքերի անսխալ աշխատանքի անհրաժեշտ պայմանը փորձարկվող նմուշների ձևի ու չափերի անփոփոխ լինելն է, մի բան, որ պարտադիր չէ կոերցիտիվ ուժի համեմատական չափման սկզբունքով աշխատող սարքերի համար։ Մետաղի տեքստուրայի հետազոտությունը հիմնված է մագնիսական հատկությունների անիզոտրոպության ն տեքստուրայի կապի վրա։ Մագնիսական անիզոտրոպությունը կարող է չափվել սովորական բալիստիկ մեթոդով կամ, այսպես կոչված, մագնիսական ուժաչափի մեթոդով, որը հիմնականում կիրառվում է գլոցվածքի տեքստուրայի հետազոտման համար։ Կարծր համաձուլվածքներում տեղի ունեցող ֆազային փոխակերպումների հետ կապված պրոցեսներն ուսումնասիրելիս օգտվում են նմուշի հագեցման մագնիսացվածության չափման մեթոդից։ Եթե նախապես հայտնի է յուրաքանչյուր ֆազի հագեցման մագնիսացվածությունը, կարելի է որոշել նաև ֆազերի քանակական հարաբերակցությունը։ Մագնիսակառուցվածքային վերլուծությունը կիրառվում է նաև գունավոր մետաղների համաձուլվածքներում ֆեռոմագնիսական մասնիկների առկայության ստուգման, ապարներում ֆեռոմագնիսական բաղադրիչների հայտնաբերման, պարամագնիսական և դիամագնիսական միացությունների քիմիական բաղադրության հետազոտման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 119