Մագնիսական մոմենտ, նյութի մագնիսական հատկությունները բնութագրող ֆիզիկական մեծություն։ Միմյանցից անփոփոխ l հեռավորության վրա գտնվող երկու մագնիսական լիցքերից (m) բաղկացած պարզագույն մագնիսի (մագնիսական դիպոլի) մագնիսական մոմենտը որոշվում է M=ml առնչությամբ։ Մագնիսացած մարմնի մագնիսական մոմենտը հավասար է մարմինը կազմող տարրական մագնիսների մագնիսական մոմենտների երկրաչափական գումարին։ Մագնիսական մոմենտով օժտված են էլեկտրական հոսանքները, տարրական մասնիկները, ատոմային միջուկները, ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթները։ Հոսանքի մագնիսական մոմենտը համեմատական է հոսանքի ուժի և հոսանքակիր հաղորդչի կոնտուրի ընդգրկած մակերեսի արտադրյալին։ Տարրական մասնիկների մագնիսական մոմենտը պայմանավորված է իրենց սեփական մեխանիկական մոմենտի ՝ սպինի գոյությամբ։ Միջուկի մագնիսական մոմենտն առաջանում է պրոտոնների և նեյտրոնների սեփական (սպինային) մագնիսական մոմենտների, ինչպես նաև միջուկի ներսում դրանց ուղեծրային շարժման հետ կապված մագնիսական մոմենտների գումարումից։ Ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթների մագնիսական մոմենտը պայմանավորված է էլեկտրոնների սպինային և ուղեծրային մագնիսական մոմենտներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 117